Հայացքը սերտորեն կապված է խոսքի հետ և հաճախ է օգտագործվում հաղորդակցվելիս: Մենք աչքերով գնահատում ենք մարդկանց, զգում նրանց վերաբերմունքը շրջապատող երևույթների նկատմամբ, միաժամանակ տեղեկատվություն հաղորդում մեր մասին: Հայացքների լեզուն բազմազան է. «նրա աչքերում ուրախություն է, կյանքի բոց...», «անպատկառության կայծերը անհանգիստ վազվզեցին նրա աչքերով...», «խոժոռ և կրքոտ աչքեր...»: Աչքերում արտացոլվում են մարդու մտքերն ու զգացմունքները: Աչքերով կարելի է «խժռել», «շանթել», «դաշունահարել», գերել, ոչնչացնել և հարություն տալ:
Հաղորդակցվելիս հայացքներ օգտագործելու մանկուց յուրացրած հմտությունները կյանքի ընթացքում չեն փոխվում: Կանայք ավելի հաճախ են օգտագործում բաց, ուղիղ հայացք: Գիտնականների կարծիքով դա բնածին հատկանիշ է, որ աղջիկների մեջ ի հայտ է գալիս վեց ամսականից:
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՆՇԱՆԱԿԵԼ ԶՐՈՒՑԱԿՑԻ ՀԱՅԱՑՔԸ
- Լայն բացված, փայլուն աչքերը վկայում են նրբազգացության, հետաքրքասիրության մասին: Նման հայացքը բնորոշ է աշխույժ, խելացի և գիտակ մարդկանց: Խամրած, կիսափակ կոպերով օտարված հայացքն անտարբերության, հոգնածության կամ ձանձրույթի նշան է, կկոցած աչքերը նշանակում են ուշադրություն, կենտրոնացում, զննում: Նման հայացքը կարող է ընկալվել որպես նենգության ու խորամանկության դրսևորում:
- Ուղիղ հայացքը արտահայտում է հետաքրքրություն, վստահություն, սրտաբացություն:
- Հոնքերի տակից հայացքը, նաև շեղակի հայացքը նշանակում են անվստահություն, իջեցրած գլխի դեպքում` ագրեսիվություն, մարտակոչ, կքված մեջքի դեպքում` խոնարհություն, ծառայելու պատրաստակամություն:
- Երբ զրուցակիցը նայում է վերևից ներքև` գլուխը ետ գցած (վերամբարձ), նշանակում է ցանկանում է իշխել, ղեկավարել:
- Խուսափող հայացքը կարող է արտահայտել անվստահություն, համեստություն կամ մեղավորություն:
Ստի յուրօրինակ ալեփոխարկիչ են բիբերը: Երբ մարդը ճշմարտությունն է ասում, բիբերը ռեֆլեքսորեն լայնանում են, երբ ստում է` սեղմվում են: Փորձեք Ձեր ընտրյալին հարցնել` սիրու՞մ է Ձեզ արդյոք, և նայեք նրա աչքերի մեջ: Ինչ էլ որ պատասխանի, բիբերը ճշմարտությունը կասեն:
Աչքերով հնարավոր է ճանաչել ու զգալ մարդու խառնվածքն ու մտադրությունները: Նրանք կարող են վկայել նաև հիվանդությունների հանդեպ հակվածության մասին, նույնիսկ հնարավորություն տալ ախտորոշել արդեն զարգացող հիվանդությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/4712477820665
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել