Լեգենդն ասում է, որ ամեն հազար տարին մեկ Վիշապը դուրս է գալիս քարանձավից ու վերահաստատում հին, բարի ասպետական կարգը. լափում է գյադագյուդեքին, բերնի հրով խորովում գող-ավազակներին, ու կրկին ասպետական տեսակը պահանջված է դառնում։ Վիշապը վերականգնում է արդարությունը...
Լուսնի կարմրելը Վիշապի արթնանալու նախանշանն է։ Լուսնի կարմրելու երրորդ օրը Վիշապը թևերի կսփռի Քաղաքի վրա, ինչպես արել է արդեն 100,000 տարի։ Էդպես է պատմում ավանդությունը։ Էդպես են պատմում քաղաքի հնաբնակները։
Երրորդ օրն է՝ լուսինը կարմիր է։ Քաղաքի բնակիչները պահարաններից հանել են իրենց տոնական զգեստները։ Սեղանները լի են. շուտով վիշապը կգա, կգա փրկությունը։ Լեղապատառ կփախնեն քաղաքապետարանի բոլոր չինովնիկները, որ օրեցօր ծանրացնում են հարկերի բեռը, դժվարացնում Քաղաքի բնակիչների կյանքը։
Քաղաքապետը հանգիստ է։ Քաղաքապետի տոհմի լեգենդն այլ է։ Քաղաքապետի հայրը, դրանից առաջ՝ նրա հայրը, պապը, պապի հայրը, տոհմի տղամարդիկ պնդել են՝ Վիշապ չկա. Վիշապի լեգենդը հնարել են հնում, դարեր առաջ Քաղաքում իշխած մեկ այլ տոհմի տղամարդիկ, իրենց տոհմի տապալվելուց հետո ետ վերադառնալու հող նախապատրաստելու համար։
…Արևը մայր է մտնում։ Լուսնի կարմրությունը գնալով ավելի ավելի ակնառու է դառնում։ Քաղաքը շունչը պահել է։ Խորհրդավոր գիշերը երկար սպասված անակնկալն է խոստանում։ Նույնիսկ Քաղաքապետը անհանգիստ է. իսկ եթե իր հայրը, պապը, տոհմի տղամարդիկ սխալվե՞լ են...
Թևերի շրշյուն է լսվում, լուսնի ֆոնին նշմարվում է մի ուրվագիծ՝ սկզբում անորոշ, հետո՝ ավելի ու ավելի որոշակիորեն գծագրվող։ Արդեն շատ մոտ է։
«Դե՛հ,- մտածում են Քաղաքի բնակիչները,- բա՛ց վիշապային երախդ, հուրդ թող այրի՛ Քաղաքապետարանի ատելի շենքը»։
«Կաաաառռռռռռռռ, կաաաաառռռռռռռ»... Ագռավ էր։ Սովորական ագռավ։ Կողքի բլրից։
- Զխկու՜մ,- մի պառավի ձայն միայն խաթարում է դրանից հետո շարունակված լռությունը։
Քաղաքը արթուն է մինչև առավոտ։ Հետո հաջորդ գիշերը։ Եվ մյուսը։ Բոլոր գիշերները, քանի լուսինը գեթ մի փոքր կարմրություն ունի։
Դրան հաջորդող առավոտյան քնաթաթախ քաղաքացիները հավաքվում են հրապարակում։ Գալիս են նաև ասպետների խորհրդի՝ ասպետական նշանները կրող անդամները։
- Շնորհավորում եմ, Քաղաքի ազատ բնակիչներ։ Մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես վիշապը եկավ ու թևերը տարածեց քաղաքի վրա։
Քաղաքացիները լուռ են։
- Այս անգամ վիշապը հայտնվեց ագռավի հուժկու կերպարանքով, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցներին մոլորության մեջ գցի, բայց մենք հո տեսա՞նք Վիշապին։ Դո՛ւք բոլորդ տեսաք վիշապին, նրա բերնի հուրը։
- Տեսանք,- ասում է մի երիտասարդ՝ վտիտ բռունցքը վեր պարզելով։
- Վիշապ չկա՛,- ասում է մի տատիկ ու գնում արդեն երեք օր պարաններին կախված ու ագռավների ծերտերից ապականված լվացքը նորից լվանալու։
Քաղաքի բնակիչները ցրվում են տներով։
- Վիշապ կա՛, դուք ուղղաքի չե՛ք կարողանում ճիշտ մեկնաբանել... Վիշապը եկա՛վ ու ցո՛ւյց տվեց իր Վիշապային բնույթը... Վիշապը մեր օգնակա՛նն է, նա այնքան բա՛ն է արել ասպետներիս համար,- չի դադարում բարձրաձայնել ասպետների խոսնակը:- Հազար տարի հետո վիշապն էլի՛ կգա ու էլի՛ կայրի Քաղաքապետարանը իր բերնի հրով...
Հաջորդ օրը մի քանի հոգի իրար պատմում են, թե ինչպես սարերի ետևից դուրս եկավ վիշապն ու մոխրացրեց Քաղաքապետարանի չինովնիկների դաշտերը, կուլ տվեց նրանց մեկ երրորդին։ Պատմում են ու փայլեցնում նոր ստացած ասպետական նշանները... Իսկ ավելի փոքրերը բերանները բաց լսում են մեծերի ահասարսուռ պատմություններն ու աշխատում ոչ մի մանրուք բաց չթողնե՝ իրենցից փոքրերին Վիշապի ու նրա կատարած ավիրածությունների մասին պատմելու համար։
Քաղաքը սպասում է հաջորդ վիշապին…