Armsport.am-ը գրում է.

Աշխարհի 2018 թվականի առաջնությունը եկավ ու անցավ մեկ ակնթարի պես: Մունդիալ-2018-ում մենք տեսանք ամեն ինչ` հույզեր, ապրումներ, հրաշքներ, կորեացիներ, Սենեգալի մարզչին և Վլադիմիր Պուտինին, ով կազմակերպել էր վերջին տարիների լավագույն աշխարհի առաջնություններից մեկը:

Սակայն, ժամանակակից ֆուտբոլում գլխավոր հասկացությունը մեզ ցույց տվեց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը` Դիդյե Դեշամը:

Նախկին անվանի ֆուտբոլիստը բոլորին շատ հանգիստ ու դանդաղ կերպով ասաց` «Էյֆորիայի մեջ մի ընկեք, ֆուտբոլում հաղթում է ուժեղը»:

Մունդիալ-2018-ին Ֆրանսիան մեկնել էր ֆավորիտներից մեկի կարգավիճակով: Գոլառատ, գեղեցիկ, արագ... այսպիսի ֆուտբոլ էին սպասում նրանից, սակայն, Դեշամն ապացուցեց, աշխարհի չեմպիոն դառնալու համար պարտադիր չէ խաղալ հարձակվողական ոճով, պարտադիր չէ գեղեցիկ խաղով գերել երկրպագուներին, պարտադիր չէ խաղալ հարձակվողական ու ռոմանտիկ ֆուտբոլ, պարտադիր չէ ամեն խաղում դարպասին կատարել 28 հարված և վերջպաես, պարտադիր չէ լինել այդքան պաթետիկ և բոլորի կողմից սիրված:

Դեշամը քառամյակի ամենակարևոր ֆուտբոլային իրադարձության ժամանակ ապացուցեց` ներկայիս ֆուտբոլում պետք է լինել պարզապես ուժեղ և վերջ:

«Դեշամը թույլ մարզիչ է», «Նա չի կարող Ֆրանսիային տանել մինչև եզրափակիչ», «Լինելու է նույնը, ինչ ԵՎՐՈ-2016-ում», «Ո՞ւր է Լակազետը, Ռաբիոն և ինչո՞ւ Ժիրու»....

Այս հարցերը միայն սկիզբն էին, որ տալիս էին Դեշամին առաջնությունից առաջ: Նրան չէին քննադատում միայն անշունչ առարկաները, դե իսկ մրցաշարի մեկնարկային անատամ խաղերից հետո ֆրանսիացիների մոտ մեկ հարց էր առաջանում, «լավ, ինչո՞ւ ենք մենք այսքան հարձակվող տարել աշխարհի առաջնություն, եթե պետք է այսքան վատ խաղանք»:

Առաջնությունից առաջ բոլորը հիացած էին Տիտեով, խոսում էին Լյովի՝ հաղթող լինելու մասին, Սամպաոլիի` տակտիակական վարպետ լինելու մասին:

Երևի թե, հուլիսի 15-ի երեկոյան Դեշամը կվերցնի բոլոր այս մարզիչների հեռախոսհամարները, կզանգահարի նրանց, առանց որևէ բառ ասելու լիաթոք կծիծաղի ու վայր կդնի հեռախոսը: Ըստ երևույթին՝ նա ունի դրա թույլտվությունը:

Հարգելիներս, ներկայում հաջողության հասնելու համար պետք է խաղալ մրցակցից լավ, այլ ոչ թե նրանից գեղեցիկ, պետք է ավելի շատ գոլ խփել, այլ ոչ թե ավելի շատ տիրել գնդակին, պետք է ավելի լավ պաշտպանվել, քան գրոհել, և ամենակարևորը` պետք է լինել ավելի արդյունավետ. ահա սա է ժամանակակից ֆուտբոլը: Պետք է ունենալ ավելի շատ բարձրակարգ խաղացողներ, քան մրցակիցը:

Ես համաձայն են, որ Վիդան, Ստրինիչը, Բրոզովիչը և Ռեբիչը հիանալի ֆուտբոլ խաղացին այս մրցաշարի ընթացքում, սակայն Ումտիտին, Գրիզմանը կամ Պոգբան, առանց այդ հիանալի ֆուտբոլ խաղալու էլ դարձան չեմպիոն: Ինչո՞ւ, կրկնեմ. քանի որ նրանք ավելի ուժեղ են և բարձրակարգ:

Որքան էլ որ ցավալի է, որքան էլ որ դիտարժան ֆուտբոլի սիրահարները երեկ տխրում էին Խորվաթիայի համար, փաստը մնում է փաստ` «Լուժնիկիում» երեկ ֆուտբոլ էր, ոչ թե գեղարվեստական ֆիլմ և այդ պատճառով աշխարհի չեմպիոն դարձավ Ֆրանսիան:

Այո, դուք այս ամենը կարող եք համատեղել` խաղալ լավ ու գեղեցիկ, խփել շատ ու տիրել գնդակին, դա կլինի ֆանտաստիկ, սակայն եզակի են այն թիմերը, որոնք կարող են դա անել:

Լիովին համաձայն եմ, որ կարող է լինել հակառակը, ինչպես, օրինակ 2004 թվականին Հունաստանի դեպքում, կամ 2012 թվականին ՉԼ-ում` «Չելսիի» դեպքում, սկակայն ընունեք, որ նման բաները ֆուտբոլում նույնպես եզակի են, քիչ ու լինում են իրադարձությունների անհավանական համընկումների դեպքում:

Մոսկվայում կայացած եզրափակիչը անչափ նման էր Կիևում Չեմպիոնների լիգայի եզրափակչին: Այնտեղ հզոր և մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ «Ռեալը» հանդիպել էր երկրպագուների սրտերը գրաված, հեքիաթային ֆուտբոլ խաղացող ու շատ համակրելի թիմի՝ «Լիվերպուլին»: Արդյունքում կրկին հաղթեց ուժեղը, այլ ոչ թե ռոմանտիկան, այնտեղ կրկին հաղթեց ֆուտբոլը, այլ ոչ թե հոլիվուդյան ֆիլմը, այնտեղ նույնպես ֆավորիտը ավելի լավ չէր խաղում քան մրցակիցը, մոտավորապես նույնը, ինչ Ֆրանսիան Ռուսաստանի խաղադաշտերում: Նրանք երկուսն էլ ավելի շատ օգտագործում էին մրցակցի թույլ կողմերը, այլ ոչ թե իրենց առավելությունները, ինչի շնորհիվ հասան փառահեղ արդյունքի:

Ֆրանսիան այս առաջնության ընթացքում միացրեց իր ամբողջ հարձակվողական ներուժը ընդամենը երկու խաղում:

Արգենտինայի հետ` 57-68-րդ րոպեներին և Խորվաթիայի հետ` 59-65-րդ րոպեներին: Դեշամի ֆուտբոլիստները մնացած բոլոր հանդիպումներում պարզապես խաղում էին ու ոչ մի հեծանիվ չէին հորինում, իրենց չէին պատռում մեջտեղից և նույնիսկ չէին ներդնում իրենց ուժերի 100 տոկոսը:

Նրանք փակում էին մրցակցի ուժեղ կողմերը, առավելագույնս օգուտ քաղում Կանտեից և հույսը դնում Մբապեի արագության վրա, ով նույնիսկ խաղի 90-րդ րոպեին կարող է վազել այնպես, ինչպես Ֆերարին ազատ ճանապարհին: Պարզ, հասարակ թեորեմ, որը Ֆրանսիային հասցրեց փառքի գագաթին: Նրանք կմիացնեին իրենց արագ ֆուտբոլը երբ ցանականային, դա պետք եկավ երկու անգամ, եթե պետք լիներ երեք կամ չորս անգամ, ապա ոչ մի խնդիր չէր լինի:

Բրազիլիա, Բելգիա, Անգլիա... նրանք նույնպես ունեին շատ հզոր կազմ, որակյալ ֆուտբոլիստներ ու համաշխարհային աստղեր, սակայն ոչ Մարտինեսը, ոչ Տիտեն կամ Սաութգեյտն այդպես էլ չհասկացան, որ աշխարհի չեմպիոն դառնալու համար, եթե պետք է պաշտպանվել, ապա պետք է պաշտպնավել, եթե պետք է հաշիվ պահել, ապա պետք է գնալ այդ քայլին, եթե պետք է գրոհել, ապա պետք է դա անել այնքան, որքան պետք է... Դեշամը սա շատ լավ էր յուրացրել, ԵՎՐՈ 2016-ի եզրափակիչն էլ նրան դաս եղավ, որպեսզի Ռուսաստանում ապացուցի` «Ես ճիշտ էի, բոլորդ սխալվեցիք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել