168.am-ը գրում է.

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի 16-ին հայտարարել է ամբողջ աշխարհի՝ «ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Արեւելքի», բայց ոչ ԱՄՆ-ի հետ իր երկրի հարաբերությունների զարգացման կարեւորության մասին:

«Բացառությամբ մի քանի դեպքերի, ինչպիսին ԱՄՆ-ն է, Իրանի հարաբերությունները մյուս երկրների հետ, ինչպես արեւմտյան, այնպես էլ արեւելյան, պետք է ընդլայնվեն եւ զարգանան»,- ասված է Խամենեիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Համացանցի՝ նրա պաշտոնական կայքում։

«Հարկ է հետագայում էլ ուժեղացնել մեր դիվանագիտության գործնական դինամիկան եւ նպատակամիտությունը»,- նշել է Իրանի առաջնորդը:

Դրա հետ մեկտեղ Խամենեին կառավարությանը կոչ է արել վարելու «գործուն եւ դինամիկ» արտաքին քաղաքականություն: «Երկրի տնտեսությունը չի կարող աճել՝ սպասելով, թե եվրոպացիները երբ կառաջարկեն իրենց երաշխիքները»,- ընդգծելէ նա:

Գործողությունների համատեղ համապարփակ պլանը Թեհրանը եւ աշխարհի վեց տերությունները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա – ծանոթ. խմբ.) համաձայնեցրել են 2015 թվականին, 2016 թվականի հունվարին մտել է իրագործման փուլ: Այն նախատեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ այն դնելով միջազգային վերահսկողության ներքո:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարեց Համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին:

Նա խոստացավ ոչ միայն վերադարձնել Իրանի նկատմամբ հին սահմանափակիչ միջոցներն, այլեւ սահմանել նորերը: Հուլիսի 6-ին Վիեննայում կայացած նախարարական հանդիպմանը Ռուսաստանը, ՉԺՀ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հավաստեցին իրենց կողմնակցությունը գործարքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել