Տոթ է։ Ամառվա կեսօր։ Արևը՝ կարմիր շաֆրան։ Արևը՝ դրել է հինա։
Չարենցյան այս տողերը հիշեցի ստեղծված կլիմայական անոմալիայի պատճառով, սակայն դրա մասին չէ, որ այսօր ցանկանում եմ խոսել, ոչ էլ ԸՕ քննարկումների, կամ ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացների, ընդհակառակը՝ ուղղակի այսօր 2018 թվականի հուլիսի 13-ն է, օրը՝ ուրբաթ, ունենք հերթական ուրբաթ 13-ը:
Մի քանի նորահայտ փաստեր և բացահայտումներ այս խորհրդապաշտական օրվա մասով:
Աշխարհի բազմաթիվ երկրներում սնահավատ մարդիկ վախենում են ուրբաթ օրվանից, երբ այն համընկնում է 13 ամսաթվին: Շատերը փորձում են այդ օրը ոչ մի կարևոր գործ չծրագրել: Մինչև 20-րդ դարn արդեն կային վկայություններ այն մասին, թե 13-ն անհաջողակ թիվ է, իսկ ուրբաթ օրը՝ անհաջող օր, սակայն այս երկու նախապաշարմուքների միջև որևէ կապ չկար։ «Ուրբաթ 13-ի» մասին առաջին գրանցված հիշատակումը եղել է 1900-ականների սկզբին։
Մինչև այսօր էլ մարդկությունը հավատում է, որ դա տարվա ամենախորհրդավոր և գաղտնիքներով պարուրված օրն է: Թվի նկատմամբ վախն ունի բավականին հին արմատներ: Ուրբաթ 13-ը այդպիսին համարելու համար հայտնի տարբերակ է «Վերջին ընթրիքը», որին մասնակցել են 13 մարդ՝ Հիսուսը և իր 12 աշակերտները։ Տասներեքերորդը եղել է Հուդան։
Մյուս տարբերակը այն է, որ վհուկների գաղտնի ժողովներում միշտ եղել են 13 մասնակից։ Թեև, սա ոչ միշտ է հավաստի համարվում, բայց հանրությունը իսկապես հավատացել է դրան։ Հավատալիքների համաձայն՝ նման օրերին 12 վհուկներ խրախճանքի են հավաքվում, ամենաթեժ պահին, որպես տասներեքերորդ, հայտնվում է Սատանան։ Աստվածաշնչյան տեքստերի որոշ մեկնաբաններ համոզված են, որ հենց նման օր են Եվան ու Ադամը համտեսել արգելված պտուղը։ Բացի այդ, «ամենասև» ուրբաթ օրը Կայենը սպանել է իր եղբայր Աբելին։ Այսպիսով, հասկանալի է դառնում «սատանայական դյուժինի» նկատմամբ վախը, որը գիտականորեն կոչվում է «տրիսկայդեկաֆոբիա», տարածված է հիմնականում քրիստոնեական մշակույթ ունեցող երկրներում։ Մարդկության շրջանում տարածված կարծիք կա, որ «ուրբաթ 13-ին» խաչվել է նաև Հիսուսը:
Ուրբաթ 13-ը վատ օր է համարվում միջնադարյան թամփլիերների ջարդի պատճառով: 711 տարի առաջ իր գործունեությունը դադարեցրել է Եվրոպայի ամենահզոր և ամենահարուստ կազմակերպությունը՝ Թամփլիերների միաբանությունը։ Լեգենդի համաձայն` 1307 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-ը հրամայում է ձերբակալել տաճարականների միաբանության անդամներին: Նրանց աճող ազդեցությունն ու հարստությունը Վատիկանը դիտում էր որպես սպառնալիք: Ռազմատենչ վարդապետները կառուցում էին ճանապարհներ, վարում պատերազմներ, հովանավորում գոթական ոճով կառուցվող տաճարներ։ Բայց 1307թ-ին նրանք ինչպես առեղծվածային կերպով հայտնվել էին, այնպես էլ անցան պատմության գիրկը։ Նրանց բոլորին ձերբակալում, բանտ են նետում, իսկ հետո վառում ինկվիզիցիայի կրակներում։
Պատմականորեն 13-ը համարվել է անհաջող թիվ և անվանվել «սատանայական դյուժին»։ Շատ ազգերի մոտ, հատկապես՝ անգլիական, գերմանական և լեհական մշակույթներում, «ուրբաթ 13»-ը համարվում է անհաջող օր:
Ի միջի այլոց՝ շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը 13 թվի հետ կապված իր դիրքորոշումն ունի, մինչ օրս ապրում է թիվ 13 տանը, իր հարսանիքը նշել է ամսվա 13-րդ օրը և դեռ երբեք ճակատագրից չի բողոքել: 1926 թվականին օգոստոսի 13-ին, ուրբաթ օրն է ծնվել նաև Կոմանդանտեն: