Կիտրոնն իրականում չափազանց օգտակար, բայց միաժամանակ շատ քիչ սպառում ունեցող մթերք է։ Կիտրոնն ինքնին, այո, շատ թթու է, և ոչ բոլորն են կարողանում այն հենց այնպես ուտել, բայց այն հաճելի համ է հաղորդում, երբ ավելացվում է տարբեր ճաշատեսակների կամ ըմպելիքների։

Ահա մի քանի պատճառ, թե ինչու պետք է ավելի հաճախ կիտրոն օգտագործեք։

Կիտրոնն ու մարսողական համակարգը

Կիտրոնը որոշ չափով կարգավորում է օրգանիզմում ինսուլինի քանակը, ինչը մի փոքր դանդաղեցնում է ուտելիքի մարսման ընթացքը, որի արդյունքում էլ ուտելիքում առկա օգտակար նյութերը ամբողջությամբ են մարսվում։ Այդ պատճառով էլ առավոտյան կամ, առհասարակ, ճաշելուց առաջ շատերը կիտրոնով ջուր են ըմպում։

Կիտրոնն ու լյարդը

Կիտրոնը հարուստ է նաև այնպիսի նյութերով, որոնք հակաբորբոքային ազդեցություն են ունենում լյարդի վրա՝ կանխելով լյարդի հետ կապված հիվանդությունների առաջացումը։

Կիտրոնն ու վիտամին C-ն

Բոլորն էլ գիտեն, որ ցիտրուսային մրգերը մեծ քանակությամբ վիտամին C են պարունակում։ Կիտրոնը ևս բացառություն չէ։ Այն հակաօքսիդանտ է, այսինքն՝ պայքարում է ազատ ռադիկալների դեմ։ Վիտամին C-ն օգտակար է նաև ոսկորների, մաշկի և արյան բջիջների վերականգման համար։

Կիտրոնն ու բերանի տհաճ հոտը

Կիտրոնում առկա թթուները բնական ճանապարհով կարող են վերացնել բերանի վատ հոտը։ Անգամ սխտոր օգտագործելուց հետո մի քանի կտոր լիմոնը կարող է ամբողջությամբ վերացնել սխտորի հոտը։

Մի քանի այլ օգտակար հատկություն

Կիտրոնաջուրը օգնում է ազատվել փորլուծությունից, իսկ ամռանը եթե ցանկանում եք շատ ջուր ըմպել, սակայն չեք կարողանում, ապա ջրի մեջ մեկ կտոր լիմոն գցեք՝ այն ավելի հաճելի ըմպելիք դարձնելու համար։ Թեև միայն կիտրոնի օգտագործումը ձեզ չի ազատի մրսածությունից, բայց վստահ եղեք, որ այն կօգնի հնարավորինս արագ վերականգնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել