Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նոր մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին։

Մասնավորապես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ՝ Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը, Գ.Համբարձումյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկման փուլում է:

Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը, իսկ Գոռ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած 5 անձի ինքնության վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին և 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Եվս մեկ անձ՝ Նոր Արեշի բնակիչ, 1995թ. ծնված երիտասարդը ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով դատավարական կարգավիճակ ունի 7 անձ, որոնցից 5-ը՝ մեղադրյալի, 2-ը՝ կասկածյալի: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել