Tert.am-ը գրում է.

2018-ի երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը սպասվածից բարձր է. սա Կենտրոնական բանկի տվյալներն են, որ չի զարմացնում տնտեսագետ Ատոմ Մարգարյանին: Ավելին՝ նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ տնտեսական ակտիվությունը 8.6 % տոկոս է արձանագրվել մայիս ամսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Ըստ նրա՝ սա աննախադեպ բարձր է, եթե նկատի ունենանք, որ տնտեսական աճի նախորդ տարվա ցուցանիշը՝ 7.5 տոկոս թրենդը, պահպանվում է:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է տեղի ունեցել այս ամիսների ընթացքում, այսինքն՝ նաև հեղափոխությունից հետո, Մարգարյանն ասաց. «Եթե նայենք հիմնական ցուցիչներին, որ առաջին հերթին դրամական շուկայի ինդիկատորներն են, կտեսնենք, որ փոխարժեքը մի շրջանում որոշակիորեն նվազեց՝ դրամը որոշ չափով թուլացավ 486-488 միջակայք, հետո էլի իջավ, բայց մենք տեսնում ենք, որ հիմա ամրապնդվում է, այսինքն՝ փոխարժեքի հետ կապված՝  խնդիր չկա: Մյուսը ՀՀ-ի արտաքին պարտավորություններն են. խոսքը եվրաբոնդերի մասին է, որի փոխարժեքը որոշ չափով ապրիլին բարձրացավ, հետո նորից իջավ, այսինքն՝ որքան ցածր է, այդքան վստահելիության մակարդակը բարձր է: Այս իմաստով կանխատեսելիության, այսպես ասած, օպտիմալացման միտում է: Այս տեսակետից  բոլոր առումներով միտումները կարելի է ասել՝ դրական է»,- ներկայացրեց Մարգարյանը:

Նա նկատեց, որ բանկային համակարգում, երբ նայում ես ներդրումներին կամ խնայողություններին, ապա տեսնում ես, որ բանկային համակարգից որոշակիորեն, ավադների նվազման պրոցես է նկատվում, ինչը նշանակում է, որ մարդիկ այդ օրերին անհանգստացել են: Միևնույն ժամանակ Ատոմ Մարգարյանը մի հետաքրքիր իրավիճակ ներկայացրեց.

«Մի իրավիճակ պետք է ֆիքսենք, որ մարդիկ խզել են իրենց ավանդի ժամկետը, այսինքն՝ ենթադրենք, որ 1-2 տարով  բարձր տոկոսվ ավանդ էր ներդրվել բանկում, բայց ժամկետից շուտ խզել է, սակայն փոխանցել է ընթացիկ հաշիվ կամ պահատուփերում է ի պահ դրել: Ստացվում է, որ այս տեսանկյունից էլ մարդիկ գնահատել են, որ առանձնապես մեծ ռիսկեր չկան, թերևս այս ամենի արդյունքում դրամն, ըստ էության, լուրջ ցնցումների չի ենթարկվել»,- շարունակեց նա:

Ատոմ Մարգարյանը դրական միտումներից նաև արձանագրեց, որ բյուջեի տատանման ցուցանիշներն աճողական միտում ունեն, ավելացել են բյուջետային մուտքերը: Այս ամենի ընդհանուր համագումարը նրան թույլ է տալիս հայտարարել, որ իրավիճակը դրական ազդակներ է հաղորդել շուկաներին, տնտեսական քաղորդներին՝ թե՛ ներքին, թե՛արտաքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել