Հարյուր տարի է՝ քաղաքական միտքը չի աշխատում ուղեղների խցանման պատճառով, ու հիմա զարմացել-սահմռկել են իրականության անողոք պատկերը տեսնելով: Մինչդեռ հենց այս իրականությունը պիտի լիներ, քանի որ այս ժողովուրդն իր ունեցած արժեքներով այլ իրականություն ունենալ չէր կարող:

Տեսեք՝ ինչ է գրվել 1910-ին․

«… Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ ․․․ Դառնանում ու դաժանանում է մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալիս, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում՝ ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են․․․»։

Ուշադիր եղա՞ք՝ ներսից ճիճվի կերած պտուղի նման: Ու նաև պետությունը:

Դե հիմա տեսեք, թե ուրիշ ինչ է ասում այդ նույն հեղինակը․

«Արդ, եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանն էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը»։

Ու հիմա հարց՝ 
- ձեր սրտերում անկեղծ խոստովանե՞լ եք ու ճանաչե՞լ եք մեր դժբախտությունը,
- ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը դրսևորե՞լ եք:

Ոչ մի բան էլ չեք արել հարյուր տարում: Միայն մի բան եք արել՝ անկարող լինելով խորքային վերլուծությունների՝ տրվել եք մակերեսային մտածումներին: Ու այդքանից հետո ուզում էիք այլ իրականություն ունենա՞լ:
Հա, մի բան էլ եք արել՝ շշպռել եք բոլոր նրանց, ովքեր ասել են, որ մեր դարդը հնից է գալիս և հարկավոր է ճանաչել այդ դարդն ու գտնել այն դարմանելու իրական ուղին:

Վաղն էլ եք նույն իրականությունն ունենալու, մյուս օրն էլ, քանի դեռ ձեր սրտերում անկեղծ չեք խոստովանել ու ճանաչել մեր դժբախտությունը ու դրան չի հետևել ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել