Armsport.am-ը գրում է.

24-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը «Բանանցի» հետ գտնվում է Մինսկում, որտեղ երևանյան թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Ֆուտբոլիստը մասնակցել է «Բանանցի»` դեռևս անցկացրած երկու ստուգողական խաղերին Տաշքենդի «Լոկոմոտիվի» (2:2) և ռուսական «Տամբովի» հետ (0:9):

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից «ArmSport.am»-ին հայտնեցին, որ Ղուկաս Պողոսյանի հետ դեռևս պայմանագիր չի կնքվել.

«Ղուկասի դեպքում փորձաշրջան ասելը մի փոքր սխալ կլինի:

Նա մեր ֆուտբոլիստն է եղել, լավ ճանաչում ենք: Ղուկասը մասնակցում է թիմի հավաքին, մարզվում է, բայց պայմանագիր ստորագրված չէ»,- հայտնեցին «Բանանցի» մամուլի քարտուղարությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղուկաս Պողոսյանը հեռացել է բելառուսական «Գորոդեայից», ուր տեղափոխվել էր հենց «Բանանցից» այս տարվա սկզբին:

Պողոսյանի ընտանիքում սպասվում է առաջնեկի ծնունդը և ֆուտբոլիստը հունիսի 20-ին ժամանել է Հայաստան: Բելառուսի նախորդ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել էր 11 հանդիպման:

Լուսանկարները` «Բանանցի» մամուլի քարտուղարության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել