Արդեն մի քանի օր է՝ մեր խմբագրությանը գրում են Շենգավիթ համայնքի բնակիչները՝ բողոքելով ջրամատակարարման խնդրից: Ներկայացվող նամակն այդ բողոքներից մեկն է:

Բաց նամակ «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լֆեին

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Շենգավիթ համայնքում բնակիչները հաշված ժամեր են ջուր են ունեցել։ «Վեոլիա ջուր» ընկերութունն առանց նախազգուշացնելու ջրանջատումներ է իրականացնում անդադար, իսկ հեռախոսային օպերատորները պատճառաբանում են, որ վթար է տեղի ունեցել: Մեր բողոքը տեղ հասցնելու բոլոր ճանապարհները փակ են, բողոքի առավելագույն աստիճանն էլեկտրոնային նամակի ուղարկումն է, որը միշտ անպատասխան է մնում:

Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն հանգամանքին, որ ամբողջ ձմռան ընթացքում նշված թաղամասում ոչ մի ջրանջատում՝ ո՛չ վթարային և ո՛չ պլանային, չի եղել: Եթե խողովակները խնդիրներ ունենային, ֆիզիկայի բոլոր կանոնների համաձայն՝ նրանք պետք է սառը եղանակներին ավելի հաճախ վթարների պատճառ դառնային, քան տաք եղանակին: Ամեն տարի հենց ամռանը սկսվում են Շենգավիթ համայնքի անդադար վթարային անջատումները, ինչը, մեր կարծիքով, այլ պատճառներ ունի (միգուցե լողավազաններ, ձկնային ջրամբարներ լցնելուն է ծառայում): Այն պայմանները, որոնք մեզ համար ստեղծում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, մեզ չեն բավարարում: 40 աստիճան շոգի պայմաններում 24 ժամ անցկացնել տանը եղած մեկ շիշ ջրով՝ անհնար է: Մանկահասակ երեխաների հետ պայմաններն ուղղակի աննկարագրելի են: «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին խնդրում ենք անհապաղ լուծում տալ խնդրին, իսկ ՀՀ նորանշանակ իշխանություններին՝ ՀՀ-ի ջրամատակարարմամբ զբաղվող ընկերությանը վերահսկող մարմին ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել