Ըստ Լեոնարդո դա Վինչիի
Կարապը ճկուն պարանոցը խոնարհեց ջրի հայելու վրա: Նա անթարթ հայացքով զննեց ինքն իրեն: Նայեց, նայեց ու հասկացավ իր մարմնով անցնող ցուրտ սարսուռի պատճառը: Այժմն նա գիտեր և համոզված էր... Ժամը հասել է... Պետք է հրաժեշտ տա կյանքին...
Կարապի փետուրները զարմանալիորեն ձյունաճերմակ էին... Դրանք նույնքան գեղեցիկ էին, որքան ջահելության երազ օրերին... Նա կարողացել էր կյանքի բոլոր փորձություններից ու ձախորդություններից պատվով դուրս գալ...պահպանել փետուրների անաղարտությունն ու վայելչագեղությունը... Եվ այժմ պատրաստ է հանգիստ և արժանապատիվ վերջակետ դնել կյանքին...
Թեքելով գեղանի պարանոցը՝ նա սահեց դեպի լացող ուռին, որի ստվարախիտ հովանու տակ սիրում էր երբեմն հանգիստ առնել ՝պատսպարվելով ամռան տապից...
Երեկոն իջավ... և մայրամուտը լճի հանդարտ ջրերը ներկեց կարմրով...
Իրիկվա խորը լռության մեջ թևածեց կարապի երգը... Առաջ նա երբեք չէր երգել այդքան հոգեցունց... Այդպիսի սրտառուչ անկեղծությամբ և կարոտի կսկիծով... Նա ոգեշնչված երգում էր բնության, երկնքի, ջրի ու հողի հանդեպ տածած իր անշեջ սիրո մասին...
-Կարապն է երգում,-շշնջացին հրաժեշտի երգով հմայված ձկներն ու թռչունները, հանդ ու անտառի մնացած բնակիչները,-մեռնող կարապն է երգում...
Քնքուշ, թախծանուշ երգը դեռ երկար ժամանակ լսվում էր շրջակայքում... և մարեց միայն արևի վերջին շողերի հետ...
Նյութի աղբյուր՝ http://lili-mardastco.blogspot.com/2013/05/blog-post_5559.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել