Yerkir.am-ը գրում է.

Կառավարության նիստից հետո ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մարաշյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մի քանի հարցերի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռաֆիկ Մարաշյանը հարցաքննվել էր ԱԱԾ-ում` մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, մասնավորապես` «Նորֆոլկ Քոնսալթինգի» գործով: Մինչ ՊԵԿ փոխնախագահ աշխատելը` Մարաշյանը աշխատել է որպես ՊԵԿ խոշոր հարկ վճարողների վարչության պետ:

Նա հաստատեց, որ հարցաքննվել է, և պատրաստակամություն հայտնեց` հարցաքննվել այնքան, ինչքան անհրաժեշտ է տվյալ գործի քննության համար: Մարաշյանի խոսքով` հարցաքննվել է, քանի որ ունեցել է որոշակի տեղեկություններ, որոնք վերաբերել են հարուցված քրեական գործի շրջանակներում առնչվող հարցերին:

Հարցին` արդյո՞ք հարկային մարմինները տեղյակ են եղել 11 ցանցային սուպերմարկետներում ԱՁ –ներով մեքենայություններին, Մաշադյանը պատասխանեց. «ՊԵԿ-ը որևէ կազմակերպության հարկային արտոնություն չի տրամադրել, հարկերի պակաս հաշվարկման առումով պայմանավորվածություն ձեռք չի բերել, մենք վարչարարություն չենք իրականացրել այն սուբյեկտների մոտ, ովքեր մեկ տարածքում գործել են 2 և ավելի կազմակերպիչների կողմից: 11 սուպերմարկետներին նման արտոնություն չի տրամադրվել»:

Մարաշյանը անդրադարձավ նաև «Աստղիկ» ԲԿ-ին` ասելով, որ այնտեղ խնդիրներ են հայտնաբերվել աշխատողների իրական թիվը, աշխատավարձերի իրական մեծությունը գրանցելու հետ կապված:

«Այս ոլորտում աշխատանքներ են իրականացվում։ «Աստղիկ» ԲԿ-ն օրեր առաջ ՊԵԿ է ներկայացրել ճշգրտված հաշվարկ, որի արդյունքում շուրջ 38 միլիոն դրամի լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել»,– ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել