Նախորդ մասը՝ այստեղ
Լույսի երկար, ուղղանկյուն ճառագայթները, որոնք ներս էին ընկնում գմբեթի վրայի չորս նեղ պատուհաններից, կարծես Այլիսինը չէին, այլ սփռվում էին ինչ-որ հեռավոր, անհասանելի աշխարհներից: Իսկ գմբեթի վրա վերջերս առաջացած ճեղքից ընկնող լույսից եկեղեցու ներսում անդրշիրիմյան աշխարհի միստիկ տպավորություն էր ստեղծվում:
Երեխա ժամանակից Սադայային հաճախակի էին այցելում երազներ, որոնցում նա տեսնում էր քարե աստիճանները, որոնք սկսվում էին գետի ակունքից և ձգվում էին վեր, դեպի եկեղեցի, այդ աստիճանների տակից սկսվող քարե հրապարակն ու այդտեղից գետի կտրուկ ափը ձգվող սալարկված նեղ փողոցը: Բայց այդ օրը, երբ նրանք բժիշկ Աբասալիևի հետ վերադառնում էին չհաջողված ճանապարհորդությունից, Սադայային թվաց, թե նա առաջին անգամ է տեսնում թե՛ եկեղեցին, թե՛ մինչև եկեղեցին ձգվող քարե ճանապարհները, թե՛ քարե պատերը և թե՛ այդ տարօրինակ, հին, ամբողջ Վուրագիրդի միակ փողոցը: Հեքիաթի կամ երազի նմանվող ինչ-որ բան կար այդ ժամանակ Սադայայի տեսած այլիսյան հինավուրց թաղամաս Վուրագիրդի տեսարանների մեջ, իսկ Այլիսում հայտնի Պեսմիս (հոռատես) Գուլուն, որը հետուառաջ էր քայլում իր տան դարպասների մոտ և բարձրաձայն խոսում ինքն իր հետ, նրա հոգում ավելի էր խորացնում այդ տեսարանին համահունչ միստիկ տրամադրությունը:
Գուլուն բացարձակապես չէր փոխվել: Երբ նրա նոպաները սկսվում էին, նա միշտ դուրս էր գալիս տանից, պտտվում էր դարպասների մոտ ու առավոտից երեկո փրփուրը բերանին բարձրաձայն ու անդադար խոսում էր ինքն իր հետ: Իբր ինչ-որ մեկն ամեն օր թույն է լցնում դեպի իր բակ հոսող առվակը: Հենց այդ «վնասատուներին» էլ Գուլուն ամեն օր հայհոյում էր: Նա ահավոր անեծքներ էր տեղում այն երեխաների գլխին, որոնք քար էին նետում իր բակ կամ բարձրանում էին իր տան կտուրը: Սպառնում էր երիտասարդ տղաներին, որոնք իբր թե վաղուց և կրքոտ փորձում էին գայթակղել իր կուզիկ կնոջն ու պառաված հիվանդ աղջիկներին: Բժիշկ Աբասալիևը գրպանից թղթադրամ հանեց և մտցրեց Գուլու գրպանը: Սա լռեց և երկար, զարմացած նայում էր բժշկին:
- Ի՞նչ է, Գուլու, չճանաչեցի՞ր ինձ, - հարցրեց բժիշկը:
Պեսմիս Գուլուն մի քիչ մտածեց, հետո հանկարծ թփթփացրեց բժշկի ուսին և ասաց.
- Դու Զուլֆին ես, չէ՞: Իսկ քո հետինին էլ իսկույն ճանաչեցի: Դեռ երեխա ժամանակ նա ամեն օր անգործ ֆռֆռում էր էստեղ:
Գուլուն ուժեղ ցնցեց բժշկի ուսը:
- Լսի՛ր, Զուլֆի, իսկ դու ո՞նց հայտնվեցիր այստեղ:
- Դե, ահա, եկել եմ տեսնեմ, թե դու ո՞նց ես: Գլուխ հանու՞մ ես քո ջիներից, - պատասխանեց Աբասալիևը աննկատ աչքով անելով Սադայային, - դե, Պեսմիս, ի՞նչ են նրանք քեզ նորից շշնջում: Միայն գիշե՞րն են գալիս, թե՞ ցերեկն էլ են քեզ տանջում:
- Այ թե բան գտավ խոսելու, - զայրացավ Գուլուն: - Եվ դեռ բժիշկ է իրեն անվանում:
- Ուրեմն ի՞նչ, ջիների հետ վերջացրել ես: Իսկ բակում ինչ-որ բան ցանե՞լ ես:
- Իհարկե ցանել եմ, ինչո՞ւ չցանել, - բարձր հայտարարեց Գուլուն և անմիջապես փոխեց խոսքը, - բայց մի՞թե այդ սրիկաներն ինչ-որ բան են թողնում ցանածից հավաքելու:
- Բա ասում ես՝ ջիները հեռացե՞լ են:
- Կհեռանան, բա ոնց: Բոլոր նրանք, որ այստեղ ապրում են, ջիներից հազար անգամ վախենալու են:
Պեսմիս Գուլուն ոտքով բացեց դարպասը:
- Տե՛ս, հիացի՛ր ինքդ: Այդ սրիկաներն իմ ջրի մեջ թույն են լցրել, և իմ բոլոր ծառերը չորանում են:
Սադայան դարպասից ներս նայեց: Ծառերը հիմնականում ծիրանենիներ էին, մի քանի խնձորենի, տանձենի, նշենի և դեղձենի: Բալենուն կապված էր մի այծ՝ ծնկից ներքև իջնող մորուքով: Պատի մոտ աճող բարբարիսի թփերի մոտ մի քանի հավ իրենց ճտերի հետ հողն էին փորփրում: Իմիջիայլոց, ծառերից և ոչ մեկը չորացողի նման չէր:
- Դու գիտես, տղաս, սա հին գիժ է, - ասաց բժիշկ Աբասալիևը, երբ նրանք Գուլուի դարպասներից հեռացան: Սալարկված փողոցով ներքև գնալով, աչքը չկտրելով շրջապատող տներից՝ բժիշկը սկսեց Սադայային պատմել մի անսպասելի, զարմանալի, հրեշավոր պատմություն:
- Ես քեզ մի բան կպատմեմ, երիտասարդ, բայց դու ինձ գժի տեղ չդնես: Այստեղ՝ Այլիսում, իսկապես շատ ջիներ կան: Ջիներ ասելով ես հիմա ի նկատի ունեմ հոգիներին: Գիտե՞ս՝ ում տանն է ապրում Գուլուն: Այստեղ մի ժամանակ ապրում էր Մինաս անունով մի հայ քարտաշ: Հին ժամանակներից ի վեր նրա նախապապերն էլ էին քարտաշներ: Շատ եկեղեցիների տաշած քարերը հենց նրանց գործն է, և Մինասն էլ էր մանկուց աշխատում քարերի հետ. պատրաստում էր գերեզմանաքարեր, աստիճաններ, ջրաղացի քարեր և այլ տարբեր բաներ: Այս շեղված Գուլույի պապը՝ Աբդուլան, նույնպիսի ծույլ և անբան մարդ էր, ինչպես ինքը՝ Գուլուն: Շուկայում բեռնակրություն էր անում, գետակից ջուր էր կրում թեյարանների համար, ինչ-որ գրոշներ էր աշխատում և դրանով բավարարվում էր: Բայց երբ այնպես պատահեց, որ Ադիֆ Բեյը հրամայեց Այլիսի հայերին կոտորել, այդ բորենի Աբդուլան հանկարծ խիզախություն ձեռք բերեց, վերցրեց կացինն ու վազեց դեպի Մինասի տուն: Մինասը հանգիստ նստած քար էր մշակում: Այդ փողոցային Աբդուլան թռցրեց Մինասի գլուխը, հետո չխնայեց ոչ խեղճի կնոջը, ոչ էլ երեխաներին: Դե խնդրեմ, բարի եղիր, ասա՝ ինչպե՞ս կարող է այդ Գուլուն հանգիստ ապրել Մինասի տանը: Երդվում եմ Աստծով, չի կարող: Տանջահար արված Մինասի հոգին երբեք նրան հանգիստ չի տա: Աստված այնքան մոռացկոտ չի, որ այդպիսի հրեշավոր սրիկայությունը ների:
Վուրագիրդու միստիկ տեսարանը կարծես թե ուժեղ տպավորություն էր թողել նաև բժիշկ Աբասալիևի վրա: Նա հաճախ կանգնում էր, հազարավոր տարիների ընթացքում հղկված գետի քարերով սալարկված փողոցն էր ուսումնասիրում: Անսահման զարմանքով ուսումնասիրում էր ավերվող և քանդվող հին տները: Հնարավոր է, որ հենց այդ օրը՝ Պեսմիս Գուլուի հետ խոսելուց հետո, հոգեբանին հատուկ կողմնապահությամբ որոշեց հետազոտել և հիմնավորել իր գիտակցության մեջ բուն դրած վիճելի մտքերը:
- Այլիսյան բոլոր այն ընտանիքներում, - բորբոքված ու ինչ-որ տարօրինակ ձայնով սկսեց նա, - որոնք գրավել են հայկական տները, կան հոգեկան հիվանդներ: Ես որպես բժիշկ եմ ասում դա: Երբևէ տեսե՞լ ես դու այդ տներից թեկուզ մեկում խաղաղություն: Եթե չես հավատում, եկ հաշվենք Վուրագիրդուց ներքև բոլոր տները: Արի սկսենք Քարե եկեղեցու կողքին կանգնած Միրիք Մուզաֆարի տանից: Ոչ ինքը, ոչ էլ իր կինը հոգեկան հիվանդություններ չունեն, որովհետև այն տները, որտեղ նրանք երկուսն էլ ծնվել և մեծացել են, գրավված չեն հայերի կոտորածների ժամանակ: Բայց նայի՛ր, թե ինչպիսին են նրանց երեխաները: Բոլորը հոգեկան հիվանդներ են, և, իմիջիայլոց, տառապում են դասական տիպի շիզոֆրենիայով: Ես ժամանակին իմ մոտ հիվանդանոցում բուժել եմ Մուզաֆարի երկու աղջիկներին և բուժել եմ, ինչպես հարկն է: Հիմա դու կարող ես փողոցում նրանց հանդիպել աղբյուրի մոտ: Նրանք հիվանդ գառնուկների տեսք ունեն. ոչ մեկին չեն բարևում, ոչ մեկի հետ չեն խոսում, որովհետև այդ հիվանդությունն անբուժելի է: Ես կարծում եմ, որ դա ոչ թե հիվանդություն է, այլ պատիժ: Պատիժ՝ ուղարկված մարդկանց Աստծո կողմից, գործած աններելի սխալների համար:
Դու տեսնո՞ւմ ես՝ ինչ վիճակում է նրա թոռը: Թռնում է ցանկապատների վրա և քարեր է նետում անցորդների վրա: Հիմա նայիր՝ հայերից խլած մյուս տներում ինչ է կատարվում: Պառավ Բեյազի տղա Գաֆիլը արտաքինից նորմալ մարդ է, բայց նա էլ է շիզոֆրենիկ: Օրերս կանգնեցրեց ինձ փողոցում և մի ամբողջ ժամ պատմում էր, թե ինչպես Մուհամեդը սև ձիով բարձրացել է Սինայի լեռան վրա Ալլահին հանդիպելու համար: Դե լավ, թողնենք հոգեկան հիվանդներին: Այլիսցի ոչ մի մարդ, որը մտադրվել էր այն ժամանակ իր կյանքը բարելավել հայերին բռնության ենթարկելու հաշվին, մինչև հիմա հանգիստ չունի: Ինքդ էլ լսում ես, թե ամեն երեկո ինչպես են գոռգոռում և կռվում Գազանֆերի երկու տղաները, որոնք խլել էին մուղդուսի Ալեքսանի տունը: Այդ եղբայրները պատրաստ են իրար կոկորդ կրծել: Ահա այդպես էլ նրանք պատասխան են տալիս իրենց ծնողների կատարած մեղքերի համար: Բոլոր նրանց հոգիները, ում մենք տանջել ենք, մեզ հանգիստ չեն տալու: Մսագործ Մամեդաղը, որը փողոցում դանակով մորթել էր տեր հայր Մկրտիչի աղջկան: Ես նրան ծեր չեմ տեսել: Ինձ պատմել են, որ նա սատկել է շան նման. սկզբում ամբողջովին կուրացել է, հետո նրան ինսուլտ է խփել, բերանը ծռվել է մինչև ականջները, բացի այդ սրիկան տանջվում էր փորկապությունից: Երբ նա զուգարանում տանջվում էր, տնքոցները մինչև Զանգեզուր էին հասնում: Հիմա էլ յուրաքանչյուրը պատրաստ է թքել նրա գերեզմանին: Մի խոսքով, երիտասարդ, ես չեմ հավատում, որ այստեղ նորից լավ ժամանակներ կգան: Եվ ինչպես տեսնում եմ, ոչ մի այլիսցի էլ չի հավատում:
Մի քիչ հեռանալով Գուլուի բակից՝ բժիշկ Աբասալիևը բացեց առաջին պատահած դռնակը, մտավ ներս:
Տանտիրուհին՝ ծեր Նուբարը, նստած էր պատշգամբում, բուրդ էր ջոկում, բարձրաձայն խոսում էր ինքն իր հետ: Տեսնելով հյուրերին՝ նա սրտանց ուրախացավ.
-Մտեք, մտեք,- ողջունեց նա նրանց,-բարի գալուստ, ո՞նց է որ ինձ հիշեցիր, բժիշկ: Ասում են՝ դու մեկ ամիս է՝ այստեղ ես, իսկ ես քեզ նոր եմ տեսնում:
-Իսկ ո՞վ է մեղավոր, չէ՞ որ դու տանից դուրս չես գալիս, որտե՞ղ քեզ տեսնեմ,- բժիշկ Աբասալիևը նայեց շուրջը,- փառք Աստծո, քո բակը գեղեցիկ է և լիուլի ջուր էլ ունես:
-Թող Տերը քեզ էլ լիուլի ուրախացնի, Զուլֆի եղբայր: Քանի ուժերս ներում են, հետևում եմ տնտեսությանս: Եվ հուրախություն մեզ, ջուրը այս տարի բոլ-բոլ է, շատ ավելի լավ, քան նախորդ տարի: Այ, հիմա կվառեմ ինքնաեռը և թեյ կտամ:
-Մի անհանգստացիր, մենք արդեն գնում ենք: Մի րոպեով մտա՝ տեսնելու, թե ինչպես ես ապրում: Դեռ մենա՞կ ես:
-Մենակ եմ, բժիշկ, մենակ,- խղճալի ձայնով ասաց ծեր Նուբարը:- Աղջիկներիցս մեկին կորցրել եմ, երբ դեռ փոքրիկ աղջնակ էր, սիրահարվել էր մի անառակի, հիմարաբար կերոսին էր լցրել իր վրա և հրկիզվել: Երկու աղջիկս հեռու են ամուսնացել, իսկ տղաս ինչ գնաց և ամուսնացավ ռուսի հետ, այստեղ այլևս չի երևացել:
Պառավ Նուբարը զարմացավ:
-Իսկ դու հիշո՞ւմ ես այս տանը ապրող հային:
-Առաքելն էր, ինձնից լավ գիտես: Եվ ոնց որ երեկ լիներ, երբ նրա կին Էսխին նետվեց ժայռից: Ի՜նչ գեղեցիկ էր, հիշո՞ւմ ես՝ ոնց էր երգում հարսանիքներին: Եվ իրենց, և մեր՝ մահմեդական... Թող անիծվի այդ Ադիֆ բեյը: Երբ նրա զորքը մտավ Այլիս, խեղճ Էսխին լրիվ խելքը գցեց: Դու հիշում ես, չէ՞: Ամեն օր հենց արևը մայր էր մտնում, նա Խիշքեշանում էր, բարձրանում էր ժայռին և լաց լինելով բարձր երգում էր.
«Ադիֆ բեյ, մի խփիր մեզ, մի խփիր,
Մենք Այլիսի ծաղիկներն ենք, խղճա...»
-Իսկ ո՞վ է այս տանը սպանել Առաքելին,- անվստահ հարցրեց Աբասալիևը:
- Բայց Առաքելին տանը չեն սպանել, բժիշկ,-զարմացած պատասխանեց պառավը,- Առաքելին իր հողամասում սպանել է օձ բռնող Աբդուլլայի տղան: Ես գիտեմ, թե դու ինչ նկատի ունես, բայց այս տանը ոչ մեկի արյունը չի թափվել:
Բժիշկը լրջորեն մտահոգվեց.
-Գուցե,- ասաց նա,-հա, ոնց որ թե սխալվել եմ, իսկ դու, ասում ես, ո՞ւմ հետ էիր խոսում, երբ մենք մտանք:
- Դե ես ո՞վ ունեմ, որ խոսեմ,- պառավ Նուբարի աչքերում արցունք հայտնվեց,- մենակ ինքս ինձ հետ եմ խոսում:
Պառավ Նուբարի արցունքները հուզեցին բժիշկին:
- Իսկ դու հավատո՞ւմ ես հոգիներին, Նուբար,-հարցրեց նա դողացող ձայնով:
-Հավատում եմ, բժիշկ, այնպես, ինչպես Ալլահին ու Մարգարեին: Չէ՞ որ հոգիներն են մեզ հասցրել այս կյանքին, Զուլֆի, ցավդ տանեմ: Դու հիշո՞ւմ ես մարաղացի այն պարսիկին: Հիշո՞ւմ ես՝ ինչ ասաց նա իր վերջին այցին, դեռ մինչև հայերի կոտորածը, այն մարաղացի վաճառականը, որ հաճախ էր գալիս այստեղ տարբեր համեղ բաներ՝ խուրմա, ծամոն, թուզ, համեմունքներ վաճառելու. «Քանի դեռ ուշ չէ, հեռացեք այստեղից, մարդ չի կարող ապրել այնտեղ, որտեղ այսքան վիշտ կա, այսքան գերեզման»: Նուբարը արցունքների միջից ժպտաց, հետո այնքան ծանր ու խորը տնքաց, որ նրա ծերունական կրծքից խռպոտ, երկար հոգոց դուրս թռավ,- բայց, ճիշտն ասած, Զուլֆի եղբայր, Այլիսի մուսուլմանները թեկուզ 1000 տարի էլ ապրեին, երբեք ոչ մի ցավ չէին պատճառի իրենց վաղեմի հարևան հայերին: Այդ անիծված Ադիֆ բեյի հրամանից հետո հանկարծ նրանք դաժանացան, ագահացան: Եթե քո հայրը՝ Հաջի Հասանը, այստեղ լիներ, գոնե կամաչեին նրանից և չէին թալանի հայերին: Հինգ - վեց չարագործներ, վաղուց աչք դրած նրանց ունեցվածքին, ձեռքերը արյունոտեցին հայերի արյունով:
Պառավ Նուբարի պատմությունը բժիշկ Աբասալիևը այնպիսի ուշադրությամբ էր լսում, կարծես դա իր համար նորություն էր: Չնայած մի քանի օր առաջ ինքն էր Սադայային պատմում այդ պատմությունը և հենց այդ մանրամասներով: Նուբարը Այլիսի բնակչության ավագ սերնդից էր, բայց Այլիսում հայկական ջարդերը իրենց աչքով տեսած միջին սերնդի ոչ թիչ թվով մարդիկ էլ կային: Այդ կոտորածների մասին ամեն մեկը պատմում էր իր ձևով՝ ելնելով մարդու և մարդկայնության մասին իրենց պատկերացումներից: Բայցևայնպես, այդ իրադարձությունների վկաները չէին թաքցնում իրենց տեսածը: Տարբեր մարդկանց պատմություններում նույն փաստերն էին կրկնվում, թե ինչպես է սկսվել, ինչպես վերջացել... Այստեղ մարդկանց կարծիքները համընկնում էին: Որպեսզի հայ բնակչությունը ոչինչ գլխի չընկնի, Ադիֆ բեյի 30-40 հեծյալներ վաղ առավոտյան անցան հայերի և մահմեդականների տներով և հայտարարեցին, որ այսօր զինադադար է կնքվելու, դրա համար բոլորը շտապ պետք է հավաքվեն ինչ-որ հայի տան բակում: Երբ ժողովուրդը հավաքվեց նշված տեղում, զինվորները առանձնացրին մահմեդականներին ու հայերին և ՛շարեցին բակի տարբեր ծայրերում: Հանկարծ ինչ-որ տեղից լսվեց՝ կրակ, և ամեն կողմից թուրք զինվորները սկսեցին կրակ տեղալ հայերի վրա: Շատերը հենց տեղում մեռան, իսկ ովքեր վիրավոր էին, նրանց կոկորդները կտրեցին կամ սրերով սպանեցին:
Շարունակելի



