«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամար­տության խաղաղ կարգավորման օգտին... Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարա­բերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի խոսքերն ու ցան­կությունը՝ խաղաղ ապրելու մասին, իհարկե, գնում են լարման ճանապարհով: Մենք պետք է ամեն ինչ անենք այդ ճանապարհը կանխելու համար: Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցո­ղական դիրքորոշում է որդեգրել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ»,- ըստ «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալության՝ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:

Այս հայտարարությունը հերթապահ ու շարքա­յին հայտարարություն չէ՝ հատկապես հաշվի առ­նելով այն տարածաշրջանային ու ռազմաքաղա­քական համատեքստը, որում հնչել է դա:
Իսկ իրավիճակն իսկապես բավական մոտ է պայթյունավտանգին: Ադրբեջանը նորանոր ուժեր է կենտրոնացնում սահմանի նախիջևանյան հատվածում, անցած շաբաթ էականորեն ավե­լացրել է հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերը, և ամենակարևորը՝ անցած շաբաթ ադրբեջանական ուժերը դիմել են դիվերսիոն փորձի, որը, բարեբախտաբար, Լեռնային Ղա­րաբաղի պաշտպանության բանակի ուժերը կանխել են:

Ահա այս իրադարձությունների ֆոնին ռուս բարձրաստիճան պաշտոնյան հանդես է գալիս իրավիճակի սրումը դատապարտող հայտարա­րություններով և ոչ ավել-ոչ պակաս՝ ոչ միայն չի դատապարտում Ադրբեջանի ակնհայտ նախա­պատերազմական քայլերն ու ռազմական հռետորաբանությունը, այլև Ադրբեջանի կեցվածքը որակում է որպես «ճիշտ և կառուցողական»: Սա այլ կերպ, քան Ադրբեջանին պատերազմ սանձազերծելու հարցում տրված ռուսական կանաչ լույս՝ դժվար է որակել:

Պատկերացնել կարելի է, թե ըստ ռուսական իսթեբլիշմենթը՝ Ադրբեջանի ո՞ր գործողություննե­րը կորակվեին սխալ և ապակառուցողական, երբ «ճիշտ ու կառուցողական» են որակվում ակն­հայտորեն պատերազմի նախապատրաստվե­լուն ուղղված գործողությունները, երևի Երևանի գրավումը, ինչպես բազմաթիվ անգամ սպառնացել է Ադրբեջանը:

Շատ կարևոր է այս հայտարարության ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական համատեքս­տը: Բանն այն է, որ անցած շաբաթվա ընթացքում մի քանի կարևոր իրադարձություններ տեղի ունե­ցան Հայաստանի՝ արևմտյան քաղաքականու­թյան ուղղությամբ: Հունիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերու­թյան խորհրդի անդրանիկ նիստը, որից հետո ԵՄ-ն պաշտոնական հաղորդագրության ու ԵՄ ար­տաքին հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մակարդակով իր անվերապահ աջակցությունը հայտնեց Հայաստանի, ինչպես սկսված ներքին բարեփոխումների իրականաց­մանը, այնպես էլ արտաքին քաղաքական կարևորագույն ուղղություններով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով. ԵՄ-ն վերահաստատեց հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու քաղաքականությանը:

Այս իրադարձությունների ֆոնին հայտնի դարձավ, որ հուլիսի սկզբին ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Բրյուսել, որտեղ մի կողմից՝ նախատեսված են նրա բարձր մակարդակի հանդիպումները ԵՄ ղեկա­վարության հետ, մյուս կողմից՝ Փաշինյանը մաս­նակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ահա այս երկու կարևորագույն այցերի մասին տեղեկու­թյունները լրացրեցին արևմտյան ուղղությամբ Հայաստանի համար ստեղծված նպաստավոր միջավայրը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել