Armtimes.com-ը գրում է.

Գյումրու Հանեսօղլյան փողոց 6 հասցեում բռնկված հրդեհն առաջինը զգացել է քնած հարեւանը: Կոտրվող փայտերի ձայնից արթնացել, դուրս է եկել բակ եւ տներին հարակից խորդանոց-խոհանոցները բոցերի մեջ է գտել: Արագ զանգել է հրշեջ-փրկարարներին:

Այնուհետ այրվող խորդանոցում տեսել է  իր հարեւան Ժոռային, դուրս է բերել նրան եւ զանգել շտապբուժօգնություն: Տուժածը մարմնի 50 տոկոս այրվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: 1940 թվականին ծնված քաղաքացին ստացել է  գլխի, պարանոցի ,իրանի, վերին երկու զույգ վերջույթների ջերմային այրվածք: Ժոռա Արեստակեսյանը հոսպիտալացվել է  այրվածքային շոկ ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում իրականացվել է ինտենսիվ, թերապեւտիկ եւ հակաշոկային միջոցառումներ՝ տուժած քաղաքացուն ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերելու եւ Երեւան տեղափոխելու համար,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց  «Գյումրի» բկ վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Աշոտ Քաբաբյանը:Հասցեն, որտեղ բռնկվել է հրդեհը, Կումայրի պատմական միջուկի բուն կենտրոնում է գտնվում: Հանեսօղլյան 6-ում 3 առանձին բնակարաններ կան, որոնց խորդանոցներն ու խոհանոցները գտնվում են տներից դուրս, բակում, եւ միմյանց կիպ են կառուցված: Այդ պատճառով էլ հավանաբար հրդեհն արագ է տարածվել: Դրանից բացի, ըստ  Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանի, այրված տարածքներում ընտանիքները տարիներ շարունակ հավաքել ու պահել են իրենց պետք չեկող իրեր: Մոտ 100 քմ մակերես է ընդգրկել հրդեհը:

Հրդեհի առաջացման  պատճառների մասին մասնագետները դեռ խոսել չեն կարող: Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել ու դուրս է հանվել կենցաղում օգտագործվող գազի բալոն: Բայց պայթյուն չի եղել, նման տեղեկություն չունենք,-ասաց Կարեն Եղշատյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել