Համաձայն լեգենդի՝ հնում Աստված տարածքները բաժանել է ազգերի միջև: Այդ ընթացքում նա առանձնացրել է քարերը հողից և առանձին վայրում պահել դրանք: Երբ աստված հիշել է հայերի մասին, բոլոր հողերն արդեն բաժանված են եղել: Հայերը ստիպված են եղել բնակություն հաստատել հենց այն վայրում, որն ամբողջությամբ քարերով էր պատված: Սակայն տաղանդավոր ազգն անգամ այսպիսի տարածքն է կարողացել հօգուտ իրեն օգտագործել և յուրօրինակ լուծում է գտել՝ սկսել է խաչքարեր պատրաստել: Հայկական խաչքարային արվեստն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Հնարավոր չէ Հայաստանում գտնել այնպիսի վայր, որտեղ չլինեն խաչքարեր: Դրանք իրապես Հայաստանի խորհրդանիշն են համարվում:

Ի՞նչ է խաչքարը

Խաչքարն իրենից ներկայացնում է պատվանդանի վրա կանգնեցված սալաձև խաչարձան: Դրանց նախատիպերը հանդիսանում են «վիշապները»՝ ուղղահայաց քարե սալերը, որոնք Հայաստանի տարածքում պահպանվում են մինչ օրս: Դրանք կանգնեցվել են տարատեսակ նպատակներով:

Երբ 301 թ. քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ճանաչվեց, այդ ժամանակից ի վեր խաչեր սկսեցին պատկերել պատվանդանների վրա: Առաջին քրիստոնյա երկրում նոր կրոնը խորը արմատներ գցեց: Խաչքարերը սկսեցին տեղադրվել եկեղեցիներում, վանքերում, գերեզմանոցներում, լեռների ստորոտներին, ճանապարհներին: Դրանք նվիրվում էին պատմական կամ ռազմական կարևոր իրադարձությունների:

Վարպետները խաչքարեր կերտում էին նաև հենց կանգուն ժայռերի վրա, ինչպես, օրինակ, Գեղարդի վանքում:

Խաչքարը՝ որպես խորհրդանիշ

Ներկայիս Հայաստանի տարածքում հաշվվում են ավելի քան տասը հազարավոր խաչքարեր: Ստեղծարար երևակայությունը, որն ունեցել են խաչքարեր կերտող վարպետները, ուղղակի անսահման է: Դժվար է պատկերացնելը, սակայն չկան երկու խաչքարեր, որոնք նույնն են. յուրաքանչյուր խաչքար տարբերվում է մյուսներից: Ավելին՝ նույն խաչքարի վրա մի տեսակի զարդարանքը երկու անգամ չի կրկնվում:

Ամենահին խաչքարերը, որ հասել են մինչև մեր օրեր, թվագրվում են 9-րդ դարին: Դրանցից հայտնի են ութը, որոնք են՝ Գառնու խաչքարը (879 թ.), Մազրայի խաչքարը (881 թ.), Թալինի խաչքարը (882 թ.), Կեչուտի խաչքարը (886 թ.), Տաթևի խաչքարը (895-906 թթ.), Հացառատի խաչքարը (898 թ.): Վերոնշյալ առաջին խաչքարը, որը պահպանվածներից ամենահինն է, գտնվում է Գառնու հեթանոսական տաճարում և նվիրված է Աշոտ Ա Բագրատունու կնոջը՝ Կատրանիդեին:

Խաչքարերի ամենախոշոր հավաքածուն այժմ գտնվում է Նորատուս գյուղի մոտակայքում գտնվող գերեզմանոցում: Այնտեղ այցելելիս կարելի է նկատել խաչքարերի էվոլյուցիան:

Խաչքարի կառուցվածքը

Խաչքարերի բովանդակային հիմնական տարրը խաչն է՝ իբրև Քրիստոսի ու փրկության խորհրդի խորհրդանիշ: Այն՝ որպես պաշտամունքային առարկա, հայերի համար փոխարինել է սրբապատկերներին:

Խաչքարերը, որոնք պաշտամունքային հոգևոր նշանակություն են ունեցել, բովանդակել են արձանագրություններ, որոնք պարունակել են երկրի արտաքին ու ներքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ, որոնք բացակայել են պատմիչների աշխատություններում: Խաչքարերի զգալի մասի վրա հիշատակվել են պատրաստող վարպետների անունները, որոնցից առավել նշանավոր են եղել Մխիթար Կազմողը, Մոմիկը, Պողոսն ու Քիրամ Կազմողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել