Երեկ Աբովյան քաղաքում եկեղեցու օծման արարողություն էր: Այդ իրադարձության մասին չէ, որ ուզում եմ գրել, որովհետև այն լուսաբանվել է իր պերճանքով ու թշվառությամբ: Սակայն հատկանշական մի փաստ արձանագրվեց` հրավիրվել էին բոլորը, այդ թվում նաև ՀՀ երեք նախագահները: Երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատվել էին Ծառուկյանների ընտանիքին իրենց ներկայությամբ, սակայն նման բան չարեց հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հաշվի առնելով քաղաքական վերլուծությունների ռահվիրայի վերջին շրջանի ԲՀԿ-ացավը, նրա միակ հույս` բուրժույ Ծառուկյանի հանդեպ մեծ իլուզիաները՝ թվում էր, թե նա էլ անպայման կայցելեր ու կպատվեր իր ներկայությամբ: Բայց չգնաց անգամ նոր օծված եկեղեցում ոչ ավելորդ անգամ մեղքերի թողություն հայցելու համար:
Իսկ իրականում քաղաքական վերլուծությունների մեծ վարպետը գնում էր եկեղեցի, որ ի՞նչ աներ: Հաստատ նրա մանկության երազանքը չէր Ծառուկյանից լսել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ, որ իր տարիների քրտնաջան ժողովրդին խաբելու ևս մեկ փաստ բացահայտվեց, որ անգամ ամեն օր մոմ վառելով Աստված նրան գործած մեղքերի համար անգամ դրախտի դռները ցույց չի տալու:
Այնուամենայնիվ կարծում եմ՝ ԼՏՊ-ն անպայման կայցելի եկեղեցի, այս կամ մեկ ուրիշ` դա արդեն էական չէ: Կայցելի, որովհետև 68-ից հետո այնքան էլ շատ չի մնում Ահեղ դատաստանին արժանանալու, կայցելի, որովհետև Աստծո պատվիրաններից` «մի խաբիր»-ը, նա խախտել է մի ամբողջ ազգի հանդեպ, հիմա նրա հույսը միայն Աստված է մնացել: Իսկ կների՞ Աստված:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/532310360137350
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել