Հունիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ Շիրակի մարզ, հայտնում են ԱԻՆ հասարակայնության հետ կաօի եւ լրատվության վարչությունից: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև քաղպաշտպանության վարչության անձնակազմերին, գույքային և տեխնիկական կարողություններին, ընթացիկ աշխատանքներին և առկա խնդիրներին:
Շիրակի մարզում նախարար Ռոստոմյանն այցելեց Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացավ շենքային պայմաններին, գույքային ու տեխնիկական հագեցվածությանը:Հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի հետ զրույցում նախարար Հրաչյա Ռոստոմյանը մի շարք խնդիրներ արձանագրեց՝ նշելով, որ հնարավորինս սեղմ ժամկետներում առկա խնդիրների համար անհրաժեշտ է օպտիմալ լուծումներ գտնել. մասնավորապես՝ բարելավել հրշեջ-փրկարարական ջոկատի շենքային պայմանները, ինչպես նաև համալրել կենցաղային կանչերի համար նախատեսված փրկարարական տեխնիկան:
Այցի շրջանակներում նախարար Ռոստոմյանը եղավ նաև մարզային փրկարարական վարչությունում և ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատում: Նախարարը շրջեց շինությունում և հարակից տարածքներում, ծանոթացավ առկա պայմաններին, խոսեց անձնակազմի հետ: Շրջայցի ընթացքում նախարար Ռոստոմյանն արձանագրեց մի շարք կազմակերպչական թերություններ, ինչպես նաև շենքային պայմանների և ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ: Նախարարը կարգադրեց շտկել հայտնաբերված թերությունները։