Ինչպես գիտեք, երկրում իրավիճակ է փոխվել (առանց հեգնանքի), և հենց դրանից բխող բազմաթիվ նոր իրողություններ են ի հայտ եկել, որոնք անգամ հանրային դիսկուրսի դիալեկտիկայի վրա են ազդել: 
Խոսքի ազատության ընկալումներում լուրջ փոփոխություններ են նկատվում, և նման կերպ շարունակվելու պարագայում շատ մշուշոտ ապագա է սպասվում ՀՀ-ին freedom house-ի ամենամյա զեկույցների համապատասխան բաժնում: Ազատ խոսքի իրավունքի իրացումը ներկայումս խիստ ճնշումների է ենթարկվում ներքաղաքական համատեքստում: Մարդիկ իրենց կարծիքը չկիսող քաղաքացիներին տարատեսակ միջոցներով լռեցնելու փորձեր են անում: Օրինակ՝ զավեշտը հասել է այն աստիճանի, որ, եթե դու համակարծիք չես թվացյալ մեծամասնության կարծիքի հետ, ապա պատվեր ես կատարում, հակահեղափոխական ես, դավաճան ես և այլն, և այլն: Այսինքն՝ մարդկանց որոշակի խմբի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ իրենք և իրենց կարծիքը համամարդկային ճշմարտություններ են, և դրա հետ կարող են չհամաձայնվել միայն «չարերը»: ԽՍՀՄ-ում էլ կար նման վիճակ, երբ սովետի դեմ խոսողներին տեղափոխում էին հոգեբուժարան: Հիմա` մեր օրերում՝ պոպուլիզմի գերդոզավորման այս ժամանակներում, «խոսքի ազատություն» եզրույթն ընդամենը սեփական անսխալականությունն ու դիմացինի «դավաճան» լինելը հիմնավորելու պատրվակ է դարձել, այնինչ իրականում խոսքի ազատությունն առաջինը դիմացինի տարակարծիք լինելու իրավունքն ընդունելու և այն հարգելու պարզագույն բաղադրիչից է սկսում: 

Իսկ ժողովրդավարության պարագայում իրերի դասավորությունն ավելի բարդ է, քանի որ հիմա այդ ժողովրդավարության փոխարեն օգտագործվում է ժողովրդականությունը: Քաղաքական պլյուրալիզմն ընկալվում է որպես «հակապետականություն», ժողովրդավարության թիվ մեկ իրավական բաղկացուցիչ Սահմանադրությունը ստորադասված է ֆեյսբուքյան լայվերին, դատարաններին փոխարինել է «իրավիճակ է փոխվել» կախարդական փայտիկը, հակակշիռների և զսպումների մեխանիզմներն ընդհանրապես չեն էլ գործում (դրա կարիքն էլ չկա, էսա վարչապետը լայվ կմտնի ու կհակակշռի): Ժողովրդավարության համար անհրաժեշտ քաղհասարակության մարմինները վերածվել են իշխանության դատապաշտպանների, իսկ այս իրողությունը հպարտության զգացում է առաջացնում այն կրողների շրջանում: ԶԼՄ-ների գերակշիռ մեծամասնությունը կա՛մ գործող իշխանությունների քաղաքականության ակտիվ պրոպագանդիստն է, կա՛մ «շառից-փորձանքից հեռու» մարտավարությամբ ոչ լավ, ոչ վատ սկզբունքով ավտոպիլոտի վրա է: Իսկ, օրինակ, նրանք, ովքեր հանդգնում են գրել, ասենք, գործող կառավարության քաղաքականության դեմ (օրինակ՝ «Հրապարակ» օրաթերթը), վերածվում են «դավաճան, ստրուկ, հակապետական տարր» պիտակներին, և այսպիսով՝ ազատ մամուլի մասին խոսելն էլ ուղղակի ծիծաղելի է: Հիշեք վարչապետի ստատուսը ՀԸ-ներից մեկի մասին: Ընդդիմություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ քաղաքական բանավեճի բացակայության համատեքստում այն պետք էլ չէ: Կարճ ասած՝ այսօրվա ՀՀ-ում, քաղաքագիտական տերմինաբանությամբ, տիրում է դասական օխլոկրատական քաղաքական վարչակարգ, որը, որքան էլ հատուկ է նմանատիպ անցումային շրջաններին, այնուամենայնիվ, խիստ վտանգավոր է ցանկացած պահի պատերազմի վերսկսման հավանականություն ունեցող երկրի համար: 

Հ.Գ. Հաջորդը կանդրադառնամ «ժողովրդի թեկնածու», «ժողովուրդների հայր» դիսկուրսին, որն «ամենաարդյունավետ» միջոցն է դարձել այլակարծությունը լռեցնելու համար, բայց որի ծանր հետևանքների փորձն ունեցել են Գերմանիան, Իտալիան, ԽՍՀՄ-ը, Իսպանիան, Չինաստանը և այլ պետություններ: Իսկ հիմա իմ` «ծախված հակահեղափոխականիս» վրա կառավարության աշխատակազմի ֆեքերի, «ժողովրդի թեկնածուի» աջակիցների, իշխանական ակծիվիստների, «գեներալ-տուշոնկա» թեմայում պատվոգրերի արժանացածների հարձակումը համարում եմ բացված: Լավ եղեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել