Երեկ համացանցում շատ արագ տարածվեց մի նյութ, որում ասվում էր, որ 18-ամյա երիտասարդ է կորել: Հետաքրքրության համար սկսեցի ընթերցել բոլոր մեկնաբանությունները: Անկեղծորեն ուրախացա, որ վերջապես մեր հասարակության մի ստվար զանգված արդեն սթափվել է, ու ոչ թե յուրաքանչյուրն իր անիրական կարծիքն էր հայտնել, այլ սրտացավ մոտեցում էր ցուցաբերել: Բոլորը հույս ունեին, որ անպայման երիտասարդը ողջ և առողջ կգտնվի: Բոլորը հավատում էին, որ Աստված կպահպանի այդ երիտասարդին և թույլ չի տա, որ փորձանքի մեջ ընկնի ... Բայց, ինչպես ասում են, հերթական անգամ շտապել էի...
Վերջապես, երեկոյան հայտնվեց ուրախալի լուրը, այն մասին, որ երիտասարդը գտնվել է ու ողջ, առողջ վերադառնում է տուն... Չմանրամասնեմ, որովհետև վստահ եմ, որ բոլորդ էլ կարդացել եք: Կրկին հետաքրքրության համար սկսեցի ընթերցել բոլոր մեկնաբանությունները: Սարսափելին այն էր, որ չգիտես ինչու մենք անկեղծորեն ցավում էինք, բայց գտնվելուց անմիջապես հետո սկսեցինք հագուրդ տալ մեր երևակայությանն ու վատաբանել, քարկոծել, պիտակավորել, ու որքան հնարավոր է վատ մտքեր շռայլել: Ինչի՞ համար: Եթե նույնիսկ տղան սխալ է գործել, սայթաքել է, մի՞թե կարելի է այդ աստիճան ստորացնել մարդուն: Ի՞նչ է դուք, հարգելի մեկնաբանություններ գրողների մեծամասնություն, անսխալական եք կամ էլ կատարյալ... Որտեղի՞ց ձեզ այդքան չարություն: Երիտասարդ է, այսօր սխալվել է վաղը կուղղի իր սխալը: Մի՞թե կարելի է այդ աստիճան թույն ունենալ ներսում... Բայց սա էլ դեռ վերջը չէ: Չգիտես ինչու բոլորն այն կարծիքին են, որ գռեհիկ մեկնաբանություններ գրողների մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներն են, իսկ ես կփորձեմ հակառակվել: Իգական սեռի ներկայացուցիչների մեծամասնությունն ավելի գռեհիկ ու լպիրշ գրելաձև ունի, դիմացինի ապրումներն ու զգացմունքները հարգել չգիտի և իրականությունից հազարավոր կիլոմետրեր հեռու տգետ երևակայություն ունի... Մի քիչ հավաք եղեք, մարդիկ: Մեկնաբանություններ գրելիս էլ մաքսիմալ կոռեկտ եղեք... Կյանքում ոչ մեկ ոչնչից ապահովագրված չի: Յուրաքանչյուրիս ընտանիքում էլ նմանատիպ իրադարձություն կարող է լինել...
Հ.Գ. Կարևոր չի, թե ինչ է իրականում տեղի ունեցել, կարևոր է, որ անվնաս ու ողջ վերադարձել ես տուն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/4703772483037
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել