Tert.am-ը գրում է.

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը միշտ էլ հայտնի է իր ամպագոռգոռ հայտարարություններով, սակայն դա, ըստ նրա, մեզ իրավունք չի վերապահում, որ ցանկացած հայտարարության վերաբերվենք՝ ուղղակի որպես խոսքի: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց` պատերազմ սկսելու մասին հայտարարություններով գուցե Ադրբեջանն իր ներքին սպառման խնդիրն է լուծում, բայց ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք՝ կա հրապարակային ասված խոսք, և դա չպետք է անտեսվի:

«Կարծում եմ՝ ոչ միայն բանակը պետք է լավ պատրաստ լինի, եթե հակառակորդը փորձի որոշ գործողություններ իրականացնել, այլ նաև պետք է, որ դիվանագիտական ճանապարհով փորձենք այդ գործողություններին պատասխանել հնարավոր բոլոր հարթակներում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Զաքիր  Հասանովը հայտարարել էր, թե նախագահ Իլհամ Ալիևն իրենց առջև խնդիր է դրել՝ ապահովել բանակի պատրաստվածությունը իրական ռազմական գործողություններին:

«Մեր նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի համար, և այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները: Բանակը պատրաստ է նաև հոգեբանորեն»,- ասել է Հասանովը, թվարկելով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի «ձեքբերումները»: Հասանովը, մասնավորապես, պնդել է, թե «ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք»:


Արթուր Եղիազարյանի խոսքով՝ պետք է աշխարհին ներկայացնենք, որ մենք կողմ ենք Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, բայց հստակ է՝ Ադրբեջանն է փորձում խոչընդոտել դրան:

Ըստ ռազմական փորձագետի՝ չենք կարող լուրջ չվերաբերվել Ադրբեջանի հայտարարություններին, որովհետև տեսնում ենք սահմաններում զենքերի կուտակումներ, որոշակի զորքերի տեղաշարժեր:

«Միգուցե դրանք հնարքներ են: Բայց չպետք է մոռանանք, որ Ապրիլյան պատերազմից առաջ էլ նման հնարքների դիմում էին, և հանկարծակի անցան ռազմական գործողության: Սա իրենց մարտավարությունն է»,-ասաց նա՝ նշելով, որ անկեղծորեն չի հավատում, որ ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ կսկսի հայտարարություններից անմիջապես հետո,-«Ադրբեջանն այն պետությունը չէ, որ հայտարարությունից հետո ասպետական կերպով մոտենա հարցին, կարող է, իհարկե, նաև չհայտարարել և պատերազմ սկսել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել