Բաղադրատոմս 

- բալ 400 գրամ
- շաքարավազ 350 գրամ
- սերուցք 700 մլ
- շաքարի փոշի 6 ճաշի գդալ
- ձու 6 հատ
- ալյուր 100 գրամ
- կակաո 30 գրամ
- կարագ 100 գրամ

Կրեմ

- սերուցք 70 մլ
- շոկոլադ 35 գրամ
- շաքարի փոշի 1 ճաշի գդալ

Զարդարելու համար

- շոկոլադ 100 գրամ
- բալ

Պատրաստման եղանակը`

Ձուն շաքարավազի հետ հարել գոլորշու վրա, կրակը պետք է շատ աննշան լինի: Հենց որ ձվի զանգվածը մի քիչ տաքանա, շաքարավազը հալվի, գոլորշուց վերցնել, շարունակել հարել մինչև ծավալն ավելանա: Ալյուրը խառնել կակաոյին, աստիճանաբար ավելացնել ձվի վրա: Հետո ավելացնել հալեցրած, բայց ոչ տաք կարագը: Խառնել ներքևից վերև շարժումներով: Կարագը լցնել ամանի կողքի մասից և զգուշորեն խառնել: Թխել 35 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Հանել ջեռոցից, երբ պատրաստ լինի, թողնել սառչել: Պատրաստի բիսկվիթը թողնել 10-12 ժամ հանգստանա: Խմորը զգուշորեն բաժանել երեք մասի:

Բալերը լվանալ, լցնել խորը ամանի մեջ և վրան լցնել շաքարավազը: Դուրս եկած հյութը առանձին ամանի մեջ լցնել: 170 մլ բալի հյութը (եթե հյութը քիչ է ստացվել, ջուր ավելացնել) և կես բաժակ շաքարավազը լցնել փոքրիկ կաթսայիկի մեջ, եփել, մինչև շաքարը հալվի, եռացնել մեկ-երկու րոպե: Օշարակը մի քիչ կթանձրանա: Մեջը լցնել բալերը, նորից եփել, որովհետև բալերը լցնելուց հետո օշարակը կջրիկանա: Եփել նորից մոտ մեկ րոպե: Ծածկել, մի փոքր թողնել այդպես թրմվի: Բալերը հյութից հանել, քամել, հյութը պահել: Կարելի է հյութին կոնյակ ավելացնել:

Շոկոլադե կրեմի համար սերուցքը տաքացնել, չեռացնել, ավելացնել մանրացրած շոկոլադը: Թողնել հովանա և դնել սառնարանի մեջ: Առաջին շերտը դնել, բալի հյութը լցնել վրան, երբ ներծծվի, քսել շոկոլադե կրեմը: Երկրորդ շերտը ևս հյութով ցողել և այդ կողմով դնել առաջին շերտի վրա: Վերևից ևս հյութ լցնել: Նախապես սառեցրած սերուցքը հարել: Երբ մի քիչ թանձրանա, ավելացնել շաքարի փոշին` մոտ երկու գդալ: Սերուցքը շատ հարել պետք չէ, այն կարագի կնմանվի և իր ձևը զարդարելիս չի պահպանի: Երբ բավականաչափ թանձրանա, բավական է հարել: Սերուցքը քսել խմորի վրա և շարել բալերը: Երրորդ շերտը ևս ցողել բալի հյութով, դնել մյուսների վրա և սերուցք քսել վրան: Սերուցքով կողմը դեպի ներքև դնել: Եվս 200 մլ սերուցք հարել մեկուկես գդալ շաքարի փոշու հետ, քսել տորթի վրա: Հարթեցնել տորթի մակերեսը և վրան քերած շոկոլադ լցնել: 150-200 մլ սերուցքը հարել 1,5 ճաշի գդալ շաքարի փոշու և 1 թեյի գդալ օսլայի հետ: Այս սերուցքով զարդարել տորթը, վրան շարել բալերի մնացած մասը:

Բարի համտեսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել