Yerkir.am-ը գրում է.

Այսօր, նախքան կառավարության նիստը, լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ ՊԵԿ կողմից նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչելու փաստին:

Նշենք, որ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որ Սեյրան Օհանյանը քրեական գործի շրջանակներում կանչվել է հարցաքննության, մինչդեռ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ չի ստացել ծանուցում:

ՊԵԿ նախագահը չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք Սեյրան Օհանյանը, որպես մեղադրյալ, հետագայում կներգրավվի  այդ քրեական գործում ` ասելով, որ դեռ նախաքննություն է ընթանում, ուստի նման տեղեկատվություն հայտնելը օրենքին դեմ է:

Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը ծանուցում ուղարկել է Սեյրան Օհանյանին հունիսի 12-ին: Հունիսի 13-ին Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ծանուցում չի ստացել, և ՊԵԿ նախագահի խոսքով` երկու տեղեկատվությունն էլ կարող են լինել իրականություն, այսինքն` հնարավոր է, որ Օհանյանը դեռ ստացած չլինի ծանուցումը:

«Պարոն Օհանյանը կանչվել է հարցաքննության, մոտակա օրերին նշանակված է օր և ժամ այդ հարցաքննության համար: Կոնկրետ կազմակերպության նկատմամբ քրեական գործ կա հարուցված, կան անձինք, ովքեր սերտ առնչություն են ունեցել այդ կազմակերպության հետ, և քանի որ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ է եղել այդ քրեական գործը, բնականաբար, նա կկանչվի հարցաքննության: Դա սովորական գործառույթ է` քրեական գործի շրջանակներում: Նա միակ պաշտոնյան չէ, որ կհարցաքննվի, Սեյրան Օհանյանը կհարցաքննվի վկայի կարգավիճակով»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել