Վախը այն շարժիչ ուժն է, որը պատճառ է հանդիսանում թե´ դրական, թե´ բացասական արժեքների ի հայտ գալու (Լեոնարդո դա Վինչի)
«Երբ վախը բացակայում է, գալիս է ամենաթողությունը. այն խորհրդային տարիների սրիկաները խիստ տարբերվում են այսօրվա` անկախության տարիների առկա սրիկաներից»,-վերջերս այս արտահայտությունը լսեցի վաղուց թոշակի անցած մի դատախազից: Ինչպես Խորհրդային տարիներին երկար աշխատելով Խորհրդային Հայաստանի դատախազությունում, այնպես էլ մի որոշ ժամանակ անկախ Հայաստանի դատաիրավական համակարգում՝ նա, կարելի է ասել, եզակի մարդկանցից է, ով կարող է գնահատական տալ այն տարիների «տականքներին» և այս տարիների «տականքներին»: «Տականքներ», իսկ այլ կերպ ինչպե՞ս անվանել որոշ մարդկանց, որոնք, զբաղեցնելով պետական պաշտոններ, ոչ թե մանր-մունր չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած, «յոլա են» գնում, այլ սառնասիրտ պլանավորված գործողությունների արդյունքում դառնում են միլիոնատերեր այս աղքատ երկրում:
Նմանատիպ տականքները միշտ եղել են, սակայն, երբ անդրադարձ ենք կատարում, թե ինչպես էին իրենց զգում կամ ինչ վարքագիծ էին ցուցաբերում խորհրդային տարիների պետական տնտեսական հանցագործները, հասկանում ենք մի բան` նրանք «արարում» էին վախի մթնոլորտում: Ո՞վ չի լսել հանցագործ ռայկոմի քարտուղարների հովանու ներքո աշխատող «ցեխավիկների» մասին: Այն ժամանակվա ռայկոմի քարտուղարներից շատերի չարաշահումները դարձան դիկտատուրական տիտան պետության փլուզման պատճառներից մեկը: Սակայն նույն ռայկոմի քարտուղարները, նույն այն ժամանակվա նախարարները, «գլավկի» պետերը ինչ «ղալաբություն» անում էին առանց ցինիզմի էլեմենտների: Նրանք ի ցույց չէին դնում իրենց գողոնի արդյունքում կուտակած կապիտալը: Ի տարբերություն այսօրվա իրենց «կոլեգաների»` նրանք ավելի համեստ կեցվածք ունեին: Բոլորիս լավ հայտնի է քաղաքացի Կորեյկոյի կերպարը «Ոսկե hորթ» ֆիլմից, վախվորած, երբեք իր հարստությունը չֆետիշացնող կերպարը: Կորեյկոյի կերպարը շատ բնորոշ էր այն ժամանակվա հարուստներին, և Իլֆերը հենց այնպես չէին ստեղծել նրան: Այս կերպարով նրանք ցույց էին տալիս, թե ինչպիսի վախի մթնոլորտում էր միլիոններ կուտակում այս վերոհիշյալ կատեգոորիան: Իսկ նայենք, թե հիմա ինչ է կատարվում` ունենալով պետական բարձր պաշտոններ՝ ոմանք ոչ թե չեն թաքցնում իրենց հարստությունը, այլ ընդհակառակը բացեիբաց ապրում են աստվածների նման. ապրում են երեք-չորս հարկի տներում, քշում են առնվազն 100000 դոլարանոց մեքենաներ, խոսում են 15-20 հազար դոլար արժողությամբ հեռախոսներով, տարվա մեջ 5-6 անգամ պարտադիր գնում են արտասահման և ամենակարևորը արտասահմանում էլ լինելուց ապրում են թագավորներին հարիր հյուրանոցների ապարտամենտներում: Այս մարդիկ չունեն վախի զգացմունք, նրանք չեն մտածում, որ մեկը կարող է իրենցից հարցնի` «Ա´յ եղբայր, որտեղի՞ց քեզ այս միլիոնները»:
Սա այնպիսի թեմա է, որ կարելի է հա գրել, բայց ես դա չեմ անում, որպեսզի ձեզ չձանձրացնեմ: Ուստի մեկնաբանությունները թողնում եմ ձեզ...
replik.am



