Հրանուշ Հակոբյանը իր գլխավորած անհեթեթ գերատեսչության գործունեությունը իմաստավորելու համար հանդես է եկել հերթական ծիծաղելի նախաձեռնությամբ:
Տիկին նախարարը սփյուռքահայությանը կոչ է անում քվեարկել Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանի օգտին:
Առանց քմծիծաղի հնարավոր չէ կարդալ Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը. խոսում է ազգի հավաքականության, հավատի, միասնականության, հաղթական հրավառության, տիեզերական էներգետիկայի եւ նման բաների մասին: 
Կարծես՝ Եվրատեսիլը Վարդանանց պատերազմն է, ինքն էլ՝ Մեծ Տիկինը:
Իսկ Գոռ Սուջյանին ներկայացնում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ներկայացնում էր իր հետ հանդիպած եւ միասին լուսանկարված «աշխարահռչակ ֆիզիկոս» երիտասարդին, որ նաեւ «տիեզերագնաց» էր:
Այս տիկինը կարծես թե մի չորս խորհրդական ունի, եւ միայն զարմանալ կարելի է, թե նրանցից մեկնումեկը ինչո՞ւ չի հուշել իր վերադասին, որ 10 տարի առանց նման կոչերի Սփյուռքը քվեարկում է Հայաստանի ներկայացուցչի օգտին, եւ կարիք չկա սփյուռքահայությանը հիշեցնել, որ հողագնդի վրա կա Հայաստան պետություն, որի ներկայացուցիչը բնականաբար ազգությամբ հայ է, իսկ սփյուռքահայերն էլ մինչ օրս (անգամ երբ չկար այդ նախարարությունը) հեշտությամբ «ջոկել» են այդ ամենը:
Բայց դե մեկը, որ Հայաստանում Մայրենի լեզվի օր է հռչակում, նույն տրամաբանությամբ (անտրամաբանությամբ) էլ դիմում է Սփյուռքին:
Թեպետ, նախարարի այս վերջին «ռացիոնալիզատորական» քայլին ինչ-որ «բացատրություն» կարելի է տալ: 
Ախր, այնքան ասաց՝ «Արի տուն», եւ արձագանք չստացավ, որ հիմա էլ ստիպված է կոչ անել գոնե տեղերից քվեարկել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել