Ընդհանրապես վաղուց հեռուստացույց չեմ նայում: Մտերիմներիցս մեկը ինտերնետով մի հղում ուղարկեց` Պետրոսի հաղորդման` «Հայկական ուրբաթ»՝ մայիսի 10-ի հաղորդումը: Կարճ ասեմ, թեման ընդհանուր առմամբ վերաբերում էր Հայ հերոսների հերոսի կերպարի բարոյալքմանը և հակահերոսների պրոպագանդային կամ մոտավորապես նման մի բան: Հաղորդումն ըստ էության նկարահանվել էր մայիսի 9-ին, քանի որ մասնակիցները շնորհավորում էին այդ օրվա առիթով: Չեմ ցանկանում մանրամասնել ընդհանուր տպավորություններս, բայց երկու կետ կա, որ կուզեի առանձնացնել, առաջինը` «Էմփիռեյի» Սարգիսին եթե ճանաչող կա, երբ հանդիպեք, ասացեք, եթե նեղություն չի, որ Մարդու ծննդավայրը պետք չի խառնել Հայրենիքի հետ. եթե Ծննդավայրը անհատի մակարդակով է չափվում, ապա Հայրենիքը Ազգի ծննդավայրն է:
Եւ երկրորդը, որ կցանկանայի շեշտել, դա ՀՌԱՀ նախկին ղեկավար Ամալյանի խոսքն էր Պետրոսին, որ մեխեց ուղղակի: Ասաց` Պետրոս, այն, որ այսօր մեր հաղթանակի տոնին, երբ պետք է տոնենք ու հպարտանանք մեր հաղթանակով, դու քննարկման մեջ անըդհատ կաթացնում ես ու խառնում ես արտագաղթի թեման ու հա հիշեցնում էդ մասին, այ պատճառներից մեկն էլ հենց դա է, որ էսօր Հերոսները բարոյազրկվում և արժեզրկվում են:
Ու շատ ճիշտ է նշել: Եթե ուշադիր լինեք, մեր բոլոր տոներին կարծես թե հատուկ ծրագրով ակտիվանում է էսպես կոչված հարամչիների մի զանգված, որի քայլերը կոնկրետ նպատակ են հիշեցնում: Օրինակ՝ բանակի տոնին` համացանցը ողողում են բանակը վարկաբեկող նյութերով, անկախության տոնին` անկախությունը վարկաբեկող հոդվածներով, պետական այլ տոներին՝ պետությունը վարկաբեկող հոդվածներով, եկեղեցական տոներին` եկեղեցին վարկաբեկող հոդվածներով, անգամ ապրիլի 24-ին են հասել` ամեն տարի այդ օրը մի ապուշի նկար շրջանառության մեջ դնելով... : Հայտնի պրակտիկա կա` որպեսզի բարոյազրկես որևէ ազգի, ապա պետք է բարոյազրկես այդ ազգի հերոսներին և խորհրդանիշները: Վաղուց արդեն մեծ արշավ է սկսված հայ գրողների, հանճարների դեմ` օրինակ Պապ Թագավոր, Եղիշե Չարենց, Պարույր Սևակ, Խաչատուր Աբովյան... Էս վերջերս արդեն փորձում են Թումանյանին կպնել... Չեմ ուզում առանձնապես շեշտել Հայկական բանակի, Ընտանիքի և Եկեղեցու դեմ տարվող ակտիվ վարկաբեկող արշավը` հեռուստաեթերներում և մամուլում անընդհատ արծարծվող` ազգային արժեքները կասկածի տակ դնող ու վարկաբեկող թեմաներով քննարկումները... Պարզապես կցանկանայի հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրին և զգոնության ու սթափության կոչ անել: Ուշադիր եղեք, կուլ մի տվեք խայծը, որքան էլ քննադատելու տեղ կա` եթե Ձեր սեփական տունը ռեմոնտ արած չի` դա չի նշանակում, որ առավոտից երեկո պիտի վարկաբեկեք Ձեր տան կիսախարխուլ պատերը, այլ պետք է մտածեք՝ ինչպես այն ամրացնել և վերանորոգել: Նույնն էլ այսօր. տոն օրերը պետք է տոնել, սգո օրերը պետք է սգալ...: Իսկ մնացած օրերին զբաղվել երկիրը շենացնելով: Վատը և խնդիրները կոծկել պետք չէ, բնավ. դրանք լուծել է պետք և դրանց մասին իմանում են` բարձրաձայնելով դրանք: Բայց եկեք նկատենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ կոնկրետ օրերի կոնկրետ ուժերի կողմից կազմակերպված գործողություններ են իրականացվում: Տպավորություն է ստեղծվել, թե ամեն ինչ արվում է, որ Հայը, օրինակ Շուշիի ազատագրման օրը, որ պետք է հպարտանա այդ օրով, սկսի անիծել ու հայհոյել այդ օրը: Նորից եմ կրկնում՝ զգույշ եղեք: Զգոն եղեք: Պետք չի կուլ տալ խայծը: Ընդհակառակը` տեղնուտեղը պետք է խեղդել ցանկացած նմանօրինակ փորձ և մեր արժեքների հանդեպ ցանկացած ոտձգություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել