Artsakhpress.am-ը գրում է․
Հայաստանում ավտոմեքենաներն այսուհետ ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Ես հրահանգել եմ, որ այսուհետ ավտոմեքենաները մաքսազերծվեն փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն ինվոյսով»,- ասաց Անանյանը:
 
Նրա խոսքով, ինվոյսով մաքսազերծումը հանդիսանում է հիմնավորված, քանի դեռ մաքսային մարմինը չունի փաստարկներ, որ դրանք իրական չեն:
 
Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահը զգուշացրեց, որ մաքսազերծումից հետո հետբացթողումային գործառույթների շրջանակում պետք է ճշգրտվի այդ փաստաթղթերը արժանահավատությունը: «Փորձելու ենք պարզել այդ փաստաթղթերի իսկությունը»,- ասաց Դավիթ Անանյանը:
 
Հայաստանում ավտոմեքենաների մաքսազերծումը նախկինում կատարվում էր այսպես կոչված «հսկիչ գների» մեխանիզմով` առանց փաստացի ձեռք բերված փաստաթղթերը հաշվի առնելու: Այնուհետև ՊԵԿ-ը նոր մեթոդ սկսեց կիրառել` կայքում հրապարակելով տվյալներ, թե որ ավտոմեքենայի մաքսազերծումը որքան է արժենալու: Միևնույն ժամանակ, ՊԵԿ-ը նաև հայտարարել էր, որ ավտոներկրողներն իրավունք ունեն նաև պահանջել ինվոյսային արժեքով մաքսազերծել մեքենան, եթե ներկայացնեն համոզիչ փաստարկներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել