Իսպանացի գրող ու ճարտարապետ Գոնսալո Գուարչեն կյանքի 73 տարիների ամենամեծ ձեռքբերումը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում իր գործունեությունն է համարում։ Գոնսալե Գուարչեն հայերով հետաքրքրվել ու հայերին ճանաչել է Վիլյամ Սարոյանի «Իմ անունն Արամ է» գրքի շնորհիվ։ Դրա համար էլ Երևան ոտք դնելուն պես լուսանկարվել է Սարոյանի արձանի մոտ, բռնել ձեռքն ու խոսել հետը։ Իսպանացին այնքան է սիրել հայերին, որ նույն զգացմունքը փոխանցել է իր ընտանիքին։ Նրա խոսքով` իրենց հոգիներում երկվություն է առաջացել` իսպանացի են ու միաժամանակ հայ։ Աշխատանքի բերումով համագործակցում է ամերիկյան «IBM» ընկերության հետ, ու մի անգամ, երբ այնտեղ է եղել, ստուգելով նրա գենը եկել են այն եզրահանգման, որ նրա նախնիներն անցել են Հայաստանով։
Գուարչեն հեղինակ է 28 գրական-գեղարվեստական ստեղծագործության, որոնցում խոր վրդովմունք ու ընդվզում է արտահայտում ցեղասպանությունների, պատերազմների և բռնապետությունների դեմ։ Նա դատապարտել է նաև Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ իրագործված ոճիրը։ Հայ ժողովրդին նվիրված նրա եռագրությունը բաղկացած է «Հայկական տոհմածառ», «Հայկական կտակ» և «Սպիտակ լեռը» մասերից։ Այն հարցին, թե ինչու նրան հետաքրքրեց ցեղասպանության թեման, Գուարչեն պատասխանել է` որովհետև դա արդար հարց է։«Այս երկիրը շատ է տառապել պատմության ընթացքում, նա դիմացել է ամենասարսափելի վայրագությունների, բայց հայերը շարունակում են մնալ միացյալ ժողովուրդ։ Նրանք, ովքեր իրագործեցին այդ ոճիրը, ցանկացան ջնջել աշխարհի երեսից հայերին, բայց փաստորեն արեցին բոլորովին հակառակը, հիմա ցեղասպանությունը ճանաչվում է ամբողջ աշխարհում, շատ շնորհակալ եմ հայ ժողովրդին իմ նկատմամբ արտահայտած սիրուց ու հարգանքից, իմ արածն ավազի մի հատիկ է»,- ասել է Գուարչեն։ Վերջին 20 տարիներին իր ամբողջ ժամանակը նվիրել է ոչ թե իր կնոջը, այլ հայ ժողովրդին, որի համար շնորհակալ է նրանից։«Նա համբերատար սպասել է` երբ կվերջացնեմ հերթական գիրքը ցեղասպանության մասին։ Ես կարծում եմ, որ մեկը, ով թափանցում է այդ թեմայի խորքը, դրանով զբաղվում է ամբողջ կյանքում»,- ավելացրել է Գուարչեն։ Այսօր Գուարչեն Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր գիրք է գրում։ Նրա խոսքով` գիրքը կցնցի մարդկանց։ Նա ասել է, որ երբեք չի վախեցել իրեն ուղղված սպառնալիքներից. իր գործը շարունակելու է մինչև վերջ։