Armtimes.com-ը գրում է.

Քիչ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Վահե Դանիելյանին նշանակեց իր օգնական։ Այս նշանակումը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց այն պատճառով, որ Վահե Դանիելյանը նախկինում աշխատում էր Ազգային ժողովում՝ իրավական ապահովման բաժնի պետ: Այստեղ հետաքրքիրն այն է, որ Վահեն ապրիլի 25-ին ֆեյսբուքի իր էջում հայտարարություն էր տարածել, որի համաձայն միանում էր համաժողովրդական շարժմանը:

«Հայկական ժամանակ»-ը ԱԺ-ի իր աղբյուրներից տեղեկացավ, որ Վահե Դանիելյանը հայտարարությունը տարածելուց հետո որոշել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը թույլ չի տվել: Սակայն, իրավական ապահովման բաժնի պետին ԱԺ-ում պահելով աշխատակազմը ցանկացել է ծառայողական քննություն սկսել՝ քաղաքական զսպվածությունը խախտելու պատճառաբանությամբ, քանի որ Դանիելյանի հայտարարությունը որակվել է քաղաքական:

 ԱԺ աշխատակազմի ղեկավարին միջնորդություն է ներկայացվել ծառայողական քննություն սկսելու համար, այնուհետ, ընթացակարգի համաձայն, այդ միջնորդությունը ուղարկվել է Վահե Դանիելյանին: Տեղեկացանք, որ Դանիելյանը  իր պատասխանում հիմնավորել է, որ իր քայլը քաղաքական զսպվածության խախտում չէ: Այնուհանդերձ, Վահե Դանիելյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատման դիմում է գրել:

Ազգային ժողովի մեկ այլ աղբյուր՝ աշխատակազմից, տեղեկացրեց, որ Վահե Դանիելյանից զատ համաժողովրդական շարժմանը այլ աշխատակիցներ էլ են միացել, որոնք այժմ էլ շարունակում են աշխատել խորհրդարանում: Մեր զրուցակիցը նշեց, որ Վահեից բացի այլ աշխատակիցների նկատմամբ եւս ծառայողական քննություն են սկել, որոնք ՀՀԿ-ականներ են եղել:

ԱԺ աշխատակազմի մեր աղբյուրը նշեց, որ Վահեի եւ Աննայի (մյուս աշխատակից, որը եւս ենթարկվել է ծառայողական քննության) քայլի վերաբերյալ փորձել են հասկանալ, թե որն է նրանց որոշման պատճառը, սակայն պարզվել է, որ օրենսդրությունը այս առումով կարգավորված չէ: Նա տեղեկացրեց, որ դադարեցրել են սկսած բոլոր գործողությունները եւ դրա փոխարեն ցանկացել են օրենսդրական կարգավորումները բարելավել:

Աշխատակազմի մեր աղբյուրը նաեւ նշեց, որ Վահե Դանիելյանին այլ աշխատանք են առաջարկել՝ Սահմանադարական դատարանում՝ գործերի սպասարկման բաժնի ղեկավար, իսկ նրա բացատրությունը, թե ինչու՞ է մասնակցել շարժմանը, մասնագիտական տեսակետից հիացրել է աշխատակազմին:

Թեմայի շուրջ ՀԺ-ն կապ հասատեց Վահե Դանիելյանի հետ: Նա մեր հարցին ի պատասխան նշեց, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն եւ չցանկացավ մեկնաբանել մեր մյուս տեղեկությունները:

Առաջիկայում կներկայացնենք նաեւ ԱԺ լրատվության վարչության պարզաբանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել