Գլխավոր դերում` երեկ, այսօր և վաղը, կրկին ես եմ լինելու: Գիտեք` որքան հաճելի է վայելել երազկոտ, մերկ ու անտեղյակ հայացքներ քեզ ուղղված: Չէ՞ որ ես դերասան եմ, մի քիչ էլ գրող…
Այժմ ես տանն եմ գտնվում ու վայելում եմ իմ սիրած երաժշտությունը: Այն քիչ արագընթաց է, բայց ես դեռ դիմանում եմ: Արդեն խմել եմ իմ մեկ գավաթ սուրճն ու հիմա, ինձանից անկախ, գրում եմ: Հաջորդ առավոտյան ես կրկին կգրեմ` իհարկե, իմ մեկ գավաթ սուրճն ըմպելուց հետո:
Վերջին հավաքին, որին ես, ինչպես միշտ, ներկա էի, կրկին առաջարկություն ստացա` մանյակ կրելու ձեռքիս մատին: Բայց ես ցույց տվեցի վզիս մանյակն ու ազատության ժպիտ ստացա: Երբ լայն ժպտացի, այն մի տեսակ դատարկ ու անհոգի թվաց ինձ…
Երաժշտությունից անցել է արդեն երեսունյոթ րոպե ու մի քիչ էլ ավելի: Ակամայից մտովի հիշեցի Սևանա լիճն ու նրան: Ծովի ափին մենք մեկս մյուսի ետևից վազում էինք: Մի պահ ես ընկա ավազի վրա: Նա մոտեցավ, որ բարձրացնի ինձ, սակայն ես անմիջապես վազեցի ջրի կողմը: Ջուրը շատ պաղ էր, իսկ նա հեռացել էր:
Թղթերս սպառվում են. մաքուր էջեր չեն մնացել: Փնտրում եմ մաքուր անկյուններ, որ մուտքագրեմ հերթական դիպվածիս նյութը, սակայն ստիպնած եմ կրկին տեղիցս վեր կենալ` նոր էջ վերցնելու համար:
Կարծես թե մաքուր օդ եմ շնչում: Զգում եմ` ինչպես է դրսից մաքուր օդ փչում: Թվում է` կրկին լուսաբաց է: Այս մաքուր օդում հաստատ ընթերցողներ կգտնեմ: Հիշեցի` այս գիշեր, կրկին, մի քանի խավարասերներ տեսա սենյակիս պատերին: Ես սարսափահար անջատեցի լույսն ու քնեցի մահճակալումս:
Մեկ շաբաթից, կրկին, գրքի շնորհանդես պետք է այցելեմ: Այնտեղ պիտի հանդիպեմ բարձրաստիճան օրինապահների հետ. կարծում եմ` անվտանգությանս հարցերը այս անգամ, հաստատ, կլուծեմ` առիթից օգտվելով: Հուսով եմ` կավարտվի հերթական դերակատարումս, սակայն մտքերս առաջ են ընկնում ու ինձ բաժանում երկու կեսի` անգութ հոգու ու եսի: Լսվում է ինքնաթիռի թռիչքի ձայնը: Անկախ ինձանից՝ աչքերս հառեցի երկնքին ու փայլուն աչքերով հետևում եմ ինքնաթիռի թողած հետագծին: