Yerkir.am-ը գրում է.

Սիրիայի Մանբիջ քաղաքի շուրջ Անկարայի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածության շրջանակում Թուրքիան Սիրիա է տեղափոխելու Օսմանյան կասյրության առաջին սուլթան Օսման Առաջինի պապի՝ Սուլեյման Շահի դամբարանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

2015թ., երբ Սիրիայում թեժ մարտեր էին ընթանում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ, Թուրքիայի զինուժին պատկանող ստորաբաժանումները ներխուժել էին Սիրիայի Էշմե գյուղ  և, անվտանգության նկատառումներից ելնելով , ժամանակավորապես տարհանել այնտեղ գտնվող` Սուլեյման Շահի դամբարանը։ Նրա մասունքները տեղափոխվել էին Թուրքիայի տարածք։

2018թ. ապրիլին Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել էր, որ այն բանից հետո, երբ Սիրիայում իրավիճակը հանդարտվի, Թուրքիան դամբարանը կտեղափոխի Սիրիա։

Սուլեյման Շահն ապրել է 1178-1227 թվականներին։ Մահից հետո թաղվել է Սիրիայի Հալեպ շրջանում։ Նրա դամբարանը հետագայում թուրքերի համար վերածվել է սրբավայրի։ 1921թ.-ին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև կնքված Անկարայի պայմանագրով դամբարանի  վերահսկողությունն անցել է Թուրքիային։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև ձեռք բերված համաձայնությամբ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերը պետք է դուրս գան Մանբիջից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել