Քո համար տանը նստած ես։ Ոչ մեկին չես նեղացնում, ոչ մեկի ստատուսին չոռ չես ասում... Խաղաղ անամպ օր է։ Մեկ էլ խելախոսդ զնգում է... Երեք բառ... «ոստիկանությունից նամակ ունեք...»։
700 ամերիկական դոլարանոց խելախոսդ սահում է ձեռքիցդ ու շրըխկ՝ հատակին... Ոտներդ դողում են, կարկամած ձայնովդ ուզում ես արտաբերես՝ «էս անգա՞մ որտեղ...», բայց մի անհոդաբաշխ հնչյուն է դուրս գալիս կոկորդիցդ... Ուղեղիդ չպարալիզված մոխրագույն զանգվածը սկսում է անցյալ ամսվա 50000-ին գումարել էս նոր հնարավոր 10, 20 հազարը...
Չես հիշում՝ ոնց ես հասնում փոստ, վերցնում «սև թուղթը», դողդողացող մատներով պատռում... 5000... Լավ պրծար... Արդեն երջանիկ ես։ Չէ՞ որ 15-20 հազար կարող էր լինել, 50 հազար։
Այսինք՝ 45,000 շահեցիր։ Խմելու առիթ է։ Նշելու։ Մի 20,000-ի սեղան․․․
Ինչքա՞ն քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար։
Էս, եթե սովորական մարդ ես։ Նորմալ մարդ։ Կան նաև աննորմալ մարդիկ։ Homo anhangistus ktimazae։ Հոմո անհանգիստուսը մեկ-մեկ խորանում է էդ հինգ հազարի պատճառի մեջ. «Քաղաքացի Օվանիտասը յուր մեքենան կայանել է Սայաթ-Նովա փողոցի երթևեկության լայնացված հատվածում, մյուս կայանված մեքենաներին զուգահեռ»,- մեկնաբանում է «սև թուղթը»,- Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու դիմաց։
Էն, է, որ միշտ լիքն է մեքենաներով, ու որ ազատ տեղ ես գտնում, լցվում ես մարդկային երջանկությամբ (հիրավի, որքան քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար)։ Բոլորն են էդտեղ կայանում՝ մեքենայի քթով դեպի մայթը։ Այնինչ ՀՀ օրենքը պարզ ասում է, որ էդ տեսակ տեղերում իրար զուգահեռ կայանելը «վերբոթթեն», եթե հատուկ գծանշում չկա։ Գերմանու ասած՝ «նիխտ կայանելն այն գրպանիկն ունդ լայնացումշտրասսե»։ Ու գծանշում, բնականաբար, չկա։
Էն, որ էդ գրպանիկում կայանած մեքենաների քամակն իսկի չի էլ հասնում երթևեկելի մասին, որի աջ գիծը, ամենևին խախտում չկատարելով, զբաղեցրել են մայթին զուգահեռ «ճշտով» կայանած ուրիշ մեքենաներ, էդ էլ նի՞խտ։
Էն, որ Նալբանդյան փողոցը ծերից ծեր (ինչի՞ մենակ Նալբանդյանը), որտեղ, ի դեպ, «երթևեկելի մասի լայնացում» էլ իսպառ չկա, իրար զուգահեռ ամեն օր կայանում են հարյուրավոր մեքենաներ, ու իրանց խաթրին ոչ ոք չի կպնում, էդ էլ նի՞խտ։
Հա, ներողություն, սա ուրիշ դեպք էր։ Նալբանդյան փողոցի հյուսիսային մասում կայանում են կոնկրետ հիմնարկության աշխատակիցների մեքենաները, իսկ էդ աշխատակիցները ՀՀ հավասար քաղաքացիներից ավելի հավասար են (փաստ է)։ Ամենահավասարն են, ես կասեի, ու, հետևաբար, անսխալական։ Սայաթ-Նովայի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկեթի հաճախորդներն էլ, որ մեքենայով գալիս ու կայանում են էդ խանութի կանգառ-գրպանիկում, որտեղ գծանշում, էն մեկելի նմանությամբ, չկա, անսխալական են։
Սխալականը ես ու դու ենք, հարգելի՝ օրգանում չծառայող, կամ օրգանում ծառայողի «օբեկտի» մոտ չկայանող ընթերցող։
Հ.Գ. Պետավտոտեսչության հարգելի տեսուչը էս մտահոգություններիս պարզաբանում տվեց, թե՝ տեխնիկական միջոցներ չունեն Նալբանդյանն էլ վերահսկելու համար։ Սիրտս մի տեսակ մղկտաց։ Կամրադ vozni-ն մեծ սիրտ ունի (ու սխալականների դասից է). որոշել է իր անձնական տեխնիկական հնարավորությունները ի սպաս դնել ավտոտեսչությանն ու արդարության վերականգնմանը։ Արգասիքն էլ՝ ահավասիկ։
Նյութի աղբյուր՝ http://ovanitas.livejournal.com/70090.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել