Ի՞նչ չափելի արդյունքների մասին է խոսում ՀՀ նախագահը, եթե մենք անչափ աղքատ ենք:

Երբ Սերժ Սարգսյանը կառավարության նոր կաբինետի հետ հանդիպեց, նրա առաջին բառերն էին` մեզ անհրաժեշտ են չափելի արդյունքներ, այնուհետև պարզաբանեց, թե ինչ է հասկանում չափելի արդյունքներ ասելով` պետք է լինեն աշխատավարձերի բարձրացումներ, թոշակների բարձրացումներ և այլն: Երբ լսում ես այսպիսի «ցանկություններ», նամանավանդ,  երբ նրանք գալիս են ՀՀ նախագահից, ուրախանում ես, լցվում ես հույսով, բայց մտածում ես, թե ով պետք է իրականացնի այդ ցանկությունները (խոսքն այստեղ գնում է Տիգրան Սարգսյանի մասին), սկսում ես մտորել: Մտորում ես, քանզի ծանոթ ես նրա աշխատանքի ոճին, հասկանում ես, որ իր պաշտոնավարության ընթացքում նա շատ անգամ, 1000-2000 դրամով բարձրացման գործառույթները կիրառելով, կարողացել է շեղել իրական խնդիրներից:

Չէ՞ որ նույնը եղավ մինիմալ աշխատավարձի պարագայում. 2000 դրամով բարձրացնելով մինիմալ աշխատավարձի «պլանկան»՝ նա ամեն կերպ սկսեց ֆետիշացնել, թե նայեք՝ ՀՀ կառավարությունը համահունչ է քայլում երկրում առկա ինֆլյացիոն պրոցեսների հետ: Հարգելի ընթերցող, դուք ինքներդ ժողովրդի մի մասնիկն եք, պատասխանեք խնդրեմ, այս հրեշավոր թանկացումների պարագայում ի՞նչ կարող է անել մի քանի տարին մեկ 2000 դրամով մինիմալ աշխատավարձի բարձրացումը, և վերջիվերջո ու՞մ են պետք այս ձևական բարձրացումները, ու՞մ են «խաբում», սեփական ժողովրդի՞ն, իմաաաա՞ստը որն է, մեկ է մարդիկ իրենց կաշվի վրա են զգում ռեալ բարձրացումները: Օրինակ՝ ինձ շատ է հետաքրքրում` եթե այսօր 3-րդ կարգի հաշմանդամը ստանում է 13200 դրամ, ապա ՀՀ նախագահի այս հորդորից հետո ինչքա՞ն կպլանավորի ՀՀ վարչապետը` միգուցե 14100 դրա՞մ. այսպես բոլոր դեպքերում է:


Հ.Գ. Մեծարգո նախագահ, խնդրում ենք չափելի արդյունքների չափերը անձամբ Դուք սահմանեք, թե չէ որ Տիգրան Սարգսյանին մնա, էլի հին օրերի երգն է լինելու:

maxinfo.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել