ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՈՐՈՇ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՅՈՒՐՈՎԻ ԸՆԿԱԼՄԱՆ ԴԱՍԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ ԸՆԿԱԼՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐՆ ԷԼ ԵՂԱՆ ՏԱՐԲԵՐ։ ՈՐՈՇ «ԱԶԱՏԱՄԻՏՆԵՐ», ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԱԶԱՏԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԴՐԱ ԿՐՈՂԸ, ԱՌԱՆՑ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ, ՈՐ ԻՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՈՒՆԻ ՆԱԵՎ ԴԻՄԱՑԻՆԸ, ՍԱԿԱՅՆ ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ ՈՒՐԻՇԻ ԿԱՐԾԻՔԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾԻՐԻՑ ՆԵՐՍ ՉՏԵՍՆԵԼՈՎ, ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՆԽՆԱ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՅՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ԿԱՐԾԻՔԻ ՀԵՏ ՀԱՄԱՀՈՒՉ ՉԵՆ։ ՑԱՎՈՔ, ԱՅՍՊԵՍ ԵՆ ԸՆԿԱԼՈՒՄ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ» ՄԵԾ ՄԱՍԸ …, ՈՐՈՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՔԵԶ ՄԻԱՅՆ ԴԱՍ ՏԱԼՈՒ, ՍԱԿԱՅՆ ԴԱՍ ՉԱՌՆԵԼՈՒ…
Քանի որ ամեն տեսակետ ունի նաև իր հակակարծիքը, ներկայացնում եմ դրանցից մեկը, որի շարադրանքը, լինելով տրամաբանական և համոզեցուցիչ, խորհեցի ներկայացնեմ իմ ֆեյսբուքյան ընկերների դատին… Հուսով եմ՝ կլինեն տրամաբանված քննարկումներ, ուր ոչ թե կիրքը կլինի առաջնորդողը կարծիք հայտնելու, այլ՝ տրամաբանությունն ու արթուն քննադատությունը, առանց սանձարձակության… Շնորհակալություն։
ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Ես չգիտեմ՝ պաշտոնական Երևանի իրավասուներն ինչպես կարձագանքեն պարոն Հեֆերնի խոսքերին, նշեմ, սակայն, որ «ավանդույթների պահպանումը մի կողմ թողնելու» մասին նրա տեսակետը հիմնովին անընդունելի է և չի համապատասխանում դիվանագիտական էթիկայի կանոններին ու, թերևս, կիրառելի է հենց ԱՄՆ-ում: Ի պատասխան «Եկեղեցի-Պետություն փոխհարաբերությունների մոդելները. Ժամանակակից միտումները» միջազգային գիտաժողովում հնչած տեսակետներին՝ մեջբերում եմ ֆեյսբուքյան իմ էջի գրառումներից.
ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՈՂԻ ՆԵՐՔՈ
Գլոբալիզացիայի և նեոգաղութատիրության այս ժամանակաշրջանում ժողովրդավարությունը «սեփականաշնորհած», ժողովրդավարությունից հոխորտացող, իրականում, սակայն, երկակի չափանիշներով առաջնորդվող Արևմուտքի ձեռքում մարդու իրավունքներն ու ազատությունները դարձել են յուրօրինակ զենք, միջոց` համապատասխան պետության վրա թաթը դնելով՝ նրա ներքին գործերին միջամտելու համար: Այդպիսի իրավունքներից է նաև կրոնի ազատության իրավունքը, որի իբր պաշտպանության քողի ներքո արևմտյան մի շարք երկրներ ու միջազգային կազմակերպություններ իրականում վարում են աղանդաստեղծման քաղաքականություն: Այդ առումով աղանդավորությունը կամ դրա առանձին տեսակները կարելի է բնորոշել որպես Արևմուտքի հատուկ, հետախուզական ծառայությունների կրոնականացված ներկայությունը որևէ երկրում, այդ թվում՝ Հայաստանում: Մեր երկրում «դիվանագիտական այդ ներկայացուցչությունն» ապահովում և «վսեմ առաքելությունն» իրականացնում են օտար ուժերի կողմից ակտիվորեն ֆինանսավորվող, հովանավորվող հատկապես տոտալիտար (ամբողջատիրական) աղանդները: Այդ ուժերի միջանկյալ նպատակը ժողովրդին Մայր եկեղեցուց կտրելն է, վերջնական նպատակը՝ ժողովրդին աղանդավորական տարբեր խմբավորումների մասնատելով, այդ խմբավորումների ու հասարակության միջև ատելություն սերմանելով՝ անմիաբան հասարակության ստեղծումը, և պետության ներքին գործերին տարաբնույթ շարժառիթներով ու նպատակներով միջամտելն ապահովված է: Բոլոր աղանդների, հատկապես՝ տոտալիտար, գործունեության ընդհանուր մեթոդը ոչ միայն կամ ոչ այնքան կրոնական, որքան անթույլատրելի հոգեբանական, տեխնիկական կամ այլ միջոցներով մարդկանց մոլորեցնելն է՝ օգտագործելով հոգևոր-բարոյական արժեքների անկման, հասարակական հարաբերությունների նյութականացման, անբարոյականացման, քրեականացման, համատարած կոռուպցիայի ու անարդարությունների իրադրությունը, դրանց պատճառով պետության, օրենքի ու այլ արժեքների նկատմամբ մարդկանց ունեցած բացասական, հիասթափական վերաբերմունքը, հասարակության մեծ մասի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, որոշ մասի կրոնական գիտակցության ցածր մակարդակը, մեջտեղ բերելով աղանդավորական՝ մտացածին ու պարականոն «սուրբ գրքերը», մերկապարանոց գաղափարախոսությունը՝ հաճախ դրանք զուգակցելով ճշմատիտ, կանոնիկ սուրբգրային որոշ դրույթներով, և, անշուշտ, զրպարտելով ու քարկոծելով մեր ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Ակնհայտ է, որ նման իրավիճակում հայտնված ու բանից անտեղյակ քաղաքացին երաշխավորված զոհ է աղանդների ծուղակն ընկնելու համար:
Աղանդները, աստիճանաբար, բայց հաստատուն կերպով պառակտելով հասարակությունը, անմիջական-իրական սպառնալիք են մեր ազգային ու պետական անվտանգության համար: Այդ առումով կրոնի ոլորտում, հատկապես՝ աղանդավորության մասով, պետական քաղաքականությունն իսպառ բացակայում է, լավագույն դեպքում էապես անարդյունավետ է. գլխավոր պատճառը օրենքի՝ ըստ էության բացակայությունն է (գործող օրենքը բազմաբնույթ, բազմաթիվ իրավական բացերի ու հակասությունների պատճառով չեղածի հաշիվ է) և համապատասխան պետական մարմինների իրավասության սահմանափակվածությունը: Դրան զուգահեռ աղանդավորության միջոցով ակամա իրագործում ենք գլոբալիզացիայի սկզբունքներից մեկը՝ ազգայինի ոչնչացումը մեր երկրում, ինչի մեղավորը ոչ թե Եկեղեցին է, ոչ այնքան՝ աղանդավորները, որքան՝ պետությունն իր անտարբերությամբ:
Առկա հիմնախնդիրները լուծելու համար, նախ, անհրաժեշտ է ընդունել նոր օրենք՝ ամրագրելով անհրաժեշտ սահմանափակումներ: Սին ու ոչ լիարժեք են պնդումներն առ այն, թե այդ դեպքում կարժանանանք Արևմուտքի քննադատությանը. նախ՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, այլ ոչ թե Արևմուտքի կցորդը: Բացի այդ՝ օրենքներ ընդունելիս, միջազգային պայմանագրեր կնքելիս միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը նկատի ունենալուն զուգահեռ նախ և առաջ անհրաժեշտ է հաշվի առնել մեր երկրում առկա հիմնախնդիրները, դրանց տեղական, բնորոշ առանձնահատկությունները, հասարակական կյանքում դրանց առաջացրած կամ հնարավոր հետևանքները, դրանց լուծման՝ իրավիճակից բխող նախընտրելի ձևերն ու միջոցները և ամենակարևորը՝ մեր ազգային ու պետական շահերը, այլ ոչ թե արևմտյան՝ լղոզված, ապազգային, գլոբալիզացիոն չափանիշները. հետաքրքիր է՝ մարդկանց զզվեցնելով «է՜ստի համեցեք»-ը, քահանայի «կոկորդ կրծելը», Եկեղեցուն, հոգևորականությանը լկտիաբար զրպարտելը կամ... այդ չափանիշների՞ց են. Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ աղանդների մեծամասնության գործունեությունը հակասահմանադրական ու անօրինական է. Կրոնի ազատության իրավունքի իրացման քողի ներքո աղանդները խախտում են հենց նույն՝ մարդու իրավունքներն ու ազատությունները, կատարում բազմաթիվ ու բազմաբնույթ իրավախախտումներ, ինչը կարող է հաստատել գրեթե յուրաքանչյուր ոք: Իսկ ո՞վ է պաշտպանելու աղանդավորությունից տուժածների ու խեղվածների իրավունքներն ու ազատությունները, ո՞վ է պաշտպանելու մեր՝ ոչ աղանդավորներիս իրավունքներն ու ազատությունները աղանդավորների ոտնձգություններից:
Յուրաքանչյուր ոք, անշուշտ, ունի կրոնի ազատության իրավունք, որի իրացումը, սակայն, պետք է հիմնված լինի օրենքի, մարդու սթափ գիտակցության ու ազատ կամքի, այլ ոչ թե աղանդավորների խաբեբայության կամ հանցավոր այլ գործունեության վրա:
ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենսդրությունը միանշանակորեն տալիս են անհրաժեշտ, բավարար հիմք օրենքով անհրաժեշտ սահմանափակումներ մտցնելու համար: Ուստիև, ՀՀ Ազգային ժողովը կարող է ու պարտավոր է դրսևորել ինքնիշխան պետության քաղաքական կամք և ընդունել նոր օրենք: Իսկ Արևմո՞ւտքը: Արևմուտքը, անշուշտ, կընդդիմանա նույնիսկ իդեալական օրենքի դեպքում, քանզի նրան ձեռնտու է դրսից կառավարվող աղանդների քայքայիչ-պառակտիչ գործունեությունը (բաժանիր, որ տիրես...), Արևմուտքը, իհարկե, կմտահոգվի իրավունքների ու ազատությունների սահմանափակումներով՝ «մոռանալով» ճանաչել և դատապարտել մարդկության դեմ իրագործված և ուղղված միջազգային ծանրագույն հանցագործությունը՝ Հայոց Ցեղասպանությունը, որով խախտվել ու խախտվում են մի ամբողջ ազգի՝ գրված ու չգրված բոլոր իրավունքներն ու ազատությունները:
Զարմանալ կարելի է՝ նման հանգամանքներում ինչպե՞ս կարող է ինքնիշխան պետությունն անսալ Արևմուտքի հորդորներին: Կարծում եմ՝ Արևմուտքի քննադատությանն արժանանալու մերկապարանոց «փաստարկը» ազգի և ազգայինի մասին իրականում չմտածող, պետական ինքնիշխանությունն արժեզրկող, թուլակամ ու կոռումպացված չինովնիկի խուսափողական պատասխան է. ո՛չ ավելին:
Այսպիսով, մեզ պետք չեն այնպիսի իրավունքներ ու ազատություններ կամ դրանց իրացման այնպիսի կարգ, որն ուղիղ ճանապարհով տանում է դեպի մեր ազգային ինքնության ռչնչացմանը, ազգային ու պետական անվտանգության թուլացմանը:
Ընդ որում, անհրաժեշտ է պայքարել ոչ թե աղանդավորների, այլ աղանդավորություն չարիքի դեմ, քանզի նրանք նույնպես մեր՝ թեկուզև մոլորյալ հայրենակիցներն են. իսկ ո՞վ է անմեղ ու անսխալական. ոչ ոք: Այլապես կիրականանա աղանդավորությունը հովանավորող կենտրոնների նպատակը՝ ազգային երկպառակտվածությունը: Նաև վաղուց ժամանակն է վերաձևակերպել «Իսկ ի՞նչ է արել կամ անում Եկեղեցին» աղանդավորական բնույթի ծեծված հարցը «Իսկ ի՞նչ ենք արել կամ անում մենք՝ յուրաքանչյուրս, եթե ոչ Եկեղեցու՝ որպես հոգևոր հաստատության, ապա, գոնե, մեր առաքելադավան ճշմարիտ հավատքի պահպանման, այսինքն՝ դարձյալ մեզ ու մեր Եկեղեցու համար» հարցով:
«Ի՞նչ է արել Եկեղեցին» հարցի պատասխանն առնվազն հետևյալն է. չլիներ Եկեղեցու ազգանվեր ու ազգապահպան առաքելությունը՝ հայ ազգը դեռևս 5-րդ դարից կլիներ առնվազն պարսկերեն խոսող ոչ քրիստոնյա, իսկ այսօր՝ պետականազուրկ:
«Իսկ ի՞նչ է անում Եկեղեցին» հարցի պատասխանն առնվազն այս է. Հայոց պետականության շուրջ վեցդարյա կորստի, խորհրդային աթեիզմի շուրջ յոթանասնամյա կապանքների պայմաններում իր ազգանվեր բացառիկ առաքելության համար հալածվելուց հետո, դեռ շունչ չքաշած, հայտնվելով գլոբալիզացիայի և ապազգայնացման արդի ժամանակաշրջանում, ինքնիշխան պետության անտարբերության ու քահանայի «կոկորդ կրծող» աղանդավորության պայմաններում դարձյալ շարունակում է իր սրբազան առաքելությունը:
Ի դեպ. վերջին շրջանում հատկապես, ակտիվացել են Եկեղեցուն, հոգևոր այրերին ուղղված կեղծ, անհիմն ու խեղաթյուրված բարբաջանքները: Մեծամասամբ աղանդավորներով ու, մեծն Գ. Նժդեհի բնորոշած, անմրցելի հայ տականքներով համալրված, լկտիաբար կեղծ ու դատարկ կոչեր անող որոշ բանսարկուների աղանդակերպ ոհմակներին զուգահեռ կարծես թե ի հայտ է եկել, այսպես կոչված, «գիտական աղանդ»՝ համալրված տարաբնույթ մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներով, որոնք ակնհայտորեն ինչ-ինչ ուժերի պատվեր կատարելով՝ «մասնագիտական» առումով «քննադատում», քարկոծում են Եկեղեցուն, մեր հոգևոր այրերին:
Վերջում կցանկանայի հավելել, որ Եկեղեցուն քննադատել-զրպարտելուց, աղանդավորության գիրկը գլորվելուց առաջ սթափվել-գիտակցել է պետք: Գիտակցել-չգնահատելը մեկ բառով կոչվում է ուրացում:
Աղանդավորություն չարիքի դեմ պայքարի տարբեր եղանակներ կան, բայց նախ՝ անհրաժեշտ է վերոնշյալ օրենքի ընդունումը, քանզի հիմնախնդրի իրավական կողմը կարևորներից է: Պայքարի բանաձևն էլ, կարծում եմ, մեր՝ յուրաքանչյուրիս (հասարակության), Եկեղեցու և պետության եռամիասնությունն է:
Աստված օգնական բոլորիս:
Հեղինակ՝
ԳԱԳԻԿ ԳՈՐԳԻՆՅԱՆ
ԱՄԵՆ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/247276715413181?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել