Էգոզիմ բառի հայերեն թարգմանությունը՝ եսասիրություն (այսինքն՝ սիրել սեփական ԵՍ-ը):
Ես կարծում եմ, որ ամեն հարցում եսասիրությունն է սկզբունքորեն գործում: Անգամ, երբ մենք ինչ-որ զոհողությունների ենք գնում, մեր անձը դժվարությունների, զրկանքների ենք ենթարկում հանուն մեկի (ծնող, սիրած անձնավորություն, հայրենիք, երեխա և այլն), դա նույնպես եսասիրության դրսևորում է: Չէ՞ որ դրանից մեր ԵՍ-ը բարոյական բավարարվածություն է ստանում` արդյունքին հասնելուց հետո: Իհարկե, եսասիրության տարբեր աստիճաններ ու դրսևորումներ կան, բայց, որ այն ուղեկցում ու առաջնորդում է մեզ մեր կյանքի յուրաքանչյուր քայլում, դա ակնհայտ է: Էգոիստը եսամոլն է, այլ ոչ թե եսասերը, որոնք հակադիր, տարբեր բևեռներում գտնվող բաներ են: Եսամոլը ունակ չէ սիրելու՝ ի տարբերություն գոյություն ունեցող կարծիքի, թե եսամոլը միայն իրեն է սիրում, իսկ ըստ էության դա սեր չէ, այլ վախի մի տեսակ, որի սարսափից անվերջ հոգում է միայն իր անձի մասին ու ամեն բանում իր շահը փնտրում: Եսասերն այդպիսին չէ, նա սիրում է իրեն (ինչը բնական է)՝ սիրելով նաև այլ մարդկանց: Եվ պատկերացրեք մի մարդու, որն իրեն չսիրի, ասել է թե չունենա հարգանք ինքն իր նկատմամբ, էլ ինչպե՞ս կարող է ուրիշ մեկը սիրի կամ հարգի նրան: Ուշադիր կարդացեք շատերիս սիրած տողերը. «Սիրիր մերձավորիդ՝ ինչպես ինքդ քեզ», այսինքն՝ արդարացի կլինի «ինչպես» բառի փոխարեն հավասարման «=» նշան դնել: Ստացվում է, որ եթե մի մարդ չի սիրում ու հարգում ինքն իրեն, նա չի կարողանա սիրել ու հարգել մերձավորին:
Եսամոլությունը բնական բան է մինչ մարդկային մակարդակում գտնվողների համար (բակտերիա, ապառ, բույս, կենդանի) քանզի դա օգնում է նրանց՝ պահպանելով իրենց գոյությունը, նաև զարգանալ ու առաջ շարժվել իրենց էվոլուցիոն սանդղակում և բացի այդ մինչ մարդկային մակարդակը գտնվողները, բոլորն էլ օժտված են, ի տարբերություն մարդու, ո՛չ թե անհատական գիտակցությամբ, այլ կոլեկտիվ, խմբակային, այդ տեսակին հատուկ միասնական գիտակցությամբ և նրանց մոտ եսամոլությունը դրսևորվում է ասես ոչ թե հենց իրենց համար (վերջնական իմաստում), այլ ամբողջ այդ տեսակի պահպանման ու զարգացման համար: Դա կարելի է արտահայտել հրացանակիրների կարգախոսով. «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»:
Մարդը, լինելով իր անցյալի կրողը, իր մեջ ունի այդ եսամոլությունը, քանի դեռ չի զարգացել մինչ այն մակարդակը, որ հասկանա, որ հիմա եսամոլությունը իրեն ոչ թե օգնում է, այլ ընդհակառակը՝ խանգարում ու դանդաղեցնում էվոլուցիոն սանդղակով իր առաջ գնալու հետագա փորձերը: Մարդկային փուլում նրան առաջ է տանում ո՛չ թե եսամոլությունը, այլ սերը՝ մերձավորի, ինչպես նաև իր հանդեպ: Այլ կերպ ասած՝ մարդ առաջ է շարժվում իր այս փուլում ոչ թե վերցնելով և ուրիշներին ճնշելով ու շահագործելով (ինչպես ցածր փուլերում է), այլ տալով, սիրելով ու ծառայելով դիմացինին, մերձավորին (այս պահին մեզ մոտ գտնվողին ու մեր օգնության կարիքը զգացողին):
Պլատոն. «Աշխատելով ուրիշների երջանկության համար՝ մենք գտնում ենք մեր սեփականը»:
Ուստի, մարդուն առաջ տանող ուժը Սերն է, մաքուր, իսկական ու անշահախնդիր Սերը, որ պետք է արտահայտվի, դրսևորվի մեր մտքերի, զգացմունքների ու գործողությունների տեսքով մեր մերձավորների հանդեպ՝ չմտածելով դրա հետ կապված ոչ մի սպասվելիք փոխադարձ հոգեկան կամ նյութական օգուտի մասին և, եթե կուզենաք նաև՝ ինքնազոհաբար՝ տալով, գործադրելով ջանք, էներգիա, ծախսելով սեփական կյանքիդ ժամերն ու օրերը մերձավորիդ համար, ցուցաբերելով անշահախնդիր Սեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/meline.yavryan/posts/451865848239159
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել