Իմ կողմից ամենօրյա սպառման ապրանքը՝ կաթնամթերքը, թանկացել է, ինչի կապակցությամբ իմ դժգոհությունն եմ արտահայտում հետևյալ կերպ՝ «թալա՞ն է, ի՞նչ է», այնուհետև հետաքննչական ջիղերս գործադրելով՝ հասկանում եմ, որ ամեն ինչ արվել է հետընտրական շրջանում երևանցիներին տված կաշառքը «հետ ստանալու» նպատակով:  
Այսինքն՝ երևանցին փորձեց ընտրակաշառքով դատարկել իշխանության լեցուն կուրծքը՝ մոռանալով, որ ընտրությունից հետո այդ նույն իշխանությունը «կթելու է հենց իրեն»:

Տրամաբանությունն ինձ հուշում է, որ երկու կողմերը պետք է որ գոհ լինեն, իսկ միակ տուժողը ես եմ. ընտրակաշառք չեմ վերցրել (մեղա՜յ, Աստված), բայց կաթնամթերքը սպառելու եմ թանկ գներով: 

Հ.Գ.: Փաստորեն համատեղ կթվորական գործունեությունից տուժում եմ միայն ես, իսկ ինձ էլ մնում է միայն հայհոյել երկու կողմին էլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել