Ցավով տեղեկացա, որ, ըստ «Լոս Անջելես թայմսի» մի հրապարակման՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի մայիսի 21-ին նշանակված ընտրություններում արդեն տեղ գտած ընտրակեղծիքների, սև PR-ի կեղտոտ դրսևորումների մի զգալի մասը կազմակերպվում և տեղի է ունենում մեր հայրենակիցների` հայերի ձեռքով:
Դժվար չէ հասկանալ, որ այս ամենի մեջ խառն են հենց վերջին շրջանում Հայաստանից գնացածները, ոչ թե Ամերիկայի հնաբնակ մեր հայրենակիցները: Մինչդեռ մեզանում, երբ խոսում են ահագնացող չափերի հասնող արտագաղթի մասին, հաճախ նշում են, որ հիմնական մասը գնում է ոչ թե վատ ապրելակերպի պատճառով, այլ հենց անարդարություններին չհաշտվելով, որ գնում են ազատ երկիր, որպեսզի կարողանան արդար ապրել ու ազատորեն արարել: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ համարվում է աշխարհի ամենաժողովրդավար երկիրը, և մեր երկրից այնտեղ մշտական բնակության մեկնածների զգալի մասը հենց այդպես էլ վարվում է, բայց չէ՞ որ նրանց կողքին քիչ չեն նաև այնպիսիները, ովքեր փորձում են իրենց այստեղի բարքերը ներդնել այդ ազատ երկրում: ԱՄՆ-ում հանցավոր խմբավորում բացահայտվեց, որը զենք էր վաճառում ահաբեկիչներին, ի դեպ, 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո: Այսինքն՝ իրենց մաշկի վրա զգալուց հետո ահաբեկչության բարբարոսական ողջ հետևանքը: Մեկ այլ խմբավորում հիվանդների փողերն էր կազմակերպված ձևով ուտում, իսկ այս մի խումբն էլ ընտրություններն է կեղծում, որպեսզի իրենք կամ իրենց մերձավորները գան իշխանության: Սա վկայում է, որ ոչ թե այստեղից գնացել են, քանի որ մեր երկրում «հաղթողինն է ամեն ինչ, իսկ պարտվողին ոչինչ» սկզբունքն է գործում, այլ ցանկանում էին, միջոցների առաջ կանգ չառնելով, իրենք հաղթող լինել, իսկ եթե չստացվեց, ուրեմն ցանկացած մեթոդով կփորձեն այլ երկրում դառնալ հաղթող: Այսինքն՝ ոչ թե չեն հաշտվում անարդարությունների հետ, այլ՝ սեփական պարտության: Այնպես որ, առանց այն էլ իշխանությունների մեղքը քիչ չէ արտագաղթի հարցում, ուստի այս կարգի երևույթներից եզրակացություն անելով կարողանանք անկեղծորեն խոստովանել, որ մեր երկիրը հաճախ լքում են նաև մեր մեջ արմատավորված «հայկական մաքսիմալիզմի» պատճառով: Եվ, որ անգամ ամենաազատ երկրում, որտեղ բոլորն են հանգիստ ապրում ու շատ-շատերին անգամ հետաքրքիր չէ, թե ով է իրենց ղեկավարը, քանի որ երկրիրը ղեկավարում են համակարգերն ու պետական կառավարման ինստիտուտները, իսկ անհատներից այլևս շատ քիչ բան է կախված, հատկապես, որ ընտրությունների արդյունքում ընտրվում է լավից լավը, անգամ այդ երկրներում մերոնք ցանկանում են ամեն գնով առաջինը լինել: Ստացվում է այնպես, որ, եթե Հայաստան պետությունը մեր ձեռքում չէ, ուրեմն սա օտարի պետություն է, գնանք մեր երկիրը որոնենք ու այնտեղ հաղթանակներ արձանագրենք: 
Սթափվել է պետք, պարոնա՛յք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել