
Այսօր ես և ընկերս գնացել էինք Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին տեսակցության: Մի փոքր զրուցեցինք նրանց հետ: Պատմեցին պատերազմից, իրենց անցած փառավոր ուղուց, որոնց անխոս վկան, իհարկե, նրանց կրծքանշաններն ու շքանշաններն են: Պատմեցին իրենց նախնիներից, որոնք գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ Վանից, Ալաշկերտից, Մուշից ու Սասունից: Քաջ են եղել մեր պապերը մեր լեռների պես, ինչպես և քաջ ու անվախ են այս ազատամարտիկները: Նրանցից մեկը, որի անունը ես այդպես էլ չիմացա, ցույց տվեց մի վզնոց, որին ագուցված էր մի փամփուշտ, որով նրան էր խոցել բիրտ թշնամին, սակայն նա ողջ էր մնացել և հիմա այն կրում է՝ որպես մի հերոս, ազատամարտիկ, անսահման հայրենասեր ու հայրենանվեր հայկազուն: Կրում է մինչև այսօր, բայց այսօրը նրա համար դարձել է չարքաշ, տաժանակիր ու հիասթափություններով լի մի օր, օրերի հավաքածու՝ մեկը մյուսին անփոփոխ հաջորդող: Եվ ինչու՞ է այս մարդը բողոքում, ի՞նչ է ուզում այս մարդը: Իհարկե ոչինչ, ուղղակի մի փոքր խնամք, կարեկցանք, որը իհարկե նա վաստակել է, վաստակել է իր արյամբ, վաստակել է իր նվիրումով, և ի՞նչ է նա այսօր ստանում փոխարենը: Ընդամենը մի կենսաթոշակ կոչված, որը չի կարող նրան հատուցել, փոխհատուցել այն ամենի համար, ինչը նա մատուցել է իր հայրենիքին, սերունդներին, մատուցել է իր առողջությունը և այսօր չի կարող հանգիստ ապրել իր երկրում, իր հայրենիքում, որը ինքն է պահել: Ասում է.
-Ես գնացել եմ կամավոր: Ինձ ոչ ոք չի ստիպել: Ես գնացել եմ պաշտպանելու մեր սրբազան հայրենիքը, մեր կյանքը, օջախը, տուն ու տեղը: Բարեկամներիցս շատերը գնացին Մոսկվա ու հիմա շատ լավ են ապրում: Այն ժամանակ ես էլ կարող էի գնալ, բայց չգնացի, հիմա էլ կարող եմ գնալ, բայց չեմ գնալու, որովհետև սա է իմ հայրենիքը, այստեղ է իմ տունը, և եթե հարկ լինի, ես էլի կգնամ պատերազմի, էլի կպաշտպանեմ իմ հայրենիքը, իմ ժողովրդին:
Բայց ի՞նչ է տալիս իրեն այս երկիրը, այս իշխանությունները, այս ժողովուրդը: Ցավով պետք է նշեմ, որ անցորդներից քչերն էին մոտենում այս մարդկանց, թեկուզ հարցնելու նրանց որպիսությունը: Բայց չեն էլ հասկանում, որ իրենց կյանքով պարտական են այս մարդկանց: Բայց այս մարդիկ ձեզանից շատ բան չեն ուզում, իրենց վաստակածն են ուզում, արժանապատիվ կյանք են ուզում: Ես չգիտեմ, թե ինչով կավարտվի նրանց նստացույցը, բողոքը, ավելի ճիշտ կանխատեսում եմ. ոչնչով: Բայց գոնե ա՛զգ իմ հայոց, մի անտեսիր այս մարդկանց, հերոսներին, ֆիդայիներին, ազատամարտիկներին: Մոտեցիր և գոնե գեթ մեկ շնորհակալություն հայտնիր և ինչով կարող ես, աջակցիր: Դու պարտավո՛ր ես: