ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մայիսի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել առ այն, որ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց գնացող ավտոճանապարհին կայանված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի՝ բռնության հետքերով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է գլխի շրջանում ջնջխված վերքերով արական սեռի դի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով 26 տարեկան է՝ հաշվառված Գյումրիում, և որ ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է դին, գրանցված է տուժողի անունով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

ՔԿ-ից հայտնում են, որ քննության շահերից ելնելով պարզված հանգամանքների մասին այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն, իսկ արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել