Երևանի մետրոպոլիտենի նոր ձևավորման մասին շատ խոսվեց։ Ոմանք քննադատեցին անճաշակության համար, ոմանք էլ դրա մեջ հայկական տարրեր գտան ու լիովին համարժեք են համարում Երևանի 2800-ամյակի խորհրդին։
Պարզվում է, որ դրա վրայի եղջերուներն ինքնանպատակ չեն։ Դրանք հայտնի Պազիրիկ գորգից են վերցված։ Պազիրիկ գորգը մ.թ.ա. 5-րդ դարում ստեղծված ու լավ պահպանված ամենահին գորգն է։ Այն հայկական ծագում ունի։ Հայտնաբերվել է 1949թ. Սերգեյ Ռուդենկոյի կողմից սիբիրյան լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի դամբարաններից մեկում։ Արևելյան գորգերի մասնագետները ենթադրում են, որ գորգն ուրարտական վարպետների աշխատանք է: 

Չնայած որ գորգն իր գեղազարդման ոճով լիովին համապատասխանում է ասորաուրարտական և վաղ հայկական ավանդույթներին, տարբեր ուսումնասիրողներ տարբեր կերպ են ներկայացնում դրա ծագումնաբանությունը։

Այսպես՝ Ուլրիխ Շուրմանը, Ֆոլկմար Գանցհոռնը և այլք գտնում են, որ Պազիրիկ գորգը գործել են Վանի թագավորությունում, և որ այն պետք է վերագրել հայկական մշակույթին։ Ֆ. Գանցհոռնն այդ տեսակետը հիմնավորելու համար պատմահամեմատական ուսումնասիրության է ենթարկել փռյուգիական, ասորաբաբելական, վաղ հայկական կամ ուրարտական կիրառական գեղազարդման արվեստին վերաբերող սկզբնաղբյուրներն ու գորգի տեխնոլոգիական հատկանիշները, հատկապես գորգի՝ կրկնակի հանգույցով գործված լինելու փաստը։ Նա հաշվի է առել նաև Հայկական լեռնաշխարհում գորգագործական մշակույթի վաղ ավանդույթների մասին վկայող գորգի պատառիկների ու համապատասխան աշխատանքային գործիքների առկայությունը։

Պազիրիկ գորգի ծագումը Հայկական լեռնաշխարհի հետ կապելու հարցում վերը նշված հիմնավորումների հետ միասին կարևոր փաստ է նրա կարմիր ներկանյութում արարատյան դաշտի որդան կարմիրի առկայությունը, որը բացահայտել են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնագետները։ Այն ներկայումս պահվում է Էրմիտաժում։

Սա՝ թեթև էքսկուրս այն մասին, թե ինչ գործ ունեն եղջերուներն ու, ընդհանրապես, գորգատիպ նախշերը Երևանի մոտրոպոլիտենում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել