Տեսնես՝ Սորոսն էլ չլիներ, ու՞մ էին մեղադրելու բազմաթիվ պետությունների ղեկավարներ՝ սեփական երկրներում խորացող ճգնաժամերը հիմնավորելու համար:

Ամենաթարմ օրինակները՝ Հայաստանի հարևան Ադրբեջանում առկա տնտեսական խնդիրների համատեքստում այդ երկրի իշխանությունների քարոզչամեքենան բարձրաձայնում է Ջորջ Սորոսի կողմից Ադրբեջանում սադրանքներ նախապատրաստելու մասին:

Մեկ այլ հարևան երկրում՝ Թուրքիայում, Սորոսին ուղղված մեղադրանքներն ավելի լուրջ և կտրուկ աղբյուր ունեն՝ հանձին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով երկրում օրեցօր սրվող տնտեսական իրավիճակի և լիրայի արժեզրկման գործընթացում դիտարկում է արտաքին ուժերի միջամտության հանգամանքը:
«Թուրքերն Ալլահի հավատարիմ ծառաներն են, այլ ոչ թե Ջորջ Սորոսի: Քույրեր և եղբայրներ, ովքեր իրենց դոլարներն ու եվրոները բարձի տակ են պահում, ձեր խնայողությունները վերածեք լիրայի, միասին մենք կդիմադրենք սպեկուլյանտներին»,- մոտավորապես նման բովանդակությամբ աջակցության կոչով է դիմել Էրդողանն իր ընտրողներին:

Փաստորեն, 2018թ. սկզբից Թուրքիայի ազգային արժույթի՝ արդեն ավելի քան 20% արժեզրկման և 1 դոլարի նկատմամբ կրիտիկական՝ 5 լիրայի հասնելու իրողության հիմնական մեղավորը Թուրքիայի նախագահը համարում է ոչ թե իր գլխավորած վարչակարգի ձախողված քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այլ, ոչ ավել, ոչ պակաս, արտաքին ուժերին՝ ի դեմս հրեական ծագմամբ հունգարա-ամերիկացի բիզնես մագնատ Ջորջ Սորոսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել