Հին, կարծրացած, անկախության տարիներին որոշակի, բայց միգուցե ոչ անհրաժեշտ չափով բարեփոխված սոցիալական ու նաև քաղաքական ինստիտուտներում փոփոխությունների համար երեք գործոն է անհրաժեշտ.
- քաղաքական կամք,
- արտաքին ճնշումներ,
- համակարգում փոփոխության անհրաժեշտությամբ պայմանավորված ֆորմալ-ոչ ֆորմալ թիմերի առկայություն,
- բարեփոխման իրատեսական պատկերացումներ ու գործողությունների պլան:
Միաժամանակ բարեփոխումների գործընթացի այս պարագայում առկա են նաև ռիսկեր.
- Եթե համակարգի փոխակերպումը սկսվում է շոկային թերապիայով, այսինքն՝ միայն կադրային զտումներով, ապա համակարգը կազմակերպչական-բովանդակային և գործընթացային առումով միշտ չէ, որ պատրաստ է ադեկվատ արձագանքել. արդյունքը՝ դեզինտեգրում, անգործունակություն, կազմաքանդում: Մյուս կողմից՝ նոր ղեկավարության ու համակարգային աշխատողների միջև ձևավորվում է բաժանում, որն անխուսափելիորեն անդրադառնում է համակարգի գործառնման վրա:
- Եթե բարեփոխման գործընթացը, հաշվի առնելով այդ պահին առկա իրողությունները, սկսվում է ներքևից ցանցային լոգիկայով և իր մեջ ամփոփում է բարեփոխումների անհրաժեշտության փաստարկված մոտեցումներ, առկա քաղաքականության ոչ արդյունավետության փաստական հիմնավորումներ՝ միաժամանակ առաջարկելով իրավիճակի շտկման ռեալ լուծումներ, ապա առկա համակարգը դեզինտեգրման ռիսկի տակ չի հայտնվում: Համակարգը սովորաբար արձագանքում է, ու հիմնականում դա լինում է գործակցային ֆորմատը ուղղված խնդիրների լուծմանը:
Այս պարագայում բոլոր մակարդակների կադրային փոփոխությունները շատ կարևոր են, սակայն կիրառման այլ դիրքերից: Դրանք իրականացվում են բոլոր այն դեպքերում, երբ բարեփոխման գործընթացն ինչ-որ մակարդակում անձով պայմանավորված խոչընդոտի է հանդիպում: Մնացած դեպքերում այդ կադրերը կա՛մ ինքնակատարելագործվում են, կա՛մ ժամանակի ընթացքում անհրաժեշտ չափորոշիչներին չհամապատասխանելու պարագայում զտվում-գնում:
Այս տարբերակի դրական գծերից է նաև այն, որ համակարգի ամբողջականությունը չի ենթարկվում ցնցումների, չի դառնում անգործունակ, այլ, պահելով իր որոշակիությունը, ենթարկվում է բարեփոխումների: