Բազմիցս եմ ասել՝ կիլոմետրերով հեռու եմ դավադրությունների տեսություններից, բայց «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի առումով այնպիսի զգացողություն ունեմ, որ այդ գործը ինչ-որ անձի/անձանց մատուցմամբ է հայտնվել ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում ընդդեմ կա՛մ <գազավիկների> և կա՛մ նույնիսկ նոր իշխանության: Ասեմ, թե ինչու. այդ ընկերությունը ՊԵԿ-ի ղեկավարության կողմից ստեղծվեց անցյալ տարի, որպեսզի լայն սպառման ապրանքների ներկրումը Չինաստանից, Թուրքիայից և ԱՄԷ-ից հանվեր ստվերից: Իսկ սխեման այսպիսին էր. կարգո կոչված տրանսպորտային ընկերությունը այդ երկրներում մանր ու միջին առևտրականների կողմից գնված ապրանքները մաքսատներում ձևակերպում էր որպես իր կողմից գնված, այն էլ՝ կիլոգամներով, և բնականաբար վճարում էր ավելի պակաս գումար, քան կվճարեր առևտրականներից յուրաքանչյուրը, իսկ հետո ապրանքը իբրև թե վաճառում էր իսկական ապրանքատիրոջը: Դրանից շահում էր և՛ կարգոն, և՛ ապրանքատերը, կորցնում էր պետությունը պակաս հավաքագրված հարկի տեսքով: 2017-ի աշնանը շտապ տեմպով ստեղծվում է հենց Նորֆոլկը, որպեսզի իր վրա վերցնի ձևակերպումները, իսկ կարգոներին մնում էր միայն ապրանքի տեղափոխումը՝ ինչին սկզբնապես կոչված էին դրանք: Ինչու շտապ կարգով. որովհետև ընկերություն հիմնադրելիս ՊԵԿ-ը նույնիսկ չէր էլ կողմնորոշվում, թե այն ինչ կարգավիճակ պիտի ունենա՝ պետակա թե մասնավոր: Ինչևէ, այս ընկերության շնորհիվ ոնց որ թե իրադրությունը այդ ոլորտում նորմալացավ, և այն այլևս ուշադրություն չգրավեց: Բայց այս օրերում չգիտես ում մատուցմամբ և ինչու հանկարծ ԱԱԾ-ն հակակոռուպցիոն պայքարի անվան տակ առգրավում է այդ ընկերության փաստաթղթերը՝ էլեկտրոնային կրիչների տեսքով: Այս ամբող պատմությունից իմ միակ ցանկությունն այն է, որ այն նպաստի և ոչ թե խաթարի թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: