Armtimes.com-ը գրում է.

Երեկվանից տեղեկություններ կային, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ, առգրավել ընկերության համակարգիչները եւ փաստաթղթեր։

Նաեւ մամուլում գրվեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝  հարցաքննության են հրավիրվել ընկերության որոշ աշխատակիցներ։

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ, որտեղից հաստատեցին վերոնշյալ տեղեկությունները:

Ըստ մամուլի հրապարակումների ընկերության թիկունքում կանգնած է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:

Նշենք, որ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն զբաղվում էր ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցելով եւ մոնոպոլ դիրք էր զբաղեցնում: ՍՊԸ-ի տնօրենը Գազպրոմ-Արմենիայի նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է: ԱԱԾ-ն տեղեկություններ է ստացել, որ սույն ընկերությունը միլիոնավոր դոլարների չարաշահումներ է արել: Այն ստեղծվել է օֆշորային գոտում գրանցված Norfolk Projekt LP ընկերության կողմից:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ շուտով կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով, եւ այդ միջոցով պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։

Վանեցյանը նաեւ նշել էր, որ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել