ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Հարցի լրջությունը պահանջում է քննության առնվող բոլոր գործիչների ու նրանց գործողությունների նկատմամբ կիրառել անմեղության կանխավարկածի իրավական եւ բարոյական նորմը՝ առաջնորդվելով մեր աշխատանքում այդքան կարեւոր «մի վնասիր» քրիստոնեական սկզբունքով: Անդրադառնալիք նյութն առավելագույն նրբանկատություն է պահանջում նաեւ այն պատճառով, որ գործընթացի մեջ կամա թե ակամա ներգրավված գործիչները կարող են լինել իրավիճակային կառավարման ազդեցության ներքո՝ չունենալով կանխամտածված կամ դիտավորյալ երկիրն ու ժողովուրդը հարվածի տակ դնելու միտումը:

Եւ ի վերջո, սա այն դեպքն է, երբ մասնագետների համար կարեւորը հասարակության լայն շրջանակներին իրենց մտահոգությունը հասանելի դարձնելն է եւ իբրեւ արդյունք՝ իրադարձությունների զարգացումն առավելագույնս անվտանգ հունով ուղղելը: Ցանկացած գաղտնի բան վաղ թե ուշ հայտնի է դառնում, եւ ուստի, եթե ներկայացվող սցենարներում մեղավորներ կան, ապա հազիվ թե նրանք խուսափեն թե երկրային եւ թե երկնային պատասխանատվությունից:

ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՈՃՈՎ

 ՍՊԻՏԱԿՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԵՒ...

Արդեն տարիներով արմատավորված ավանդույթ է, որ Հայաստանում սպիտակներով խաղում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հազիվ թե որեւէ մեկն արձանագրած լինի գոնե մեկ, քիչ թե շատ լուրջ իրավիճակ, երբ գործող նախագահը նախաձեռնությունը հանձնել է մեկ այլ գործչի կամ քաղաքական ուժի: Սպիտակները միշտ սկսել են առաջինը եւ հաղթել՝ անգամ ամենաբարդ իրավիճակներում: Չգերագնահատելով եւ չնսեմացնելով Տեր-Պետրոսյանի ընդունակությունները, արձանագրենք սակայն, որ պետականության վերականգնման շրջանի քաղաքական ներկապնակում ներկայացված բոլոր գործիչները մի քանի քայլով ետ են մնացել նրանից, իսկ հաճախ պարզապես հանկարծակիի են բերվել, ինչպես դա տեղ ուներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման տեսահեռարձակման եւ բազմաթիվ այլ պարագաներում: Տվյալ դեպքում մենք միտումնավոր գնահատականներ չենք տալիս գործող նախագահի մեթոդաբանության քաղաքական կամ հատկապես բարոյական ասպեկտին, քանզի ներկայացվելիք նյութի տեսանկյունից կարեւորվում է սոսկ մերկ փաստը: Որ Տեր-Պետրոսյանն ընդունակ է հաղթական խաղ տանել նաեւ ցուգցվանգային իրավիճակում ՝ ներկայացվել է բազմիցս եւ բավարար ուշադրության չի արժանացել: Մինչ նրա քաղաքական հակառակորդներն ուժերի գերլարմամբ կարող էին ձգտել զուտ պատային վիճակի ստեղծմանը, հույսով, որ իշխող համակարգի ներսում շարժման բացակայությունն ինքնըստինքյան կհանգեցնի ճգնաժամի եւ փլուզման, Տեր-Պետրոսյանը մեկ քայլով խառնեց ողջ խաղատախտակը՝ գործողությունների ցայտնոտի մեջ դնելով ողջ հասարակությանը, որն, ինչպես միշտ, դրան նախապատրաստված չէր եւ որեւէ հակազդեցություն ցուցաբերելու առանձնակի ցանկություն էլ չուներ:

Սպիտակները սկսել են եւ գրեթե հարյուր տոկոս հավանականությամբ կրկին կհաղթեն, որովհետեւ իրադարձությունների զարգացման ցանկացած հանգուցալուծում ձեռնտու է գործող նախագահին, եւ նա արդեն շոշափելի շահաբաժիններ է ստացել հենց սկզբնախաղում: Փոթորիկը, որ բարձրացրեց ՏերևՊետրոսյանն իրավ մամռակալող ներքաղաքական ավազանում, առայժմ ալիք առ ալիք նոր ամրություն է հաղորդում նրա իշխանությանը՝ խարխուլ մակույկների վերածելով մնացյալ բոլորի հենարանները, թեկուզեւ շատ-շատերի տեսանկյունից տեղի է ունենում բեւեռորեն հակառակը: Եւ ըստ էության կարեւորն այն չէ, որ այս օպտիկական խաբկանքի հետեւանքով խոր մոլորություն է տիրում ներքաղաքական իրական վիճակի գնահատականներում, այլ այն, որ դա լրջորեն խարխլում է ազգային անվտանգության հենքը եւ հղի է ամենաանկանխատեսելի հետեւանքներով: Տեղի ունեցողի առաջին, անչափ կարեւոր արդյունքը՝ առաջիկայում նորմալ, ժողովրդավարական հիմքերով քաղաքական դաշտի վերականգնման կամ ձեւավորման բացառումն է եւ ավելին՝ վերջնական այլասերումը:

 

Ցավոք, Հայաստանում այսօր քչերն են անհրաժեշտ խորությամբ ընկալում «պատերազմի ջատագովի» խարանը կրելու կամ նրանից ձերբազատվելու խնդրի սկզբունքային նշանակությունը: Իսկ Տեր-Պետրոսյանը ողջ հայությանը հարվածի տակ դնելով (շարքային քաղաքացուց մինչեւ մտավորական եւ զինվոր) ՝ մաքրեց իր քաղաքական իմիջը «ռազմատենչ առաջնորդի» նախկին երանգներից (ձեռք բերված 94-ից հետո ՀՅԴ քաղաքական-գաղափարական դաշտում ժամանակավորապես հյուրընկալելու ընթացքում): Եւ ոչ միայն դա: Ստեղծելով համապատասխան իրավիճակ, նա բարոյական եւ քաղաքական ինքնաքավություն ապահովեց բոլոր նախորդ հակաժողովրդավարական քայլերի համար, քանզի ի ցույց դրեց թե՛ հանրապետության լայն զանգվածներին եւ թե՛ միջազգային հանրությանը, որ ժամանակակից աշխարհում արտաքին խնդիրների հանգուցալուծման ընդունված քաղաքակիրթ միջոցների եթե ոչ միակ, ապա անկասկած գրեթե մեկուսացված ջատագովն է երկրի ներսում եւ իհարկե խաղաղապաշտության դրոշակակիրը՝ գոնե կողմնակի հայացքի համար:

Ուզեք, թե չուզեք, բայց ստացվում է, որ Լեւոն ՏերևՊետրոսյանն էր տարիներ շարունակ մի կերպ զսպում վարից-վեր ագրեսիվության բացիլով վարակված հայ հասարակության արյունռուշտ բնազդները, այդ ընթացքում իհարկե ստիպված լինելով դիմել ծայրահեղ քայլերի, ինչպես ասենք ՀՅԴ կասեցումն էր, կամ 96-ի ընտրությունների «կարգավորումն» ըստ իր հայեցողության: Եւ եթե որեւէ մեկը մեղադրում էր կամ շարունակում է մեղադրել գործող նախագահին՝ ժամանակ առ ժամանակ բռունցքի կիրառման համար, ապա ներկայացել է հարմար առիթը համոզվելու, թե ինչի կարող են հասնել հայերը, եթե ասպարեզում չլինի հանրապետության ղեկավարի ուժեղ կամքը: Այնպես որ նախկինում տեղի ունեցածը պետք է դիտարկել ոչ թե իբրեւ հռչակված ժողովրդավարական նորմերի կոպիտ խախտում, այլ յուրօրինակ «դաստիարակչական» աշխատանք ազգայնամոլ ու ռազմատենչ հասարակության հետ: Իսկ այժմ ՝ մի կողմից պատերազմն ու ռազմական իրավիճակը փեշակ կամ, լավագույն դեպքում, պատվախնդրության հարց դարձրած ղարաբաղաևհայաստանյան զինվորականությունը, մյուս կողմից՝ իշխանատենչության մոլուցքով տառապող ընդդիմությունը, որ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ ցանկացած ուրիշ պատրվակով պատրաստ է գործարքի մեջ մտնել հրազեն կրող հայրենակիցների հետ՝ Տեր-Պետրոսյանին գահընկեց անելու համար: Դե իսկ ժողովուրդն ընդհանրապես քաղաքական գործոն չէ, քանզի ոչ վաղ անցյալի սեփական փորձով Տեր-Պետրոսյանը համոզվել է, որ նրա հնազանդեցման համար բավական է մի քանի տասնյակ զինված մարդու հաստատակամությունը:

Ստացվում է, որ գործող նախագահը պարզապես մենակ չէ եւ առավելագույնս մեկուսացված, այլ ավելին՝ ենթակա է բացահայտ ահաբեկչության ու շանտաժի սեփական զինվորականության, ղարաբաղյան ծագումով բարձրաստիճան պաշտոնյաների, ուժայինների եւ ընդհանրապես բոլոր նրանց կողմից, ով չի ուզում, որ նորանկախ Հայաստանն ընթանա զարգացման քաղաքակիրթ ճանապարհով եւ խաղաղություն հաստատի անմիջական հարեւանների հետ: Կարեւոր է նաեւ, որ տարաբնույթ այլափոխումներով այս տեսակետը ներկայացվում եւ պաշտպանվում է ամենատարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող զանգվածային լրատվության միջոցներով: Ավելին, արդեն տեղ են գտնում ինչ-ինչ համեմատություններ Անվար Սադաթի ու Յիցխակ Ռաբինի ճակատագրերի հետ... «Խաղաղության» Նոբելյան մրցանակակրի կերպարն ամբողջանում է, թեեւ հազիվ թե Տեր-Պետրոսյանին վերջիններիս քաղաքական կարիերայի տխուր հանգուցալուծումն է սպասում, եւ որ առավել կարեւոր է, ծածանվող խաղաղապաշտության այս դրոշի վրա պատերազմի անխուսափելիության կնիքն է դաջված: Պատերազմ, որ միջազգային հանրությանն է մատուցվելու իբրեւ հայ հասարակության բոլոր խավերի հավաքական մարտահրավեր գործող նախագահին, քաղաքակրթությանը, խաղաղասիրության եւ մարդասիրության վեհ իդեալներին: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական հեղաշրջում ՝ համայն աշխարհին ժողովուրդների ընտանիքի անդամներից մեկի հոգեբարոյական կերպի այլասերված մատուցմամբ, երբ ազատ ապրելու բնական իրավունքի պաշտպանության ձգտումը նենգափոխված է կասեցման չենթարկվող «պատերազմատենչության» ինչ-որ անհաղթահարելի բնազդների դրսեւորման:

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԻՑ

Եթե փորձենք հավատալ, որ գործող նախագահ Տեր-Պետրոսյանը թեկուզեւ ուշացումով, բայց ըմբռնել է իր եւ իր վարչակարգի կողմից տարիներով իրականացվող քաղաքականության անհեռանկարայնությունն ու կործանարարությունը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ ողջ հայության համար, ապա ինչո՞ւ տվյալ դեպքում նրա մոտ չի արտահայտվում գործողությունների ճշգրիտ հաշվարկի եւ դրանց իրականացման այն տաղանդը, որն ակնհայտ եւ անվրեպ էր հակառակի պարագայում, յոթ տարի շարունակ: Ինչո՞ւ նա չի սկսում անկախության ժամանակաշրջանում ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ոլորտներում ավգյան ախոռների մաքրումից: Իբրեւ արեւելագետ եւ քիչ թե շատ հմտացած քաղաքական գործիչ՝ նա պետք է որ քաջ գիտակցի, որ մեր օրերում արտաքին քաղաքական ցանկացած խնդիր, առավել եւս՝ ազգային ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքի հիմնահարց, հնարավոր է հանգուցալուծել միայն եւ միայն հանրապետության ներսում եւ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության ամրագրման, սոցիալական բռնադատության վերացման ու հասարակական կյանքի բնականոնության հաստատման դեպքում: Փոխարենը քաղաքագիտության առումով չհիմնավորված, քաղաքականապես մակերեսային, հասարակական ընկալման տեսանկյունից չնախապատրաստված խաղաղապաշտության հանկարծահաս հռչակում, որի արձագանքը դժվար չէր հաշվարկել:
 

Իսկ միգուցե Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, առաջնորդվում է ազգանվեր իդեալներով, եւ առաջ բերելով նախակոպենհագենյան այս աղմուկը՝ նպատակ ունի ցույց տալու միջազգային հանրությանը, որ ստեղծված իրավիճակում հանրապետության ղեկավարությունը ոչ մի կերպ սկզբունքային զիջումների գնալ չի կարող: Միգուցե: Մենք միշտ պնդել ենք, որ ուժեղ ընդդիմության առկայությունը Լեռնային Ղարաբաղի շահերի պաշտպանության՝ Հայաստանի ղեկավարության ամենաազդեցիկ գործոնն է, բայց այդ դեպքում արդեն ամիսներ առաջ պետք է վերականգնված լիներ ՀՅԴ գործունեությունը, պետք է դադարեցված լիներ գոնե «30+1»-ի գործը, պետք է անցկացված լինեին խորհրդարանական ազատ ընտրություններ եւ ձեռնարկվեին բազմաթիվ այլ քայլեր, որ չեն արվել: Փոխարենը խաղաղության հաստատմանը վտանգի առաջամարտիկ է ներկայացվում հայ զինվորականությունը, իսկ դա միջազգային հանրության շրջանակներում սովորաբար ոչ թե քաղաքական կոմպրոմիսների, այլ պատժամիջոցների կիրառման տրամադրություններ է ծնում, քանզի այդպիսին է դարիս աշխարհքաղաքական տրամաբանությունը:

Հայ հասարակությունը շատ հանգիստ կընդուներ կոպենհագենյան «անխուսափելի ձեւակերպումները», եթե միայն յուրաքանչյուրի համար ակնհայտ դառնար, որ թե պետականությունը, թե Արցախի արդար դատի պաշտպանությունն ընդամենն առանձին մարդկանց իշխանատենչության հագուրդն ապահովելու քողարկման միջոցը չէ: Բայց հենց այս համոզվածությունն է, որ բացակայում է զանգվածների շրջանում, որոնք, ի փառս իրենց, Կոպենհագենից ողբերգություն չեն սարքում եւ, չնայած առանձին ուժերի կողմից գործի դրված հրահրիչ միջոցներին, չեն ողողում փողոցները «Կորչի՛ նախագահը» (որը նաեւ խաղաղապաշտ է) կարգախոսներով: Հայ ժողովրդի թեկուզեւ ենթագիտակցական իմաստությունն ու զսպվածությունն էր, որ հաշվարկված չէր այն սցենարում, որը մենք առայժմ պայմանականորեն կոչում ենք «հեղաշրջում տեր-պետրոսյանական ոճով»: Ցավոք, չնայած բոլոր նախազգուշացումներին, «բելգրադյան գարունն» այնուամենայնիվ ներարկվեց աշնանային - ձմեռային Երեւան, բայց այն դեռեւս այնչափ անդառնալի բնույթ չի կրում, որպեսզի նրան հաջորդեն սերբական Կրայինայի ու Սերբսկայայի բնակչությանը վրա հասած ողբերգությունները:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ.

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախ, ամենաանկեղծ նախազգուշացումը բոլոր նրանց, ովքեր կարող են կասկածել, թե հայ հասարակությունն ընդհանրապես, մտավորականությունը, քաղաքական գործիչները եւ զինվորականները՝ առանձին-առանձին վերցրած, այնքան խոհեմություն չունեն, որպեսզի երբեւէ հրաժարվեն հանրապետության պաշտոնական առաջնորդի առաջարկած խաղաղապաշտության ուղղուց՝ իրենց լիակատար իրավունք վերապահելով վիճարկել մեթոդաբանությունը, որով փորձ է արվում ի կատար ածել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման համազգային երազը: Հայաստանում չեն եղել եւ չկան ո՛չ կրոնական արմատականներ եւ ո՛չ էլ ազգայնականությամբ կուրացած մոլեռանդներ, ուստիեւ Լեւոն ՏերևՊետրոսյանի նկատմամբ ցանկացած ահաբեկչություն դիտարկվելու է միայնեւմիայն իբրեւ արտաքին ուժերի ձեռնարկում ՝ ուղղված հայ ժողովրդի բարոյական կերպարի սեւացմանն ու նրա իրական նկրտումների խեղաթյուրմանը միջազգային հանրության աչքում:

Երկրորդ, Հայաստանի ժողովուրդը, քաղաքագիտական միտքն ու զինվորականությունը քաջ տեղեկացված են «Համագործակցություն հանուն խաղաղության» Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում իրականցված զորավարժություններին, ուր ամիսներ շարունակ մշակվում էր «առանձին վերցրած մեկ երկրում ժողովրդավարական իշխանությունների դեմ կազմակերպված ռազմական խռովության եւ քաոսային վիճակի ստեղծման կանխարգելման նպատակով» միջազգային միջամտության իրականացման ծրագիրը, եւ հաստատակամ են, որ այդ երկրի դերում Հայաստանը չէ, որ երբեւիցե կդիտարկվի:

Երրորդ, Հայաստանում չկա որեւէ քաղաքական, հասարակական խմբավորում, որն իր վրա կվերցնի 21-րդ դարի նախաշեմին վերականգնված պետականությունը ռազմաքաղաքական քաոսի մեջ ներքաշելու պատասխանատվությունը, անգամ գործող նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին համազգային մոտեցումները միջազգային ատյաններին ոչ պատշաճ մատուցելու պատճառով:

Չորրորդ, ձեւավորվող իրավիճակն ավելի շատ վտանգ է ներկայացնում գործող նախագահի քաղաքականության որոշ ասպեկտներին հակառակվող քաղաքացիական եւ ռազմական ներկա գործիչների, ՀՀ Սահմանադրությամբ՝ գործադիր իշխանության ղեկավար եւ զինված ուժերի գերագույն հրամանատար, հենց իր՝ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունն իրականացնելու կոչված արտաքին գերատեսչական մարմնի, քան թե բուն գործող նախագահի համար: Հակառակորդների նկատմամբ անխնա եւ կտրուկ գործելակերպը, ինչպես նաեւ յուրայիններին անհրաժեշտ պահին զոհաբերելու ընդունակությունը, անձնական անվտանգությունն ու իշխանությունը պահպանելու՝ ցանկացած քաղաքական գործչի ամենակայուն երաշխիքներն են:

ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԸՍՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

«ԵԿՄ + Վազգեն Սարգսյան» դատավարության ժամանակակիցը լինելու ոչ մի ցանկություն չունեմ: Հագեցած եմ: Պետականությունը սեղմած գուլագների համար չէ, որ ձեռք է բերվել: Ներկա դրությամբ հանրապետության ամենաուժայինի անպաշտպանվածության աստիճանը սարսուռ է առաջացնում: Եթե նրան այդչափ չեն սիրում մտերիմները, եւ չի ծառայում նրա կողմից ղեկավարվող համակարգը, ապա ինչո՞ւմն է ազգային անվտանգության ապահովությունը, իմ, ձեր, բոլորիս: Եւ իբրեւ գրող, եւ իբրեւ միստիկ, եւ իբրեւ պաշտպանության նախարար կարող ենք նրան սիրել կամ չսիրել, ընդունել կամ չընդունել, բայց իբրեւ անհատ, որն այսօր ի զորու է տնօրինելու Հայրենիքի ճակատագիրը...
 

Ես հստակ գիտակցում եմ ինչու, ինչպես եւ ինչ հեռահար նպատակով է իրականացվում խռովությունը խարդավանքային նրբանկատություններին անտեղյակ նախարարի նկատմամբ: Նույնիսկ կարող եմ բոլոր ասպեկտներով բացատրել իր իսկ կործանմանը նրա մասնակցության ինքնահրահրիչ հանգամանքները, բայց չեմ կարող ընդունել եւ չեմ ընդունի, որ հազարավոր մարդիկ պետք է զոհ գնան այս անձնավորված դավադրությանը: Եթե անգամ նրան դավաճանել է իր ինքնապաշտպանության ընկալումը, ապա մեր ինքնապաշտպանության բնազդը մեզ չի դավաճանում: Արդեն այսօր, 1997 թ. դեկտեմբերի 11-ին, մենք արձանագրում ենք, որ Վազգեն Սարգսյանի նկատմամբ քրեական մեղադրանքներից եւ ոչ մեկը չենք ընդունելու, առանձնապես «զենքի անօրինական կրում» ձեւակերպումը:

«Զոհ չեմ ուզում ես, այլ ողորմածություն» քրիստոնեական վեհ սկզբունքով առաջնորդվելով ՝ փորձենք հասկանալ հեղաշրջումն ըստ Վազգեն Սարգսյանի: Միանգամից շեշտենք, որ նախարարի ինքնազոհաբերման «խորհուրդը» տվյալ պարագայում չենք գնահատելու: Պատերազմում հաղթելու եւ պատմությունը տանուլ տալու խնդրում պարոն նախարարն արդեն իսկ անգնահատելի ծառայություն ունի: Մենք՝ պարզ քաղաքացիներս, իրավունք ունենք ակնկալելու, որ նույն ինքը՝ Վազգեն Սարգսյանը՝ մեր պաշտպանության նախարարը, Երկրապահ կամավորական միության նախագահը, արմատախիլ է անելու դավադրության պալարները՝ կասեցնելով ռազմաքաղաքական բռնապետության կերտման գործընթացը, որն ի վերջո հասցնելու է երկիրն աղետի, նրան՝ մեղադրյալի աթոռին, եթե ոչ Հայաստանում, ապա անպայման Հաագայում: «Ղարաբաղ կոմիտեի» իննսուն տոկոսն արդեն անվանարկված է, պիտակավորված, եւ ստացվում է, որ 88-ի համազգային երկունքը ղեկավարվում էր ինչ-որ դավաճանների, մոլագարների, թերզարգացածների կողմից, որոնց շարքը պետք է լրացնի զինվորական ուսադիրներ կրող գրողևբռնապետը: Դա անշուշտ չի լինի, որովհետեւ «կբացահայտեն», «կհայտնաբերեն», «կկասեցնեն»: Բայց դա հետո, երբ համայն աշխարհի առջեւ կհառնենք իբրեւ ֆաշիստական ռեժիմ, չարիքի խորհրդանիշ, որին ոչ միայն կարելի էր, այլեւ պետք էր պատժել: Եւ այն ժամանակ ոչ ոք չի հիշելու, որ ամեն ինչ սկսվեց «փաթեթա-փուլային կարգավորման» վերաբերյալ նախագահական մի բառախաղից, իսկ պաշտպանության նախարարը գուցեեւ բնազդաբար իբրեւ հակազդեցության միջոց ընտրեց ճակատայիններից նոր իշխող կուսակցություն ստեղծելը: Բայց մեր երկրապահները կարծես թե Ֆիլիպ Արաբի օտարածին լեգիոներները չեն, որ քամահրեն յուրաքանչյուր զենք չկրող հռոմեացու՝ «բանակը կազմված է մեզանից, եւ ուրեմն դուք պետք է ապրեք համաձայն մեր կամքի» դիրքերից:

«Հարայ-հարա՜յ, Ղարաբաղը ծախում են» ճիչը խիստ հիշեցնում է «բռնի՛ր գողին» հայտնի իրավիճակը, որ կազմակերպվում էր հենց գողի կողմից: Պաշտպանության նախարարը պատասխանատու զինվորական է, որ կրիտիկական պահերին իսկապես կարող է դիմել կտրուկ միջոցառումների՝ ավելի շատ տուրք տալով զգացմունքայնությանը, քան թե քաղաքական սթափ հաշվարկներին, թեեւ հենց վերջինս է պայմանավորում ազգային անվտանգության հենքը, նամանավանդ Լեռնային Ղարաբաղի խնդրում: Աղմկարարներից եւ ոչ ոք վաղը պատասխանատվություն չի կրելու այսօրինակ հիստերիայի բարձրացման պայմաններում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինվորականության կողմից հնարավոր ծայրահեղությունների դիմելու հետեւանքների համար: Թեեւ նրանք արդեն որոշ չափով հասել են իրենց նպատակին՝ դրդելով Վազգեն Սարգսյանին եւ ԵԿՄ անդամներին՝ կազմակերպության համագումարը վերածելու մի յուրօրինակ մաուզերիստական շքերթի, ուր  քաղաքական ոչ ճիշտ գործընթացների պարագայում ինչ-ինչ միջոցառումների կիրառման բացահայտ սպառնալիքներ էին հնչում: Սա գոնե արտաքին աշխարհի կողմից գրանցված (ինչը կշահարկվի, երբ անհրաժեշտ պահը գա) պետական հեղաշրջման փորձ է, պարոնայք, որի համար պատասխանատու են քաղաքագիտությունը հայաթային հայրենասիրության հետ խառնող ուժերը:

Հաջող կամ անհաջող, «հայանպաստ» կամ «ոչ հայանպաստ» մեկ-երկու փաստաթղթի հիման վրա չէ, այլ խիստ կոնկրետ, առկա իրողությունների եւ հնարավոր իրադարձությունների հետեւանքով, որ Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան (շեշտում եմ ՝ նաեւ Հայաստան) կարող են ներխուժել միջազգային «խաղաղարար» ուժերը, որոնք կիրականացնեն տարածաշրջանի մեծ մասի հայաթափությունը, կխլեն նոր տասնյակ հազարավոր հայ երիտասարդների կյանքը եւ անդառնալիորեն կզրկեն մեզ պատմական հայրենիքի եւս մի քանի հատվածից: Փատաթղթերով եւ փաստաթղթերի համար չէ, որ միջազգային օդուժը ռմբակոծելու է հայրենիքի տարածքը, ինքնապաշտպանության բանակի դիրքերը, այլ առարկայական փաստերի. որ հող եւ հաղթանակ ձեռք բերած Լեռնային Ղարաբաղում հաստատվել է խմբակային ֆեոդալական իշխանություն, որն անհամատեղելի է ազատ ապրելու կամքի անխախտ դրսեւորման հետ, ինչը պատրաստվում է պաշտպանել հայրենի դիվանագիտությունը, եւ որ անկախությունը վերականգնած Հայաստանը սոցիալական եւ իրավական դժոխք է ժողովրդի գերակշռող մեծամասնության համար: Մի՞թե սա քիչ է, որպեսզի ավելացնենք նաեւ զինվորականության բացահայտ դիկտատի ներքո ապրող հասարակության կերպարը:

Եթե իսկապես ուզում եք պաշտպանել Լեռնային Ղարաբաղը, խնդրեք Վազգեն Սարգսյանին եւ ԵԿՄ անդամներին համոզել հանրապետության գործող նախագահին՝ ժամ առաջ անդառնալի որոշում կայացնել քաղաքական աստառով քրեական պատասխանատվության ենթարկված բոլոր ազատազրկվածների արձակման վերաբերյալ: Ողողե՛ք Երեւանի ու Ստեփանակերտի փողոցները՝ խնդրե՛ք, պահանջե՛ք, պարտադրե՛ք ազգային իշխանիկներին մեկընդմիշտ վերջ դնելու անբարոյականության խրախճանքին, որի մեխը բոլոր ժամանակներում եղել եւ մնում է սոցիալական վանդալիզմը սեփական ժողովրդի նկատմամբ: Շրջափակե՛ք Համայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը եւ հորդորե՛ք նրան ի վերջո տերունական խոսք ասել երկու հայկական պետականությունների զորեղներին՝ դատապարտելով անկախացած ու ազատագրված Հայրենիքը պոռնկաբարո Բաբելոնի վերածման փաստը, որպեսզի ողջ աշխարհը համոզվի, որ զինանշանից, դրոշից ու քարտեզի գույնից զատ սրբության-սրբոց ունենք Տիրոջ Կտակարանը, եւ նրան ենք հավատարիմ ու նրան ենք ապավինում, այլ ոչ կույր սրին, որը բարձրացնողը վաղ թե ուշ դատապարտված է ընկնելու: Անե՛նք սա, եւ աշխարհը ծնկի կգա մեր առջեւ, հայրենիք ու ազատություն ունենալու անխախտ իրավունքը պարգեւելով եւ հայաստանցիներին, եւ ղարաբաղցիներին, բոլոր հայերին, քանզի բարի պտուղ տվող ծառը երբեք չի կտրվում եւ դեն չի նետվում:

Փոխարենը, որքան ավելի հեշտ է կռվել փաստաթուղթ-հողմաղացների դեմ, կեղծ հայրենապաշտության աղմուկի ներքո քողարկելով տարբեր աստիճանի իշխանավորների պատժիչ մեխանիզմներին զոհ դառնալու անասնական վախը: Եւ ինչպիսի փարիսեցիություն, թե ներքին ստրկությունը պահպանելով կարող ենք ազատության իրավունք պահանջել արտաքին աշխարհից: Զոհ չենք ուզում մենք, այլ ողորմածություն, հոխորտանք չէ պետք մեզ, այլ ներքին մաքրություն, եւ հայոց Դավիթն էլ կհաղթի այն ներքին Գողիաթին, որ այսքան ժամանակ խանգարել է մեզ արժան լինել Հայրենիքին ու Ազատությանը:

ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ

ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՔԱԾ ԱՐՔԱՅԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

 1996-ի սեպտեմբերի 25-ից հետո Հայաստան հրավիրված, պատեհապաշտական նպատակներով օգտագործված եւ անժամանակ վարչապետությունից օտարված Արմեն Սարգսյանի պարագան արդեն այն ժամանակ հուշում էր, իսկ այսօրվա դիրքերից հաստատում է մի պարզ քաղաքական հաշվարկ, որ 1997-ի սեպտեմբերին Երեւանում բարձրացվելիք «խաղաղապաշտության» ալիքի կիզակետում երկրորդ «քաղաքակիրթն» ու «չափավորականը» չպետք է լիներ, այն էլ վարչապետի պաշտոնում: Մնացյալները, որոնք, անկասկած, մեծավ մասամբ համոզմունքներով եւ նվիրվածությամբ այսօր հետեւում են նախագահական գծին՝ քաղաքական առումով վտանգավոր ֆիգուրներ չեն եւ, որ խիստ կարեւոր է, մեծ ժողովրդականություն չեն վայելում: Ժամանակին մենք տեղյակ պահեցինք հայ հասարակությանն այն մտահոգությունների մասին, որ անչափ բնականորեն բխում էին ԼՂՀ նախագահին ՀՀ վարչապետ պաշտոնափոխանակումից: Առայսօր էլ հասկանալի չէ, եւ պատմության մեջ իբրեւ աննախադեպ փաստ կարձանագրվի մի պատասխանատու որոշում, որ համեմատելի չէ անգամ Արծրունյաց արքաների՝ Կիլիկիա տեղափոխվելու ճակատագրական քայլի հետ:

Ինչեւիցե, «երկաթյա Ռոբերտի» հայտնվելը Հայաստանում շատ-շատերի մոտ նաեւ որոշակի հույսեր էր ծնում, եւ ես հիշում եմ ընթերցողներիս կշտամբանքները «ղարաբաղյան մահակ» արտահայտության օգտագործման առնչությամբ: Հետադարձ հայացք գցելով լիովին ըմբռնում ես, որ քաղաքացիներն իրավունք ունեին ակնկալելու, որ ղարաբաղյան ծանր իրականությանը ծանոթ վարչապետն այլեւս չի հանդուրժելու հանրապետությունում տիրող սոցիալական անարխիան: Այդքան քիչ, բայց այդքան մեծ սպասելիք մի մարդուց, որ գոնե ճակատագրի բերումով կոչված էր հավերժանալու իբրեւ զանգվածների շահերի անդուլ պաշտպան: Ի վերջո, երբեք եւ ոչ մեկի կողմից լուրջ չընդունված Հրանտ Բագրատյանից, խորհրդավոր ու խոստումնառատ Արմեն Սարգսյանից հետո հասարակությունն իրավունք ուներ հաստատուն եւ նպատակային ինչ-որ աշխատանք տանող վարչապետի ակնկալիք ունենալ: Բայց թերեւս հենց «երկաթյա Ռոբերտն» էր, որ վերջնականապես ցրեց պատրանքը, թե այս երկրում երբեւիցե կհաղթահարվի կլանայնությունը, թայֆայությունը, եւ ընդհանրապես, որեւէ մի պաշտոնյա ընդհանուրը վեր կդասի անձնականից: Ամենաարագ տեմպերով հաստատվեց «ղարաբաղյան մահակի» ձեւավորման թեզը: Մենք գիտակցաբար քննարկման չենք ենթարկում «Ռոբերտի մաֆիայի» առկայության խնդիրը, թողնելով դա հենց իր՝ վարչապետի եւ նրանց խղճին, ովքեր գուցեեւ անվանական շահարկման միջոցով ձեւավորել են նման արտահայտությունը:

1991 թվականից սկսյալ Հայաստանյան բազմաթիվ անհեթեթ գործիչների կողմից  հայ հասարակության մեջ ծագումնաբանական տարանջատման հոգեբանական սինդրոմի սերմանման փորձերը, որի դեմ բազմիցս հանդես է եկել տողերիս հեղինակը, հանկարծ իրականություն դարձան, բայց հակառակ կողմից: Եթե անգամ ընդունենք, որ վարչապետը տեղեկացված չէր նման երեւույթի առկայության մասին, ապա նրան պարտավոր էր նախազգուշացնել ԱԱՊՎ-ն եւ ի վերջո, նրա աշխատանքային թիմը: Դիտարկումները գալիս են ապացուցելու, որ բոլոր ակնհայտ տարբերություններով հանդերձ, ինչպեսեւ Պաշտպանության նախարարության պարագայում, վարչապետի անմիջական շրջապատն ու ծառայողական անձնակազմը եւս խստագույնս թերացել են իրենց պարտականություններում: Իսկ եթե դա պարզապես թերացում չէ, այլ նպատակային գործունեություն, ապա գուցեեւ մոլորության մեջ գցված վարչապետ + նույն վիճակում հայտնված ԱԱՊՎ ղեկավար + անվտանգության եւ իրավապահպան մարմիններում ստեղծված ծագումնաբանական եղբայրություն + ենթակա քարոզչամիջոցների լայն ցանց + Լեռնային Ղարաբաղի խնդրում կարծրության պաշտպանություն՝ հավասարվում է պետական հեղաշրջման փորձի:

Հուսով եմ ՝ հասկանալի է, որ հարցը կրկին վերաբերում է Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան՝ արտաքին ինտերվենցիայի սպառնալիքին, երբ հայ ժողովուրդը կանգնելու է սույն փաստի դե ֆակտո, իսկ հետո նաեւ դե յուրե արձանագրման առջեւ, ինչն ապագայում ոչ մի փաստաթղթով հնարավոր չի լինելու շտկել: Ավելին, դա կարող է տեղի ունենալ հայևադրբեջանական պատերազմի հերթական փուլից հետո, երբ հայերը որոշակի նահանջից կանցնեն հաջող հակահարձակման, իսկ հաջորդ քայլով արտաքին ներկայությունը կապահովի տխրահռչակ «Կոլցո» օպերացիայի իրականացումը շատ ավելի մեծ մասշտաբներով: Ամենեւին էլ պատահական չէ, որ վերջերս քաղաքականապես չհիմնավորված տեսակետներ են հնչում հայերի նկատմամբ սերբական տարբերակի կիրառման անհնարինության մասին: Եթե տողերիս հեղինակն արձանագրել է, որ քաղաքագիտական հարթություններից մեկում Մեծ Սերբիան իբրեւ բազմազգ տարածք ավելի շատ նույնանում է Ադրբեջանի հետ, ապա դա դեռ չի նշանակում, որ շահագրգիռ տերությունների կողմից կոնկրետ պարագայում, մեկ այլ հարթության կարեւորման դեպքում, հայերը չեն ենթարկվի Ռուսաստանի շահերի արտահայտման միավորներին հատուկ «զսպանակի օրենքի» ազդեցությանը, երբ նրանց էթնիկական տարածքը նեղացվում է մինչեւ վերջին հնարավոր սահմանը:

Ով-ով, բայց Ռոբերտ Քոչարյանը պետք է որ կասկած չառաջացնի Լեռնային Ղարաբաղի ճակատագրի նկատմամբ շահագրգռվածության հարցում, բայց գործող նախագահի քաղաքական գծի դեմ նրա կեցվածքն ամենահարմար առիթն է արտաքին ուժերի կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակն առավելագույնս շահարկելու համար: Իսկ ակամա դաշնակից ունենալով ՀՀ վարչապետին՝ դա միանգամայն հնարավոր է դառնում կյանքի կոչել: Քաղաքական իրատեսությունը ցանկացած պարագայում պետք է շատ ավելի բարձր դասվի, քան անհատական զգացմունքներն են եւ անգամ անձնական ճակատագիրը: Վարչապետը, ինչպեսեւ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում ապրելու մնացած ցանկացած մեկը, անկախ իր դիրքից, կամավոր ընտրություն է կատարել եւ ուստի նույնքան կամավոր է երրորդ ուժերի նախանշած գործողություններին մասնակցություն ունենալու կամ վեհանձն դրանք մերժելու իր ընտրության մեջ: Բայց թող ոչ մեկի մոտ կասկած չլինի այն հարցում, որ եթե այսօր պատասխանատու եւ իրավասու ուժերն ու գործիչները շարունակեն խաղալ օտարների կողմից «աննկատ» պարտադրվող կանոններով, ապա կկորցնենք այն վերջինը, ինչ ժառանգություն ենք ստացել նախնյաց լավ թե վատ ծառայությամբ: Վերջապես կամ ատամներս սեղմած ծառայում ենք քարտեզի վրա գրեթե աննշմար այս Մեծ Հայրենիքին, ինքնազոհաբերությունն ընդունելով իբրեւ բարձրագույն պարգեւ, եւ կամ հեռանում ենք «մի վնասիր» աստվածային խորհրդով ՝ գուցեեւ դարիս ամենաարժանավոր օրինակը մատուցելով սերունդներին:

 

ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԸՍՏ ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ

 

ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՆՀԱԳ ԾԱՐԱՎԸ

 

Ոչ, սա հիշողության տուրք չէ «գորշ կարդինալին»*, այլ նույնքան իրատեսական հայացք հեղաշրջման տարբերակներից մեկի նկատմամբ, որքան մնացյալներն էին: Շատերը կմտածեն, թե ի՞նչ կարիք կա տվյալ համատեքստում անդրադառնալ մի անձնավորության, որ եթե ոչ ամբողջովին, ապա հիմնականում կարծես թե հեռացել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ճակատագրերի որոշման քաղաքական դաշտից: Բայց հաշվի առնենք, որ նախ՝ պաշտոնապես նա շարունակում է մնալ նախագահական ծառայության մեջ, եւ երկրորդ՝ առայսօր էլ պարզ չէ, թե ում հետ է ամեն առավոտ հրատապ հարցերը քննարկում Լեւոն ՏերևՊետրոսյանը: Եթե հաշվի առնենք նրանց հնարավորությունները, ապա դժվար չէ հասկանալ, որ գործընթացը կարելի է շարունակել՝ անգամ գտնվելով տարբեր կիսագնդերում: Անչափ կարեւոր է նաեւ արձանագրել, որ երբ արտաքին հարաբերությունները տնօրինում էր խորհրդականների ինստիտուտը, ուր անկասկած ամենաերկարակյացը Լիպարիտյանն է, չգիտես ինչու միջազգային հանդիպումների նախօրյակին նմանաստիճան աղմուկ չէր բարձրացվում, ինչպես այժմ է, թեեւ ամենապարզ մոտեցմամբ ըմբռնելի է, որ այսօր մենք դեռ վճարում ենք նախորդ տարիներին խորհրդականների կատարած «աշխատանքի» համար:

 

Համաձայնեք, որ Ժիրայր Լիպարիտյանը շատ հանկարծակի հեռացավ ՝ թողնելով պաշտոնապես չհռչակված, բայց բոլորին հայտնի առասպելը, իսկ գուցեեւ իրողությունն այն մասին, որ նրա մեկնումը պայմանավորված էր ոչ այնքան անձնական խնդիրներով (որոնց հիշատակման համար մենք ներողություն ենք խնդրում), այլ տարբեր ուժայինների ճնշման ազդեցությամբ: Բայց ասացեք խնդրեմ, թե որ զինվորին, առավելեւս՝ զորահրամանատարին կհանդուրժվեր ռազմաճակատի լքումը նման պատասխանատու պահին, այն էլ մեծարումներով, ծառայողական կոչումի պահպանմամբ եւ համոզվածությամբ, որ ամեն ինչ շարունակվելու է... իսկ Լիպարիտյանին հանդուրժվեց: Իմիջիայլոց նշենք, որ մեր հայրենակից, խորհրդային պատասխանատու գործիչ Անաստաս Միկոյանը Կարաիբյան ճգնաժամի պատճառով ներկա չգտնվեց իր կնոջ հուղարկավորությանը, որովհետեւ պարտքը ծառայության նկատմամբ պարտավոր է գերազանցել անձնականին:

 

Ժիրայր Լիպարիտյանը պարզապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ընթացքին տեղեկացված մեկը չէ: Նա ինքնին ավելին է, քան նախագահի կողմից թվարկված գոնե չորսը, քանզի անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ ներքաղաքական գործընթացների ուղղորդմանը: Նրա հայեցավարքի բարոյահոգեբանական ասպեկտներին մենք արդեն բազմիցս անդրադարձել ենք, եւ շահագրգիռ անձիք ցանկության դեպքում կարող են ծանոթանալ դրանց: Շեշտենք միայն, որ անգամ արտաքին հարաբերություններում երկրի դիրքերն ակնհայտորեն թուլացնող, ՀՅԴ հայտնի անդամների նկատմամբ պատժամիջոցների կիրառման՝ հանրապետության նախագահի միչեւ վերջ «հետեւողականության» հարցում նախկին դաշնակցական եւ ուստի վրիժառու Լիպարիտյանի կամքն է ուրվագծվում: Բայց իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ դա չէ էականը, այլ նպատակադրված «հաստատումն» այն բանի, որ բացառությամբ Ժիրայր Լիպարիտյանի ոչ ոք չի կարող ապահովել «հաղթական» արտաքին քաղաքականությունը, հատկապես արհեստականորեն ձեւակերպվող կոպենհագենյան «ձախողումից» հետո: Այս ենթատեքստում բացատրելի է դառնում նաեւ 1994-ի դեկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանի ազգային անվտանգության կառույցը ղեկավարող Դավիթ Շահնազարյանի ցայտուն անհանդուրժողությունը ներկայիս ԱԳՆ-ի նկատմամբ, քանզի հենց ինքն է «Դրոյի» գործով անուղղելի վնաս հասցրել հանրապետության ներքաղաքական կերպին եւ ինքն էլ ՀՀ նախագահի Հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակով «զբաղվել» է ԼՂՀ կարգավորման խնդրով: Եւ եթե առանձին հատվածով չենք շոշափում «Հեղաշրջում ըստ Դավիթ Շահնազարյանի» թեման, ապա միայն այն պատճառով, որ հավատարիմ ենք մնում ազգակցական անմիջական կապերը քաղաքական քննարկման առարկա չդարձնելու՝ տարիների սկզբունքին:

 

Հայաստանի Հանրապետությունում ԱԳՆ-ն ավանդականորեն չեն սիրում: «Կոմիտեականների» եւ «նախագահամերձների» անհագուրդ ցանկությունը՝ տեր կանգնել արտաքին հարաբերությունների մենաշնորհին, միշտ անչափ ուժեղ է եղել: Հովհաննիսյան - Փափազյան - Արզումանյան երթուղու մեջ ցայտուն է արտաքին հարաբերություններում, ուր բնականաբար առանցքայինը Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրն է, ԱԳՆ-ը շրջանցելու եւ դրանք «խորհրդականների կառույցին» սեփականաշնորհելու ձգտումը: Տարիների աշխատանքի փորձով իրավունք ենք վերապահում փաստել, որ շահագրգիռ անձերի ինքնահաստատման ձգտումից զատ սա շահեկան խնդիր է եղել, նաեւ՝ շահութաբեր: Ի վերջո, «խորհրդականների կաստան» ոչ մի արդյունավետ հետազոտական կամ քաղաքագիտական կառույց չի ստեղծել, այլ պաշտոնաբաժանման համակարգ՝ կառուցված անձնական նվիրվածության վրա, ինչ պահպանվում է ցայսօր եւ ինչը որեւէ ընդհանրություն չունի «պետական կամ ազգային շահ» հասկացության հետ: Անկախության ժամանակաշրջանում առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել ԱԳՆ-ը կատարածուից վերածել աշխատող օրգանիզմի, բայց հասարակությանն արհեստավարժորեն մատուցվող «կոպենհագենյան աղետը» ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ Ժիրայր Լիպարիտյանի՝ երկիր տրիումֆալ վերադարձի համար: Եւ այս դեպքում ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, ինչը հավանաբար ոչ միայն գործող նախագահի եւ մեր երդվյալ հայրենակցի, այլեւ աղմկարար քաղաքական կազմակերպությունների ու անձանց բաղձանքն է: Սա այլեւս պարզ հեղաշրջում չէ, այլ հասարակական ստրկության վերականգնում, հենց վերջինիս պահանջով:

 

Զանգվածային անտրամաբանությունը հոգեբանական կատեգորիա է, անգամ հոգեբուժական: Պատմությունը բազմիցս արձանագրել է ինքնակործանման գնացող հասարակությունների մոլեռանդ նվիրվածությունը սույն գործընթացին: Անգամ դժվար է միանշանակ ձեւակերպել, թե ի վերջո ով է մեղավոր՝ անհա՞տը, որ տանում է հասարակությանը փորձության, թե՞ հասարակությունը, որ տառապում է փորձության տենդով: Ռուսները ժամանակին աղերսի երթ կազմակերպեցին՝ արյունարբու ցարին գահ վերադարձնելու համար, որի գինն արդեն չորս հարյուր տարի է վճարել եւ վճարում են միլիոնները: Դա Օրենքով պայմանավորված այն անվերահսկելի դաշտն է, ուր մարդկային կրքերի եւ սուր զգացողությունների բավարարման հրդեհում կարող է մոխրանալ ցանկացած սթափ միտք, ապագայի հաշվարկ: Եւս մեկ անգամ վերհիշենք բոլշեւիկներին տրված Ստոլիպինի մարգարեական ձեւակերպումը. «նրանք կարիք ունեն մեծ ցնցումների, մենք կարիք ունենք Մեծ Ռուսաստանի»:

 

10-16.12.97


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել