1991 թվականի հունվարի մեկին Տյումենում առաջին անգամ բեմ բարձրացան սև սմոկինգով, կարմիր գոտիներով ու թիթեռներով 6 երիտասարդ: Այնտեղ ներկա գտնվող և հեռուստացույցի էկրաններին գամված բոլոր հայերը շունչները պահած սպասում էին հրաշքի: 3 րոպեանոց ելույթից հետո դահլիճում ծափահարությունները չէին դադարում, բոլորն ապշած էին, զարմացած: Այն տարիներին չսափրված, ակցենտով ռուսերեն խոսող ու հասարակության մեջ ոչ պատշաճ դիրք գրավող կովկասցիների մասին կարծիք ձևավորած ռուս ազգը հիացած էր: Հետագա տարիների ընթացքում իրենց իսկ քաղաքներում լերմոնտովյան լեզվով պարտություն կրեցին հենց այդ կովկասցիներից՝ հայերից: Իսկ ի՞նչ էր կատարվում КВН-յան բեմում այդ տարիներին, երբ հնչում էր ԵՐԵՎԱՆ: Բեմ էին դուրս գալիս նրանք: Նրանց դեմքի վրա պարզորոշ դաջված էր ինտելեկտը, նրանք բեմադրեցին «Վարպետ և Մարգարիտա», նրանք առաջին անգամ ժյուրիի առաջ նմանակեցին հենց նրանց, նրանց հումորները երբեմն «պոշլի» էին, ինչը սարսափելի ծիծաղեցնում էր ժյուրիին ու հադիսատեսին ու զարմացնում մյուս թիմերին, ինչո՞ւ նրանց մոտ ամենը ստացվում է գեղեցիկ ու գրագետ, իսկ մեզ նման հումորներ անել չի թույլատրվում: Այսքան տարի հետո նայելով հին տեսանյութերը՝ էկրանի վրա պարզ երևում է նրանց դեմքից ծորածող խելքն ու գաղափարը: Այսքան տարի հետո բոլոր ոլորտներում նրանք են, միշտ առաջատար, միշտ հաղթող ու թիմ ասվածը գիտակցող, ու որ ամենակարևորն է՝ նրանք բոլորն էլ այսքան տարի հետո հոգով մնացել են КВН-շիկ …
Անցել է 2 տասնամյակ, ու դեռ բոլորի համար КВН-ի էտալոն «ЕрМИ»-ն է ու նրանց արժանի աշակերտներ «Новые Армяне»: Տարիների ընթացքում КВН-ի հայկական պատմության մեջ ստեղծվեցին էլի թիմեր, որոնք մաղվեցին, ու հիմա կարելի է ասել մնացել ենք ձեռնունայն: Ինչու՞: Այդ հարցին պատասխանելու համար խելք ու տրամաբանություն նույնիսկ պետք չէ: Նախ՝ ռուսերենի իմացությունը մղվել է հետին պլան, իսկ КВН-ը դառնում է КВН միայն ռուսերեն լեզվով, Լիգան անցկացվում է Ռուսաստանում, իսկական չեմպիոն են դառնում Ռուսաստանում, իսկ դրա համար լեզվի իմացությունը պարտադիր է: Ինտելեկտ: Հիմա եթե ուսանողներին ասեն «Վարպետ ու Մարգարիտա» բեմադրեք, մեծ մասի մոտ մի հարց կառաջանա՝ «էդ ի՞նչ ա»: Ու պատճառն այն է, որ երեխաներն ավելի շատ ժամանակ են գտնում զուգարանում նկարվելու համար, քան գիրք կարդալու, որ այնպիսի ռեսուրսները, ինչպիսին ինտերնետն է, օգտագործում են սխալ, ինֆորմացիա ստանալու, ֆիլմեր ու հաղորդումներ նայելու փոխարեն նախընտրում են իրենց զուգարանում արված նկարները ֆոտոշոփ անեն: Վերցրեք թատերական որևէ գիրք, ժանրերի մասին, ու կտեսնեք, որ դրամատիկական ժանրն ունի իր դրույթները, տրագեդիան ունի իր դրույթները և այլ, ու միայն հումորի՝ կատակերգական ժանրն է, որի մասին կարող ես անսահման խոսել ու ոչ մի դրույթ չես կարող սահմանել: КВН-ի ժյուրի պատահական չեն ընտրում, բոլորը կայացած, իրենց գործում պրոֆեսիոնալ ու ստեղծագործ մարդիկ են, ու նրանց ծիծաղեցնողը, հավատացեք, կհասնի ամեն բարձունքի, որովհետև խելացի մարդիկ ամեն հումորի վրա նույնիսկ ռեակցիա չեն տալիս, ուր մնաց՝ ծիծաղեն: Այն ժամանակ մեր առաջ օրինակ էին նրանք, իսկ հիմա՞: Չկա հումոր, բոլորը սպառվել են, ավելի շատ ծիծաղի առարկա են դառնում «հումորիստեր»-ի ստեղծած կերպարները, քան նրանց արած հումորը, ու դա դառնում է չափանիշ, որակյալ հումոր չեն հասկանում: Այն ժամանակ ԵրՄԻ-ի հումորներում հնչում էին այնպիսի ֆիլմերի անուններ, ինչպիսին են «Пролетая над гнездом кукушки», «Табор уходит в небо», հնչում էր Բաբաջանյան, սուսերով պար, նրանց փոխված երգերի բառերը լսելուց ամբողջ մարմինդ էր փշաքաղվում, որովհետև ամեն բառը ճիշտ ընտրված, ամեն տողի վրա աշխատած երգեր էին կատարում: Միգուցե պատճառն այն էր, որ զրկանքների գնով էին հասնում դրան, միգուցե ճիշտ է այն, որ արվեստը, գաղափարներն ու իդեաները ցավից ու անճարությունից են ծնվում, այն տարիներին մութ, ցուրտ, պատերազմ… Նայելով այս սերնդի հնարավորություններին՝ կուզենայի տեսնել չմոռացված հինը՝ գեղեցիկ հումորը, ինտելեկտով հումորը, մակարդակով հումորը: Հուսանք՝ ամեն ինչ չի կորել, ու մայիսի 8-ին կայացած ելույթը երիտասարդների համար խթան կհանդիսանա հավաքվելու, զարգանալու,ավելի լայն մտածելու ու գործելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել