
Երբևիցե եղե՞լ եք մի սրճարանում, բուֆետում կամ ռեստորանում, որտեղ հնչի ազգագրական-հայրենասիրական կամ ժողովրդական երգ-երաժշտություն: Դժվար թե: Բայց երեկ իմ և ընկերոջս խնդրանքով մեր համալսարանի սրճարաններից մեկում ողջ օրը հնչում էին հայրենասիրական երգեր: Ու զարմանալին այն էր, որ սրճարանի աշխատակիցները սկզբում չէին համաձայնվում միացնել՝ պատճառաբանելով, թե սրճարան է, անհարմար է, մարդիկ էլ չեն գա էստեղ, բայց ի զարմանս մեզ և ի հեճուկս իրենց, տեղի ունեցավ հակառակը: 2 րոպե հետո սրճարանը մարդաշատ էր, ու դա բոլորին անչափ դուր եկավ: Բոլորը մեծ սիրով նստած լսում էին, ոգեշնչվում, շատ լավ էր ամեն ինչ: Ես շատ եմ ուզում, որ բոլոր սրճարաններում կրկնվի այս նախադեպը, գոնե մեր ազգային տոների ժամանակ: Բոլոր այն մարդկանց, ովքեր տնօրինում են սրճարանների, կոչ եմ անում. մի վախեցեք, թե այդ երգերը միացնելով ձեր բիզնեսը կտուժի: Երեկվա նախադեպը ցույց տվեց, որ այն, ընդհակառակը, կօգնի ձեր բիզնեսին: Ես չեմ ասում՝ ամեն օր էդպիսի երգեր միացրեք, բայց պարբերաբար պետք է: Հավատացեք, դա ձեզ ոչ մի վնաս չի պատճառի, և դրանով նաև դուք կկատարեք ազգանպաստ գործ, և առաջին շնորհակալություն հայտնողը ես կլինեմ ձեզնից: