Երեկ կեսգիշերին Հ1-ով Նարեկացուն նվիրված ֆիլմ էին ցուցադրում։
Շատ բան չեմ կարող ասել ֆիլմից, քանի որ ամբողջությամբ չնայեցի։ Սակայն մի քանի դրվագ աչքիս միանգամից զարնեց՝ հայ կնոջ կերպարի նկարագրությունը։
Տարիներ ի վեր դաստիարակվել եմ հայ դասականների կերտած հայ կնոջ ու օրիորդի կերպարով։ Սկսած պատմավեպերից վերջացրած պոեզիայով՝ մեր դասական գրականության մեջ քիչ եմ հանդիպել մի դրվագի, որտեղ կնկարագրեր և ի ցույց կդրվեր հայ կնոջ կիրքն ու տրփանքը։ Հայ օրիորդը եղել է առաքինի, հպարտ, վեհ, զուսպ իր զգացմունքներում և գործողություններում՝ լիներ նա գեղջկուհի, թե իշխանուհի։ Երբեք մեր պատմիչներից և ոչ մեկը երբևէ չի գրել արքունի կանանց տրփածության մասին, և միշտ մեր արքունիքը համեմատել եմ եվրոպական արքունիքի հետ, ուր անբարոյականությունն ու լրբությունը դիտվում էր որպես սովորական մի երևույթ, առօրյա կենսակերպ։
Սակայն ֆիլմում այլ կերպ էր կերտվել 10-րդ դարի հայ կնոջ կերպարը։
Թագուհին իր նաժիշտին ուղարկում է վանք, որպեսզի հրամայի գրի առնել «Երգ Երգոցի» մեկնաբանությունը։ (Նաժիշտի կերպարը մարմնավորել էր Անժելա Սարգսյանը)։ Ներս է մտնում Գրիգորը, նաժիշտը՝ թույլ ժպիտը շուրթերին, մոտենում և համբուրում է Գրիգորի ձեռքը։ Վանահայրը համոզում է Գրիգորին, որ նա հանձն առնի այդ գործը, որոշ խոսակցությունից հետո նաժիշտը նորից մոտենում է Գրիգորի ձեռքը համբուրելու և նա այն աստիճան է տրփանքով համբուրում, որ Նարեկացին ձեռքը հետ է խլում և շփոթահար հեռանում խուցից։ Երբ հեռանում է, նաժիշտը լրբաբար ետևից արտաբերում է. « Ա՜խ, Ի՜նչ տղամարդ է»։ Այնուհետև լսվում է վանահոր սաստող խոսքը...
Ու՞ր մնացին մեր փափկասուն տիկնա՜յք ու օրիորդնե՜րը, ու՞ր մնաց մեր սուրբ Նարեկացի՜ն, մեր միջնադա՜րը...
հե՜յ 21-րդ դար, մի աղավաղիր մեր 10-րդ դարը։



