Քրիստոս Փրկչի տաճարի ոչնչացումը ոչ միայն բոլշևիկների հակակրոնական արշավն էր, այլև սեփական պատմության և ազգի վրա քաշված սև բծերից մեկը:
Հակաեկեղեցական արշավն իր մեջ ներառում էր հոգևոր արժեքների ֆիզիկական ոչնչացում, հակակրոնական քարոզչություն, եկեղեցական գույքի առգրավվում, վանքերի և եկեղեցիների փակում:
1928 թ․-ի հունիսին տեղի ունեցած ЦК ВКП(б)-ի Քարոզչության բաժնի նիստի ժամանակ սկիզբ դրվեց եկեղեցիների փակման արշավին: Կրոնի վրա կատարված հարձակումներն իրենց չափերով տպավորիչ էին․ 1928 թ․-ին փակվեց 534 եկեղեցի, 1929 թ․-ին դրանց թիվը հասավ 1119-ի: Իսկ 1931 թ․-ին հերթը հասավ Քրիստոս Փրկչի տաճարին: Այն պետք է քանդեին ու դրա տեղը Խորհուրդների պալատը կառուցեին:
Տաճարի քանդման որոշումը կայացրեց Խորհրդային միության առաջին մարդը՝ Ստալինը:
Եկեղեցական պարագաների, որմնանկարների ու հարթաքանդակների մի չնչին մասը հանձնեցին թանգարանին: Մնացածը՝ մոտ 22 հազար ք/մ տարածքով որմնանկարները և 22 մետր բարձրությամբ սրբապատկերների պատը որոշվեց ոչնչացնել տաճարի հետ միասին․․․
Որպեսզի արդարացնեն տաճարի քանդումն ու հանրային աջակցություն ստանային, իշխանությունները որոշեցին գործին ներգրավել «հեղինակավոր» արվեստագետների, ովքեր սկսեցին հոդվածներ գրել այն մասին, որ տաճարն իրենից մշակութային և գեղարվեստական արժեք չի ներկայացնում: Միակ նկարիչը, ով դեմ եղավ տաճարի քանդմանը, Ապոլինարի Վասնեցովն էր:
1931 թ․-ի օգոստոսի 18-ին սկսվեց Քրիստոս Փրկչի տաճարի ապամոնտաժումը: Տանիքի ու գմբեթների երեսպատման սալիկները հենց վերևից ցած էին նետում: Գմբեթի վրայից պոկված խաչն այդպես էլ գետին չընկավ և կախված մնաց ամրաններից: Այն տեսանելի էր Մոսկվայի ցանկացած անկյունից և խորհրդանշում էր նոր ժամանակների սկիզբը, բոլոր սրբերի անարգման սկիզբը:
Ձմռան սկզբին պարզ դարձավ, որ 103 մետր բարձությամբ և 3,2 մետր հաստությամբ պատերով մոնումենտալ կառույցը, որը կառուցվել էր դարերով կանգուն մնալու համար, քանդել հնարավոր չէ: Եվ այդ ժամանակ որոշեցին պայթեցնել տաճարը․․․